Գալուստ Սահակյանի բուժումը՝ հույժ գաղտնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 17-ին որդու՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանի ծննդյան առիթը նշելու ժամանակ՝ գիշերը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղափոխվեց Երեւանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց: Մինչեւ փետրվարի 21-ը նա գտնվում էր ստացիոնար բուժման մեջ. նրա մոտ արյան շրջանառության անցողիկ խանգարում էր ախտորոշվել:

Դուրս գրվելուց հետո ԱԺ նախագահը դարձյալ աշխատանքի չէր հաճախում: Ավելին՝ օրեր առաջ նա կնոջ ուղեկցությամբ մեկնեց Գերմանիա՝ բժշկական համալիր հետազոտություն անցնելու: Ըստ տեղեկությունների՝ ԱԺ նախագահի մոտ ախտորոշված էր շողացող առիթմիա, որն արագ վերացվում է Գերմանիայում, հատուկ այրման մեթոդով:

ArmLur.am-ը երեկ գիշեր տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը վերադարձել է Երեւան: Իսկ ինչպե՞ս է իրեն զգում երկրի 2-րդ պաշտոնյան, արդյո՞ք ամբողությամբ առողջացել է: Այս կարեւորագույն հարցի պատասխանը տալու փոխարեն Ազգային ժողովի լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանը համացանցում գրել է, թե Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարճատեւ արձակուրդն ավարտվել է: Ու ոչ մի խոսք այն մասին, թե Գերմանիա մեկնած ԱԺ նախագահն ի՞նչ բուժզննում է անցել, ի՞նչ արդյունքներ կան: Այնպիսի տպավորություն է, թե Սահակյանը զվարճանալու նպատակով էր մեկնել Գերմանիա:

Ի վերջո, հիվանդությունը մարդու համար է, եւ ԱԺ նախագահն էլ մեր նման միս ու արյունից է, կարող է նաեւ հիվանդանալ: Ամոթ չէ երկրի երկրորդ պաշտոնյայի առողջության մասին տեղեկություն հայտնելը: Բայց Բաբայանի հետ նման թեմաներով խոսելն անիմաստ է, նա մշտապես հերքում է անհերքելին, թաքցնում է իրականությունը բառակույտերի մեջ՝ ի վերջո անիմաստ դարձնելով տեղեկատվական վարչության գոյությունն ընդհանրապես:

Ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել, թե ինչպե՞ս է իրեն զգում ԱԺ նախագահը, ի՞նչ հետազոտություն է անցել Գերմանիայում եւ ե՞րբ նա կկարողանա աշխատանքի հաճախել: «Առողջական վիճակը գնահատվում է դրական, վտանգները մնացել են հետեւում: Այնտեղ որեւէ վիրահատություն չի եղել, եղել է միայն միջամտություն` ճնշման տատանումների հետ կապված, եւ կազդուրված վերադարձել է, նորմալ աշխատանքային պրոցեսում է գտնվում պարոն Սահակյանը: Բոլոր անհանգստացողներն էլ թող անհոգ լինեն. Գալուստ Սահակյանն առողջ է առաջվանից ավելի»,- տեղեկացրեց պարոն Բաղդասարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս