ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՀՋՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ՝ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) եւ Արագած Ախոյանն իրենց շրջապատում հայտարարել են, որ եթե սեպտեմբերին ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի ՀՀԿ-ի հետ, ապա իրենք ԲՀԿ-ից դուրս կգան: Մեր տեղեկություններով՝ նշված գործարարները հույս ունեն, որ մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր կարծիքը կփոխի ու կհամաձայնի կոալիցիա կազմել ՀՀԿ-ի  հետ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պատգամավորների հետ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, տեղեկություններ կան, որ Դուք Ձեր ընկերական շրջապատում եւ կուսակիցների շրջանում հայտարարել եք, որ եթե Ձեր կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա չկազմի, Դուք ԲՀԿ-ից դուրս կգաք: Ճի՞շտ է:
-Էդ ո՞վ է նման բան ասել, գլուխները պատին են տալիս, որ ինձ վերաբերվող նման տեղեկություններ են տարածում: Նման հարցերով ինձ մի՛ դիմեք, ես կլինեմ, կամ ու կմնամ ԲՀԿ-ի հետ: Որտե՞ղ ենք նման բաներ հայտարարել: Ախր իրականում նման խոսակցություն չի եղել, ովքեր են տարածում այդ տեղեկությունները՝ ես չեմ հասկանում:
-Այսինքն՝ Դուք համաձա՞յն չեք, որ ԲՀԿ-ն կրկին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի:
-Դա կորոշի մեր կուսակցությունը, ոնց կորոշի, ես այդպես էլ կուսակցությանը կենթարկվեմ:
-Իսկ եթե ԲՀԿ առաջնորդը որոշի, որ այսուհետ ԲՀԿ-ն որպես ընդդիմություն է հանդես գալու, Դուք կհամաձայնե՞ք լինել այդ կուսակցության շարքերում:
-Ա՜յ քեզ բան, ես պարզ ասում եմ, որ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, ու ԲՀԿ-ն քանի գոյություն ունի, ես կմնամ այդ կուսակցության մեջ: Դե պատերի տակ խոսում են, ես ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց ես նման ձեւով եմ մտածում: Երկրորդն էլ՝ մեր կուսակցության քաղխորհուրդն ինչ կորոշի, ոնց կորոշի, ես կենթարկվեմ այդ որոշմանը: Հիմա հասկացա՞նք միմյանց: Այլեւս բան չկա ասելու՝ Ձեր նշած տեղեկության հետ կապված:
-Նշվում է նաեւ, որ ԲՀԿ-ական գործարարները վերջին ժամանակներս չեն կարողանում հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ նա հրաժարվում է իր կուսակիցների հետ շփումից: Դուք կարողանո՞ւմ եք նրա հետ հանդիպել: Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել:
-Ես Գագիկ Ծառուկյանի հետ ընկեր եմ, ու մենք ամեն օր էլ հանդիպում ենք: Վերջին անգամ երեկ ենք հանդիպել, լա՞վ ա, կարող է՝ այսօր էլ հանդիպենք:
-Ի՞նչ հարցեր եք քննարկում Գ. Ծառուկյանի հետ:
-Ընկերներն ի՞նչ թեմա են քննարկում, նստում, խոսում ենք, ի՞նչ թեմա:
-Կուսակցական, ներքաղաքական…
-Չէ՛, էդ Դուք եք մենակ կուսակցության մասին մտածում, մենք հազար բան ունենք մտածելու, խոսելու, քցել-բռնելու:
-Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս ԲՀԿ-ի վերջին ամիսների պասիվ գործունեությունը, այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը գոյություն չունի:  
-Ես հայերեն ասացի՝ ես կուսակցական եմ ու ենթարկվում եմ կուսակցության որոշումներին, ոնց կորոշի մեր կուսակցությունը, ես այդպես էլ կշարժվեմ: Ես կարծում եմ՝ այլ բան չկա ասելու՝ դրա հետ կապված:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
-Պարո՛ն Ախոյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք որոշել եք ԲՀԿ-ից դուրս գալ, եթե Ձեր  կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմի: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Դրանք հերյուրանքներ են, ես նման հայտարարություն չեմ արել: Այդքան բան, ես որեւէ այլ բան չունեմ ասելու:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ
-Պարո՛ն Ղարագյոզյան, Դուք պատրաստվո՞ւմ եք ԲՀԿ-ից դուրս գալ, եթե աշնանը Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ այսուհետ ԲՀԿ-ն ընդդիմություն է:
-Որտեղի՞ց եք նման սուտ տեղեկություններ լսում, ինչ կա իմ հետ կապված` ես լրատվամիջոցներից եմ լսում: Ախր դրանք սխալ տեղեկություններ են:
-Իսկ Դուք չե՞ք ասել, թե ցանկանում եք, որպեսզի ԲՀԿ-ն կրկին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի…
-Ա՛յ ցավդ տանեմ, ես ո՞վ եմ, որ նման բան ասեմ, ո՞ւմ հետ եմ տենց բան խոսում, ինչքան ժամանակ է, ես անգամ քաղաքում չեմ, զարմանում եմ՝ որտեղից են նման բաներ տարածում, եւ ով է տարածում: Ի՞նչ ասեմ, ես որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ իսկապես անհասկանալի տեղեկություններ են տարածում: Նման բան չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս