«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ Թալինում քաղաքապետի թեկնածու են առաջադրվել գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը՝ ՀՀԿ-ի կողմից, նախկին քաղաքապետ Գուրգեն Գրիգորյանը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, նրա հարազատ եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, անկուսակցական, եւ ՀՅԴ-ից առաջադրված Տիգրան Հարությունյանը։ Երեկ տեղեկացանք, որ Գրիգորյան եղբայրներից անկուսակցականը՝ Գեւորգը, ինքնաբացարկի դիմում կներկայացնի։ Նա մեր լրագրողին ասել է, որ, հաշվի առնելով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սարգիս Արամյանի շանսերը, չի շարունակի պայքարը. «Եթե ես իմանայի, որ գոնե 60 տոկոսով շանս ունեմ, ապա չէի հանի, ճիշտ է՝ չեմ հանել, բայց երեւի կհանեմ թեկնածությունս»։
Հարցին, թե ինչով կբացատրի իր առաջադրումը՝ իմանալով, որ եղբայրը՝ Գուրգենը, «Հայկական վերածննդի» կողմից արդեն առաջադրվել է, պատասխանել է. «Եղբայրս իմ հետ չզրուցեց, ու ես ջղայնացա, դրա համար էլ էդ քայլին գնացի, եթե ինքը լավ տղա էր, պիտի իմ հետ զրուցեր, ես մեծ եղբայրն եմ»։ Թե ինչից է ջղայնացել անկուսակցական Գեւորգ Գրիգորյանը, որը քաղաքապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն է, ասել է. «Երեւի դուք գիտեք, թե ես որտեղ եմ աշխատում, ճիշտ է՝ մենք եղբայր ենք, բայց աշխատանքային կարգապահությունը մնում է մեկը»։
Ապա գովեստի խոսքեր է շռայլել գործող քաղաքապետի ու նրա ծրագրերի մասին։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն, իր առաջադրումով հավատարմությո՞ւնն է ցույց տվել «շեֆին», պատասխանել է. «Ես գործող քաղաքապետին դեմ չեմ եղել, իր աշխատանքների մեջ թերություն չեմ տեսել, մարդկային է… դրեցի, որ հանեմ ու պաշտպանեմ գործող քաղաքապետին, լա՞վ ա»։ Իսկ Ձեր եղբա՞յրը։ «Իմ ախպերն է, արյունը ջուր չի դառնում, բայց ես ընդդիմադիր կուսակցություններին չեմ հավատում, դե հերիք ա, էլի»։