«Ի՞նչ կարիք կա Ազգային պատկերասրահը կառուցել Մատենադարանի կողքին, որովհետև ոչ մի օլիգարխ այդտեղ շենք կառուցելու հետաքրքրություն չունի՞» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին քննարկվում է Հայաստանի ազգային պատկերասրահը տեղափոխելու հարցը: Դրա ներկայիս շենքի տարածքը փոքր է, եւ այնտեղ չկան բավարար պայմաններ` ցուցանմուշներն անվնաս պահպանելու համար: Պատկերասրահի նոր շենքի համար անհրաժեշտ է 30 հազար քմ տարածք: Քաղաքաշինության նախարարությունն առաջարկել է ուսումնասիրել Կառավարության ընդունելությունների տան եւ Մատենադարանի հարակից տարածքը:

Մի քանի նախագիծ արդեն իսկ պատրաստ է: Նախարարության առաջարկած տարածքը որքանո՞վ է նպաստավոր հանրային այս կառույցի համար, արդյո՞ք պատկերասրահի նոր շենք կառուցելու հարցը առաջ չեկավ գլոբալ քաղաքաշինական նախագծի շրջանակում որոշ խնդիրներ լուծելու համար միայն, եւ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ` նոր շենք կառուցելու եւ գործարկելու համար:

Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջարկվող տարածքը ոչ մի կերպ չի համապատասխանում պատկերասրահի պահանջներին. «Այդ տարածքում արդեն իսկ կա կցակառույց` Կառավարության ընդունելությունների շենքը, որը, ըստ նախնական պայմանների, չպետք է քանդվի: Հիմա ի սկզբանե նույն սխալի առջեւ ենք կանգնած, ինչպես պատկերասրահի ներկայիս շենքի դեպքում. այդ պարագայում էլ պատկերասրահի շենքը փորձեցին հարմարեցնել այն կառույցին, որն արդեն կար եւ չէր բավարարում պահանջներին: Հիմա ճարտարապետները կցակառույցի պարտադրանքի տակ են, պետք է մտածեն` ոնց եղածը պահելով, դրան հարմարեցնելով՝ նոր շենք կառուցեն»,-ասաց նա:

12404658_1018352198245846_612998720_n
Սահակ Պողոսյան

Քանդակագործի դիտարկմամբ` առհասարակ, պատկերասրահի համար նախատեսվող շենքն այժմեական ճարտարապետական լուծումների համաձայն հարթ տարածքներ գրավելու միտում ունի. «Այդ տարածքներն այն բանի համար են, որ մարդ պատկերասրահում 10-15 կմ տարածություն քայլելով` չհոգնի, արհեստական բարձրությունների չհանդիպի, իսկ առաջարկվող տեղում ասածներս իրագործելու հնարավորություն չկա»,-բացատրեց նա:

Ս. Պողոսյանը շեշտեց, որ շատ կարեւոր է պատկերասրահի շենքը նախագծելուց առաջ հաշվի առնել նաեւ, որ այն ունենա ստորգետնյա պահոցներ, օրինակ` պատերազմի ժամանակ էքսպոնատներն անմիջապես էվակուացնելու համար: Բացի այդ, նրա խոսքով, ստրատեգիական իմաստով մեծ սխալ կլինի Մատենադարանը, պատկերասրահը, Գաֆեսճյան մշակութային կենտրոնը մեկ կոմպլեքսի մեջ դնել, մի տեղ կենտրոնացնել, քանի որ հնարավոր վտանգի պարագայում մշակութային արժեքները կարող են դառնալ հեշտ խոցելի:

Արվեստագետի մյուս մտահոգությունն էլ կապված է պատկերասրահի ցուցանմուշները մի շենքից մյուս շենք տեղափոխելու գործընթացի հետ. «Կանխատեսելի է, որ տեղափոխելիս կասեն` տանենք, ինչ-որ պահոցում պահենք, այդ ընթացքում ցուցանմուշները կարող են վնասվել, կառավարման այսօրվա համակարգում կարող են եւ կորչել, եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չկրի»,- նկատեց նա:
Նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ վերջերս, երբ արվեստագետները հանդիպել են քաղաքաշինության նախարարի հետ, նրան կոչ են արել լուրջ նախագծերը դնել հանրային քննարկման. «Պատկերասրահը լուրջ կառույց է` 5 տարվա, 10 տարվա համար չէ, որ գան, տեսնեն ինչ-որ տարածքում դատարկ տեղ կա, էդտեղ շենք կառուցեն: Մեկը կարո՞ղ է բացատրել, թե որքանով է նպաստավոր պատկերասրահը Մատենադարանի կողքին կառուցելը:

