ԴԵՍՊԱՆԻ ԺՊԻՏԸ
ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի
մրցունակության ծրագրի եւ ՀՀ արդարադատության նախարարության միջեւ երեկ
մտադրությունների հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցող ՀՀ-ում
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից «Առավոտ»-ը փորձել է պարզել, թե ինչպես է նա
վերաբերում Տիգրան Սարգսյանի «օֆշորային» կոռուպցիոն սկանդալին: Դեսպանը,
սակայն, հարցը մինչեւ վերջ լսելուց հետո գերադասել է զերծ մնալ պատասխանից
ու հեռացել է թեթեւակի ժպտալով:
ՓԱՄՓՈՒՇՏ ՉԻ ԵՂԵԼ
«ԳԱԼԱ»-ի
թղթակիցը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվել է, թե ճիշտ
են արդյոք իրենց ունեցած տեղեկությունները, թե Սյունիքում տեղի ունեցած
աղմկոտ միջադեպի մասնակից, գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ դեպքի օրը գտնված
զենքում փամփուշտներ չեն եղել: Հայկ Ալումյանը հաստատել է այդ
տեղեկությունը՝ ավելացնելով, որ Արտակ Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը
տեխնիկապես պատրաստի վիճակում չի եղել, որով հնարավոր լիներ կրակել: Հայկ
Ալումյանը շեշտել է, որ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Փամփուշտ
չի հայտնաբերվել նաեւ Բուդաղյանի մոտ: Փաստաբանը նշել է նաեւ, որ քրեական
գործի նյութերում արդեն առկա են համապատասխան փաստեր ասվածի վերաբերյալ:
ՐԱՖՖԻՆ ԷԼ
«Ժառանգություն»
կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանդիպել է Եվրամիության
ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում
քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Ասոցացման
համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ
Ներկա
պահին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Արտակ
Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, shamshyan.com-ին հայտնել է, որ իր
ամուսինը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դեկտեմբերին տեղափոխվել է
Հրազդանի պատժախուց՝ 15 օր ժամկետով, իսկ այնուհետ` Արթիկ: Կարինե
Հակոբյանը խոստովանել է, որ պատժախուց տեղափոխելու պատճառը եղել է այն, որ
14,000 ԱՄՆ դոլար են վճարել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալին՝ ամուսնուն
ազատ արձակելու համար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը: Հակոբյանը
բողոքել ու հայտարարել է կաշառք տալու մասին, ու պետի տեղակալին ազատել են
աշխատանքից: Պատժախցում պահելուց հետո Հակոբյանին տեղափոխել են «Արթիկ»
ՔԿՀ, որտեղ պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը շարունակաբար դաժան վերաբերմունք
է ցուցաբերել կալանավորի նկատմամբ` կոլեգային «մատնելու» համար: Հակոբյանը
հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել, մահափորձեր կատարել, սակայն Աղասի
Խաչատրյանը հայտարարել է, որ իրենց հիմնարկությունը չի ենթարկվում ո՛չ
նախագահին, ո՛չ դատախազությանը եւ ո՛չ էլ ԱԱԾ-ին, ու որ Հակոբյանի բողոքը
չի բավարարվելու:
ԱՆՎՃԱՐ ԿՍՈՎՈՐԵՆ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն
Աշոտյանը երեկ Հանրապետական ընդունող հանձնաժողովի երկրորդ նիստի ժամանակ
հայտարարել է, որ աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները եւ աշակերտական
օլիմպիադայի հաղթողները կսովորեն անվճար: