ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՍՐՏՆԵՐԻ ՈՒԶԱԾ ՁԵՎՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր եղբոր՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի հետ Չինաստանում 2010թ. կայացած մի ոչինչ չասող ցուցահանդեսի վրա ծախսել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՎԱԾ ԳՐԱՆՏՆԵՐԸ

Այս պատմության մեջ ուշագրավ է ոչ միայն գործադիրի հանդգնությունը, այլեւ ՀՀ Վերահսկիչ պալատի ջայլամաձեւ պահվածքը: Այս կառույցն ակնհայտորեն նվազեցրել է ցուցահանդեսի ծախսերը: ՎՊ փաստաթղթում նշված է. «Նախարարությունը «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի (ԶՀԳ) հետ կնքել է 2009թ. համար ՀՀ պետական բյուջեից հատկացված 77 մլն 717 հազ. դրամի, իսկ 2010թ. համար` 200 մլն դրամի դրամաշնորհային պայմանագրեր, ինչպես նաեւ Շանհայում ՀՀ մասնակցությամբ գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ էքսպո» ընկերության հետ` 300 մլն դրամի դրամաշնորհային պայմանագիր` «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ պաշտոնական մասնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով: ՉԺՀ-ի կառավարության կողմից նախատեսվել եւ հատկացվել է 650.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն` ցուցահանդեսի տաղավարի շինարարության, ձեւավորման, պահպանման եւ այլ ծախսերի կատարման համար»:
Հիմա հիշեցնենք, թե նույն ծրագրի ծախսերի մասին ինչ տեղեկություն էր տվել «Ժողովուրդ»-ին հենց «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսի կազմակերպչական հարցերով զբաղվող ԶՀԳ ղեկավար Ռոբերտ Հարությունյանը: Ըստ նրա՝ մեր երկրի պետբյուջեից 2009-ին, 2010-ին հատկացվել է 508 մլն 63 հազար դրամ (մոտ 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար), որին գումարվել են նաեւ այլ աղբյուրներից ձեռք բերված գումարները՝ ՉԺՀ կառավարության տրամադրած 250 մլն 429 հազար դրամը եւ Չինաստանում վաճառված հայկական ապրանքներից գոյացած 50 մլն 680 հազար դրամը: Ընդհանուր հաշվով՝ 809 մլն 173 հազար 300 ՀՀ դրամ (մոտ 1 մլն 960 հազար ԱՄՆ դոլար):

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՆ
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ Է ԳՈՐԾԵԼ

Այսպիսով՝ ՎՊ-ն պետբյուջեից արված հատկացումների թիվը «քնքշացրել» է՝ ներկայացնելով, թե 277 մլն 717 հազար (իրականում մոտ 230 մլն դրամ պակաս) է պետբյուջեից հատկացվել ցուցահանդեսի համար: Փոխարենն այլ աղբյուրներից հատկացված գումարներն է ավելացրել, որպեսզի տպավորություն չլինի, թե Տիգրան Սարգսյանը մի ցուցահանդեսի համար պետբյուջեից կես մլն դրամից ավելի գումար է հատկացրել: Ըստ ՎՊ-ի՝ Չինաստանից ցուցահանդեսի մասնակցության համար հատկացվել է 567 մլն 150 հազար (մոտ 266 մլն-ով ավելի) դրամ: Ինչո՞ւ է խեղաթյուրվել իրականությունը: «Ժողովուրդ»-ի հարցին ՎՊ-ից այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չհնչեց. «Մենք դա ենք բացահայտել» եւ վերջ:
Ինչեւէ, չնայած ՎՊ-ի ոչ այդքան բարեխիղճ աշխատանքին, այնուամենայնիվ, նրանք իրենց կողմից բացահայտված անհամեմատ համեստ թվերի մեջ էլ աղաղակող խախտումներ են հայտնաբերել, եւ պետբյուջեն լափելու դրսեւորումներ կարելի է գտնել: Ըստ այդմ. «Նախարարության եւ ԶՀԳ-ի միջեւ 02.02.2010թ. կնքված պայմանագրի եւ 01.04.2010թ. կնքված «լրացուցիչ համաձայնագրի» հիման վրա, առանց կատարողական ակտի եւ պայմանագրի 3.2 կետի պահանջի խախտմամբ, ԶՀԳ-ն հատկացրել է 200 մլն դրամ այն դեպքում, երբ փաստացի ծախսը կազմել է 167 մլն 831 հազար դրամ, իսկ տարեվերջին 32 մլ 168 հազ. դրամի (մոտ 78 հազար ԱՄՆ դոլար-Թ.Թ.) մնացորդը ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն ձեւակերպվել է որպես դեբիտորական պարտք»:
Այս ձեւակերպումն արդեն իսկ մտահոգիչ է, եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է որ այս հարցով խստորեն զբաղվի:

