ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Վարդենիսի շուրջ երկու տասնյակ բնակիչներ դիմել էին «Ժողովուրդ» օրաթերթին՝ հայտնելով, որ իրենք «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղից ոսկու գրավի դիմաց վարկեր են վերցրել, ժամանակին մարել, սակայն երբ գնացել են ոսկին վերցնելու, պարզվել է, որ վճարումների դիմաց տրված բոլոր կտրոնները կեղծ են եղել: Բացի այդ, բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը սպառնացել է, թե եթե դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն, ուրեմն ընդհանրապես իրենց ոսկիները չեն ստանա. «Ումից ուզում եք, պահանջե՛ք: Չկա»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բանկի կողմից խաբված քաղաքացիները նաեւ պատմեցին, որ կեղծ կտրոն տվող աշխատակիցը՝ Օլգան, մոտ օրերս բանկ մտնելուն պես բնակիչների ներկայությամբ բարձրաձայն հայտարարել է, թե «փողերը մենակով չեմ կերել»: Մինչդեռ Արտյոմ Մկրտչյանը հակառակն է պնդում. «Բանկը ոչ մի խնդիր չունի: Քաղաքացիներն ինձանից գումար չեն պահանջում: Ես կառավարիչ եմ ու իմ գործով եմ զբաղվում: Ես ոչնչից էլ տեղյակ չեմ»: Սակայն նրան ոչ ոք չի հավատում:




Լրահոս