Հուլիսի 2-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: Ըստ նախնական վարկածի` գյուղի 11-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Մկոյանը ինքնասպանություն է գործել: Մինչ գյուղացիները, կատարվածից ահաբեկված, փորձում են հասկանալ պատճառները, աղջկա մայրն ասել է, որ ինքն իր երեխային գտել է գետնին ընկած, այլ ոչ թե կախված վիճակում:
Եվ այսպես, ի՞նչ է կատարվել սույն օրը Լուսաղբյուր գյուղում, եւ ի՞նչը կարող էր լինել անչափահաս աղջկա, ըստ նախնական վարկածի, ինքնասպանության պատճառը: Նշենք, որ աղջկան հայտնաբերել են տան հարակից շինության մեջ: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց Լուսաղբյուրի ղեկավար Մանվել Խաչատրյանի հետ, քանի որ, մեր տեղեկություններով, հենց նա է զանգահարել ոստիկանություն:
«Ընտանիքի սոցիալական վիճակը լավ է, եւ որեւէ լուրջ խնդիր չունեին: Արմինեն տանը դեպքի օրը եղել է մոր եւ փոքրիկ եղբոր հետ: Հայրը Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի է գնացել, իսկ մեծ եղբայրն էլ ծառայում է հայոց բանակում»,-ներկայացրեց գյուղապետը:
Ըստ նրա` դեռեւս դժվար է ասել, թե ինչը կարող էր լինել անչափահաս աղջկա ինքնասպանության պատճառը. «Քննություն է ընթանում, եւ ներկա պահին ոչինչ չեմ կարող ասել, իսկ ընտանիքի անդամներն այս օրերին գտնվում են հոգեկան շատ վատ վիճակում եւ դժվար թե կարողանան որեւէ բան ասել»:
Կատարվածից զարմացած եւ ցնցված է նաեւ Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Քոչարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ աղջիկը դպրոցում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտուհիներից մեկն էր. «Ես մարզպետարանում էի, եւ հանկարծ ինձ ասացին, որ Արմինեն ինքնասպան է եղել: Գիտեք, մեր գյուղն այնքան փոքր է, որ մենք ունենք ընդամենը 100 աշակերտ եւ չենք կարող բոլորին չճանաչել: Այդ երեխայից մենք նման բան չէինք սպասում, քանի որ շատ ուրախ ու կենսախինդ աղջիկ էր: Նրա մայրը` Գոհարը, շատ ուշադիր, շատ հետեւողական է, միշտ ծնողական ժողովներին ներկա էր լինում եւ բավական ուշադիր էր իր դստեր նկատմամբ: Անհասկանալի էր այս ամենը, եթե այս ամենի պատասխանն ունենայինք, միգուցե մենք էլ հանգստանայինք, բայց, ցավոք, պատասխան չունենք»:
Դասղեկ Սիրանույշ Տոնոյանի պատմելով` դեպքից մեկ շաբաթ առաջ ինքնասպան եղած աղջկա համադասարանցիները գնացել են Սեւան՝ ամառային հանգստի: Նրանց հետ է եղել նաեւ Արմինեն. «Շատ ուրախ էր, ամեն ինչ շատ լավ անցավ: Երեխաներով լուսանկարվում էին: Ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել, նա այնքան ակտիվ, ուրախ անձնավորություն էր, հիմա Ձեզ հետ այդ մասին որ խոսում եմ, մարմինս փշաքաղվում է, որովհետեւ կատարվածը շատ անսպասելի էր»:
Ըստ մեր զրուցակցի` ինքնասպան եղած աղջկա մայրը` Գոհարը, հուղարկավորության օրը եւ դրան նախորդած օրերին բարձրաձայն լացելով ասել է, որ իր դստերն ինքը տեսել է գետնին ընկած, այլ ոչ թե պարանով կախված. «Դե միգուցե առաջին տեսնողը մայրն է եղել եւ դրա համար է այդպես ասում, չգիտեմ: Կարող եմ ասել, որ նա ներս գցող երեխա չէր, հաշտեցնող մարդ էր: Նրա դասընկերուհիները եւ, առհասարակ, գյուղը այդ դեպքից հետո կարծես ահաբեկված ու վախեցած լինեն: Ոչ ոք փոքրիկ գյուղում այդպիսի բան չէր սպասում: Բոլորն այդ թաղամասում խոսում են, որ կարծես գյուղում ուրվական է շրջում, բայց այդպիսի բան չկա, ուղղակի դեպքից հետո շատ մեծ վախ է մտել բոլորի մեջ»:
Փորձեցինք դասղեկից հետաքրքրվել, թե արդյոք Արմինեն սիրած տղա ուներ, եւ միգուցե դա է եղել ինքնասպանության պատճառը. «Չէ՛, չէ՛, ինքը սիրած տղա չուներ, նման բան չկար: Նույնիսկ հեռախոս էլ չուներ: Ոչ թե պայմաններ չունեին, որ հեռախոս գնեին, այլ պարզապես չուներ: Գիտեք, Սեւան էինք գնացել, դե թող դեպքն այնտեղ լիներ: Մեր գյուղում ոչ մի այդպիսի կինոթատրոն եւ երիտասարդների համար նախատեսված նմանատիպ բան չկա, որ երիտասարդները զբաղվեն, իսկ երեկոյան ժամերին էլ դուրս չեն գալիս, որ ասենք՝ Արմինեն դուրս է եկել, ինչ-որ մեկից նեղվել է ու գնացել այդ քայլին»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:
ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՑՆՑՎԱԾ ՈՒ ՍԱՐՍԱՓԱԾ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