ՇՓԱՑԱԾ ԾԱԽՍԵՐ

Բայց շարունակենք ներկայացնել ցուցահանդեսի մասնակիցների ինգնագլուխ գործունեությունը, որից պարզ է դառնում, թե ինչքան վստահ են նրանք գործել: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ««Ռեդ Սթայլ» ՍՊԸ-ի հետ կնքված 5 մլն 400 հազ. դրամի պայմանագրով 2010թ. հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացվել է Ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի նախագահի տեսլականը ներկայացնող շնորհանդես, որը ՀՀ կառավարության թիվ 840-Ն որոշմամբ չի նախատեսվել, որի հետեւանքով կատարված 5 մլն 400 հազ. դրամի ծախսը որակվում է որպես ոչ նպատակային: Ավելացած գումարի հաշվին են կատարվել նաեւ Ցուցահանդեսի համար Չինաստանից գնված ապրանքները ներկրելիս մաքսազերծելու, ճանապարհածախսի, գույքը մեքենաներ բարձելու, բեռնաթափելու հետ կապված 28 մլն 356 հազ. դրամի ծախսերը:
Չնայած ԶՀԳ-ն Նախարարությանը եւ ՀՀ կառավարությանն ուղղել է գրություններ` կապված ներկրվող ապրանքների ժամանակին եւ պատշաճ կերպով կազմակերպելու գործում աջակցելու խնդրանքով, սակայն դրանց անտեսման հետեւանքով ապրանքները 82 օր մնացել են «Ձյունիկ» տերմինալում, որի դիմաց գանձվել է 1 մլն 574 հազ. դրամ, որը որակվում է որպես անարդյունավետ ծախս»:
Սա էլ դեռ ամենը չէ: «Նախարարության եւ «Արմենիան Սեքշըն օֆ էքսպո» ընկերության միջեւ 01.04.2010թ. կնքված պայմանագրի համաձայն՝ վերջինիս ՀՀ պետական բյուջեից պետք է հատկացվեր 300 մլն դրամ, որը պայմանագրի 3.2 կետի պահանջի խախտմամբ` առանց կատարողական ակտերի, հաջորդ օրը փոխանակումից հետո 672.979 ԱՄՆ դոլարի (276 մլն 594 հազար դրամ, այսինքն՝ պայմանագրով նախատեսված գումարից մոտ 23 մլն դրամով պակաս) չափով փոխանցվել է Կազմակերպության հաշվին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրերին կից հավելվածներով հաստատված ծախսերի նախահաշիվների եւ փաստացի կատարված աշխատանքների միջեւ թույլ են տրվել բազմաթիվ շեղումներ: Մասնավորապես, «Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստում եւ ձեռքբերում» հոդվածով ԶՀԳ-ի ծախսերի նախահաշվով նախատեսվել է գնել ՀՀ-ում պատրաստված 45 մլն 450 հազ. դրամի բուկլետներ, սկավառակներ, քարե, մետաղյա եւ փայտյա հուշանվերներ: Սակայն իրականում աշխատանքներն իրականացվել են ՉԺՀ-ում` ավելի թանկ գներով: Թեեւ Կազմակերպության նախահաշվով նշված հոդվածով գումար չի նախատեսվել, այդուհանդերձ, ԶՀԳ-ի փաստացի ծախսը կազմել է ընդամենը 2 մլն 842 հազ. դրամ, իսկ Կազմակերպությանը` 36 մլն 163.3 հազ. դրամ: Տվյալ հոդվածով կատարվել են նաեւ 8 մլն 865 հազ. դրամի չնախատեսված աշխատանքներ»: Այսինքն՝ ցուցահանդեսի կազմակերպիչները ներկայացրել են մի ծրագիր, բայց գործել են բոլորովին այլ կերպ՝ վստահ լինելով, որ չեն «բռնվի» ու չեն պատժվի:

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ
ՉՆԵՂԱՆԱՆ

Ինչեւէ, որպեսզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեսպան եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, իրեն վատ չզգա, ուստի որոշվել է չինացիներին որեւէ դեպքում չնեղացնել եւ ցուցահանդեսի հիմնական ծախսերն արվել են ՀՀ պետբյուջեից հատկացված գումարների հաշվին, այլ ոչ թե Չինաստանի, ինչպես նախատեսված է եղել: Ահա թե ինչ է ֆիքսել ՎՊ-ն. ««ՀՀ տաղավարի ցուցանմուշների եւ դեկորացիաների ձեռքբերում ընտրված ընկերություններից» հոդվածով նախատեսվել է 176 մլն 696 հազար դրամի ծախս, որից ընդամենը ծախսվել է 152 մլն 524.2 հազ. դրամ: Ընդ որում, ՀՀ պետական բյուջեից ԶՀԳ-ին հատկացված գումարները գրեթե ամբողջությամբ ծախսվել են չինական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վրա:  
Նույն կերպ, «Ցուցանմուշների եւ այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխում, մաքսազերծում, փաթեթավորում եւ պահեստավորում» հոդվածով նախատեսվել են 22 մլն 388 հազ. դրամի ծախսեր: ԶՀԳ-ի փաստացի ծախսը կազմել է 8 մլն 423.1, Կազմակերպությանը` 17 մլն 119 հազ. դրամ, իսկ չինական կողմն ընդհանրապես ծախս չի կատարել: Պատկերը գրեթե կրկնվում է նաեւ «Ընթացիկ աշխատանքներ» հոդվածով նախատեսված ծախսերի իրականացման արդյունքների դիտարկմամբ, երբ արձանագրվել է ՉԺՀ կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության միջոցների եւս 29 մլն 386 հազ. դրամի տնտեսում: Փաստորեն, ծրագրային հոդվածների կատարողների միջեւ իրականացվել է ծախսերի այնպիսի վերաբաշխում, որի արդյունքում ՉԺՀ կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության միջոցների տնտեսման հաշվին ծախսերը կատարվել են ՀՀ պետական բյուջեից»:

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՂԵՐԻ ՎԱՏՆՈՒՄ

Իսկ ի՞նչ անել, որ հնարավորինս շատ ծախս ցույց տան: Չէ՞ որ մի ողջ պատվիրակություն 2010թ. մայիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 4-ը (6 ամիս) մնացել է Չինաստանում: Ահա որոշվել է «ձեռքի հետ էլ» «Հայաստանի ազգային օրվա անցկացում» կազմակերպել, որի համար ծախսվել է 87 մլն դրամ (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար): Թե ինչ են արել այդքան գումարով, անհայտ է. լռում է ԶՀԳ-ն, լռում է եւ ՎՊ-ն: Միայն փաստ է, որ ստեղծագործական խմբի անդամներից յուրաքանչյուրի հոնորարը գրեթե եռապատկվել է, իսկ ֆուրշեթի ծախսերը ցույց են տրվել 5 անգամ ավելի:
շարունակելի

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս