«ԿԱՏԱՂԱԾ ՑՈՒԼԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակչում 0։3 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ռաջաբ Բուտաեւին` նվաճելով արծաթե մեդալը։ Հիշեցնենք, որ Կազանում մեր երկրի առաջին մեդալը նվաճել էր 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը, որն արժանացել էր բրոնզե մեդալի: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Միշա Ալոյանը, որը 52 կգ քաշայինների մեջ համարվում էր հաղթողի հիմնական թեկնածուն, ցավոք, եզրափակչում պարտվեց` նվաճելով արծաթե մեդալ:
Մինչ սիրողական բռնցքամարտիկները պարզում են իրենց հարաբերություններն ուսանողական խաղերում, տեղեկանում ենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն այս տարի՝ աշնանը, կարող է միանգամից երկու ասոցիացիաների չեմպիոնական գոտիները հետ վերադարձնելու հնարավորություն ունենալ: Ինչպես հայտնում է BoxingScene.com-ը, Դարչինյանի թիմը սկսել է բանակցել WBA եւ WBO վարկածով չեմպիոն, Շակալ մականունով Գիլյերմո Ռիգոնդոյի հետ: Այդ մասին հայտարարել է կուբացի բռնցքամարտիկի պրոմոութեր Գերի Հայդը:
Հիշեցնենք, որ մայիսին Վիկը վստահ հաղթանակ տարավ մեքսիկացի Խավիեր Գալլոյի նկատմամբ՝ 4-րդ ռաունդում մրցակցին նոկաուտի ենթարկելով: 32-ամյա Ռիգոնդոյի եւ 37-ամյա Դարչինյանի միջեւ մենամարտը կարող է անցկացվել սեպտեմբերին, քանի որ կուբացի բռնցքամարտիկն այդ ժամանակ է մտադիր վերադառնալ ռինգ: Ի դեպ, Գ. Ռիգոնդոն նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2013-ի ապրիլին՝ միավորներով հաղթելով Նոնիտո Դոներին, որը 2007թ. ԱՄՆ-ում կայացած մենամարտի հինգերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի էր հասել հայ բռնցքամարտիկի նկատմամբ:
Իսկ ահա «Top Rank» պրոմոութերական ընկերության նախագահ Բոբ Արումը նշել է, որ աշնանը կկայանա երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների եւ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի միջեւ ռեւանշ մրցամարտը: Այն նախատեսվում է անցկացնել նոյեմբերին, սակայն Դարչինյանը հայտարարել է, որ մտադիր չէ այդքան երկար սպասել եւ օգոստոսին եւս մենամարտ է անցկացնելու։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Ռիգոնդոյի հետ կայանալիք մենամարտի մասին է, որից հետո «Կատաղած ցուլը» 2 շաբաթ հանգստանալու է եւ սկսելու է նախապատրաստվել Դոների հետ մրցամարտին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս