Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով ստորագրահավաք է սկսվել:
«Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ստորագրահավաքն անցկացվելու է Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն: Ավելին, այդ նախաձեռնությանն արդեն միացել է ավելի քան 2500 հոգի: «Նավասարդ Կճոյան հոգեւորականն ամբողջովին հեռացել է եկեղեցուց եւ ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր «Բենթլի»-ով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբեւէ Կճոյանից հոգեւոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:
Հարկ է նկատել, որ հայ եկեղեցու գոնե վերջին 20 տարվա պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ քաղաքացիները կազմակերպված ընդվզում են որեւէ հոգեւորականի դեմ, ավելին, նույնիսկ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով ստորագրահավաք կազմակերպում: Հայ հասարակության մեջ հոգեւորականների հանդեպ մշտապես որոշակի պատկառանք է եղել, նրանց կարծիքը` շատ հաճախ որոշիչ, առավել եւս, որ ինքներս մեզ համարում ենք առաջին քրիստոնյա ազգը: Այնինչ Կճոյանի դեմ այս նախաձեռնությունն ամենեւին էլ պատահական չէ: Ու հոգեւորականի զգեստ հագնող անձնավորությունն ինքն իր պահվածքով է վաստակել է այդ վերաբերմունքը` ապրելով հոգեւորականին ոչ վայել կյանքով: Նա շրջում է, հիշենք, թանկարժեք «Բենթլի» մակնիշի մեքենայով, չի խուսափում ասել, որ աշխարհիկ կյանքի հաճույքներից է օգտվում սրճարաններում: Բացի այդ, վերջին ամիսներին քննարկման լուրջ թեմա է դարձել վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունը, երբ Կճոյանի անունը եւս գրված էր օֆշորային գոտում գրանցված ընկերության հիմնադիրների ցուցակում: Այս հոգեւորականը շատ ակտիվ է նաեւ քաղաքականության մեջ. նրան հիմնականում կարելի է տեսնել Տիգրան Սարգսյանի կողքին: Ավելին, ՀՀԿ բոլոր համագումարները, իշխանական կարեւորագույն միջոցառումները սկսվում են հենց միայն նրա օրհնելուց հետո:
Երեկ մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել Մայր Աթոռի տեղեկատվական դիվանի պետ Վահրամ քահանա Մելիքյանին: Սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ էլ նամակին:
Հ.Գ. Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ: Թե ինչ հայեցակարգային հարցեր են քննարկվելու, երբ որոշ հոգեւորականներ ակնհայտ աշխարհիկ պահվածք են ցուցաբերում, անհասկանալի է մնում:
ԿՃՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