12498920_1018352251579174_865995104_n
Զարուհի Մուրադյան

Ասում են` տուրիստների համար այդպես հարմար կլինի. ի՞նչ է` զբոսաշրջիկը պետք է մի օրով մտնի Մատենադարան, հետ դուրս գա, վազելով մտնի պատկերասրա՞հ: Բոլորովին պարտադիր չի այդ շենքերը խիտ-խիտ իրար գլխի հավաքել, առանց այդ էլ այդ տարածքում տրանսպորտային կոլապսի խնդիր կա, ի՞նչ կարիք կա այդտեղ հանրային կառույց տեղակայել. որովհետեւ ոչ մի օլիգարխ այդտեղ շենք կառուցելու հետաքրքրություն չունի՞»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ ավելի լավ է` հիմա պատկերասրահը մնա իր տեղում, եւ նոր շենք կառուցելու հարցը դեռ մնա քննարկման փուլում, քանի որ, նրա համոզմամբ, նման լուրջ հարցերը մեզ մոտ որոշում են մի քանի հոգի միայն:

Մենք զրուցեցինք նաեւ արվեստի անկախ քննադատ Լիլիթ Սարգսյանի հետ, ով շեշտեց, որ կարեւորելով ճարտարապետական, էսթետիկական հարցերը` այս պարագայում անհամեմատ ավելի կարեւոր է թանգարանի ֆունկցիոնալության հարցը, մինչդեռ, նրա խոսքով, բոլոր քննարկումները մեծ մասամբ վերաբերում են շենքի արտաքին տեսքին եւ քաղաքաշինական խնդիրներին. «Անկեղծ ասած` ես կզարմանայի, եթե մեր երկրում իշխանությունները, օրինակ` մշակույթի նախարարությունը, մտածեր հենց Ազգային պատկերասրահի համար եւ ոչ թե գլոբալ քաղաքաշինական նախագծի… Մինչդեռ խնդիրը վաղուց կար»,-նկատեց նա:

12516561_1018352334912499_1266127521_n
Լիլիթ Սարգսյան

Լ. Սարգսյանը, ուսումնասիրած լինելով թանգարանաշինության աշխարհի փորձը, փաստեց, որ դա բարդ, սպեցիֆիկ եւ ծախսատար ոլորտ է: Նրա խոսքով` մեր պատկերասրահի էքսպոզիան բավական տուժում է վատ նախագծման պատճառով, ուստի նոր շենքը նախագծելուց առաջ պետք է հաշվի առնվի միջազգային փորձը, արտերկրից հրավիրվեն թանգարանաշինության մասնագետներ, ճարտարապետները վերապատրաստվեն, ճիշտ լուծվի էքսպոզիցիոն դիզայնի խնդիրը:

Արվեստի քննադատի կարծիքով` մեր ներքին կադրերի մասնակցությամբ պարտադիր պետք է ստեղծվի էքսպերտային հանձնաժողով, որը կորոշի, թե ինչպես կառուցել էքսպոզիցիան, ինչպիսին պետք է լինեն սրահները, ինչպես պահոցներից հանել եւ ներկայացնել աչքից հեռու պահվող գանձերը: «Խորհրդային տարիներից եկած հին ավանդույթ կա, ըստ որի՝ թանգարանային էքսպոզիցիան բաժանվում է երեք մասի` հայկական, ռուսական եւ եվրոպական: Բայց հարկավոր է այն այնպես կառուցել, որ հայ կերպարվեստը չանջատվի համաշխարհայինից, ռուսականի «ճուտը» չհամարվի: Իսկ որպեսզի դա իրականացնենք, համապատասխան հատակագիծ է անհրաժեշտ»,-մեկնաբանեց նա:

Լ. Սարգսյանը կարեւորեց նաեւ պատկերասրահի նոր շենքում Հայաստանի ժամանակակից արվեստը ցուցադրելու հարցը. «80-ականների վերջի հայկական ավանգարդը անկախ երկրի գեղարվեստական մշակույթի մի հսկայական շերտ է, որն այսօր մենք կորցնում ենք, ուստի հարկավոր է պատկերասրահում հիմնել ժամանակակից արվեստի բաժին: Ես նույնիսկ ունեմ նման նախագիծ եւ պատրաստվում եմ հանդես գալ առաջարկով»,-ասաց նա:

Արվեստի քննադատը ընդգծեց նաեւ պատկերասրահում քանդակներ ներկայացնելու խնդիրը. «Այդ առումով մի շարք տեխնիկական խոչընդոտներ կան: Տեսեք` Փարիզում քանդակի ինչ չքնաղ պուրակներ կան: Կցանկանայի, որ մեզ մոտ էլ լինեին, իսկ դրա համար կանաչ տարածքներ են պետք»,-եզրափակեց նա:

Լուսանկարները` զրուցակիցների ֆեյսբուքյան էջերից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս