ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՏԻ ՏԱԼ
Բոլոր պատերազմների ժամանակ էլ պատմական հուշակոթողներ ավերվել են, եւ դա շարունակվում է նաեւ մեր օրերում։ Այս մասին երեկ մամլո ասուլիսում ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը։
Խնդիրն առավել շատ սրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները մեծաքանակ ավար տեղափոխեցին իրենց երկիր։ Մշակութային ժառանգությունը պահպանելու համար 1954թ. ընդունվել է Հաագայի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993-ին: Այն ստորագրել է մոտ 126 երկիր։ Հայաստանը ղարաբաղյան պատերազմի տարիներին պահպանել է կոնվենցիան եւ որեւէ մզկիթ չի ավերել, մինչդեռ Ադրբեջանն ավերել է բազմաթիվ հայկական եկեղեցիներ՝ դրանք վերածելով մզկիթների, եւ, օրինակ, Նախիջեւանի տարածքում այսօր հայկական հուշարձանների որեւէ հետք չկա: Բանախոսի խոսքով՝ հայկական հուշակոթողների նկատմամբ ջարդ իրականացրել եւ իրականացնում է նաեւ Թուրքիան, որը նույնպես միացել է Հաագայի կոնվենցիային։ Իսկ Հաագայի կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը կարող է դատի տալ Թուրքիային եւ Ադրբեջանին՝ իրենց տարածքներում գտնվող հայկական հուշարձանները ոչնչացնելու համար։ Իհարկե, կարող է դատի տալ հարեւաններին, բայց պետք է դատի տալ նաեւ հենց Հայաստանի Հանրապետության տարածքում պատմամշակութային հուշարձաններ ոչնչացնող մեր միջի թուրքերին ու ազերիներին:

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ
Տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում` «Ժողովուրդ»-ը, անդրադարձել են հայ հոգեւոր երգի թագուհի Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի բնակարանի, մեղմ ասած, անմխիթար վիճակին, վերջինիս հարազատների անտարբեր վերաբերմունքին եւ մշակույթի նախարարության կրավորական կեցվածքին: Սակայն այս հարցում սայլը տեղից չի շարժվում:
Մասնագիտությամբ թուրքագետ Սերգեյ Մանվելյանն արդեն մեկ տարի է` ուսումնասիրում է Լուսինե Զաքարյանի ստեղծագործական կյանքն ու գործունեությունը։ Երիտասարդ թուրքագետն ավելի շատ հանրությանը փորձում է ներկայացնել Լ. Զաքարյանի մարդկային տեսակը: Նա ցավով է նկատում, որ անցյալ տարի լրացավ երգչուհու 75-ամյակը, սակայն պետական մակարդակով ոչ մի միջոցառում չանցկացվեց: Հանուն արդարության պետք է նշենք, որ անցյալ տարի հունիսի 1-ին մայրաքաղաքի Եզնիկ Կողբացու 42 հասցեում, որտեղ բնակվել են երգչուհին ու նրա ամուսինը, տեղադրվեց Լ. Զաքարյանի հուշաքարը: Ցավոք, միայն այդքանը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս