ՄԱՐՑԵՑԻՆԵՐԸ ՄՏԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Մարց համայնքի բնակիչներն ամեն օր հավաքվում եւ քննարկում են Մարցա գետի վրա կառուցվող հէկ-ի լավ ու վատ կողմերը: Դեռեւս 2002թ. այդ տարածքը հատկացված է եղել պետական ծրագրով հէկ կառուցելու համար: Ժամանակին բնակիչները դեմ են եղել դրա կառուցմանը: Նրանք նույնիսկ ջուրն են նետել հէկ-ի համար նախատեսված խողովակները: Այսօր, սակայն, կարծիքների փոփոխություն է տեղի ունեցել, գյուղի մի խումբ երիտասարդներ մտածում են, որ հէկ-ի կառուցումը կնպաստի համայնքի զարգացմանը: Հէկ կառուցող «Մարց էներջի» ընկերությունը խոստացել է, բացի հիմնական պարտավորություններից, այլ հարցերում եւս աջակցել համայնքի բնակիչներին: Ընկերությունը համայնքին տարեկան տրամադրելու է 1,5 մլն դրամ, զբաղվելու է լուսավորության հարցով եւ աջակցելու է համայնքում մշակույթի ու սպորտի զարգացմանը:
Երիտասարդներից շատերը, նաեւ նրանք, ովքեր ժամանակին դեմ են եղել, այսօր խոստովանում են, որ հէկ-ի կառուցման դեպքում գոնե 15 հոգի կապահովվի աշխատանքով, եւ 15 ընտանիք նորմալ կապրի: Գյուղի ավելի տարիքով մարդիկ էլ կարծում են, որ հէկ կառուցել պետք չէ, քանի որ գետը կցամաքի, հողերը կչորանան, օձերն ու կարիճները կշատանան, խոտ չի աճի, ու մարդիկ, որ ապրում են անասնապահությամբ, դրանից էլ կզրկվեն:
Մարցի ղեկավար Նարեկ Հովհաննիսյանի խոսքով՝ եթե հէկ-ն աշխատի պայմանագրի բոլոր կետերին համապատասխան, ապա համայնքը վնասներ չի կրի: «Մարց էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանն էլ իր հերթին հավաստիացնում է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի գյուղի բնակիչների համար լավ լինի, եթե գյուղացիներին անհանգստացնում է ջրի պակասը, ապա այս դեպքում նա խոստացել է ամռան ամիսներին չորային տարի լինելու դեպքում դադարեցնել հէկ-ի աշխատանքները: Այս ամենն ամրագրված է համայնքապետարանի հետ կնքած պայմանագրի մեջ, եւ աշխատանքները տարվելու են  համաձայն պայմանագրի:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս