Ինչո՞ւ ընդդիմությունը չի սատարում ընդդիմադիր թեկնածուին. «Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունները կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու գործընթացի ժամկետի ավարտին չնայած մեկ օր դեռ կա՝ մինչ վաղը, այնուամենայնիվ, արդեն ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը չեն զիջելու Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին:

Մասնավորապես, ՀԱԿ կուսակցությունը, որը փաստացի տնօրինում է համանուն խմբակցությանն հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի տեղերը, հրաժարվել է Միքայելյանի թիմի ներկայացուցիչներին նշանակել` պատճառաբանելով, թե իրենց անդամներին են նշանակելու, որոնք կապահովեն ընտրությունների օրինական ընթացքը: Գրեթե նույն պատճառաբանությամբ Սասուն Միքայելյանի թիմակիցներին ՏԸՀ անդամ նշանակելուց հրաժարվեց նաեւ օրումեջ իշխանափոխությամբ սպառնացող «Ժառանգություն» կուսակցությունը: Երբ խնդրին մոտենանք բարոյական տեսանկյունից, քաղաքական դաշտի խաղացողները, առավել եւս ընդդիմադիր դիրքերից հանդես եկողները, պարտավոր էին աջակցել Սասուն Միքայելյանին: Եթե իրապես ընդդիմություն են: Բայց Հրազդանի ընտրություններն ընդդիմադիր կուսակցություններին բացահայտելու յուրօրինակ «լակմուսի թուղթ» են դարձել: Եւ պարզվում է՝ ընդդիմադիրները ընդդիմադիր են միայն մայրաքաղաքում, հարթակներում եւ ամբիոնների մոտ, իսկ տարածքներում կարող են մի քանի հարյուր դոլարով «մարդ վաճառել»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ Սյունիքի մարզի կոնկրետ 4 տեղամասերում «Ժառանգության» նշանակած անձինք ՀՀԿ-ի շահերն էին սպասարկում: Նրանցից մեկն անգամ Հալիձոր համայնքի ՀՀԿ-ական ղեկավարի կինն էր` Ամալյա Գրիգորյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս