ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը վերջերս ընդդիմադիր բոլոր ուժերին համագործակցության առաջարկ արեց` մասնավորապես նշելով «Ազատ դեմոկրատներ», Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին: Օրերս էլ իր հարցազրույցներից մեկում նա հայտարարեց, թե այդ հինգ ուժերից միայն մեկն է, որ բացառել է գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միավորվելու եւ դաշինք կազմելու տարբերակը: Նկատենք, սակայն, որ մնացած քաղաքական ուժերը եւս չեն շտապում հրապարակավ արձագանքել Բագրատյանի առաջարկին:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է նշված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
-Պարո՛ն Զուրաբյան, Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր որոշ ուժերի, այդ թվում եւ ՀԱԿ-ին, համագործակցության առաջարկ է արել: Արդյո՞ք առաջիկայում Ձեզ կտեսնենք միեւնույն հարթակի վրա, եւ Բագրատյանի` միասնական ճակատով իշխանափոխության հասնելու ցանկությունները, ըստ Ձեզ, իրականություն կդառնան:
-Չի բացառվում համագործակցությունը: Հիմա խոսում ենք, բանակցում ենք, եւ եթե պետք լինի, անհրաժեշտ լինի, կանցնենք ավելի խորը համագործակցության: Այս պահին չսահմանենք 15 հատ օրակարգ: Մեկ օրակարգ կա` ամենակարեւորն ու առաջնայինը` պահանջների միասնական պլատֆորմ ստեղծել, հիմա դրա վրա ենք աշխատում: Մենք որեւէ մեկի ցանկությամբ չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք մեր երկիրը զարգացման ուղու վրա դնելու անհրաժեշտությամբ եւ դրա համար ինչ-որ պետք է, կանենք:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` համագործակցության առաջարկի հետ կապված ո՞րն է Ձեր դիրքորոշումը:
-Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը եւ մենք հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ այն իրականություն դարձնելու համար: Առաջարկ եղել է Հրանտ Բագրատյանի կողմից ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ համագործակցության: Մենք ընդդիմության համախմբմանը երբեք դեմ չենք եղել, բայց այստեղ կա շատ էական մի հարց: Մենք գտնում ենք, որ համախմբումը եւ, ընդհանրապես, միավորումները պետք է լինեն բացառապես գաղափարական հենքի վրա, մնացած բոլոր տիպի միավորումները արհեստական են եւ ոչ արդյունավետ: Անհնարին է պատկերացնել, թե ինչպես կարող են, օրինակ, սոցիալիստները եւ ազատականները համախմբվել: ՀՀ-ում կան նաեւ այնպիսի քաղաքական ուժեր, որ իրենք էլ երբեմն չեն պատկերացնում, թե ինչ գաղափարախոսական հենքի վրա են գործում: Թե ինչպիսի զարգացում կունենա Բագրատյանի առաջարկը, կարծում եմ՝ 1-2 ամիս հետո արդեն տեսանելի կլինի, որովհետեւ դեռ ժամանակ կա այլ քաղաքական ուժերի մոտեցումները լսելու: Եւ ցանկացած քաղաքական ուժ, որը հստակ պատկերացումներ ունի իր անելիքների եւ մոտեցումների մասին, պետք է ձգտի իշխանափոխության, այլապես քաղաքական դաշտում նրա գոյությունը դառնում է անիմաստ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյան
-Պարո՛ն Մակեյան, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընդդիմադիր ուժերին, այդ թվում եւ «Նոր Հայաստանին», համագործակցության առաջարկ է արել: Պատրաստվո՞ւմ եք այն ընդունել:
-Բարդ է ասել, թե Հայաստանի պայմաններում այդ համագործակցության ակնկալիքներն ինչպիսին են, որովհետեւ հայտնի է, որ ընդդիմադիր դաշտի մի մասը վերահսկում է իշխանությունը, եւ բնական է, որ այդ համագործակցությունը բարդ է ստացվում: Հիմա միայն այն ընդդիմության հետ, որը դեռեւս պորտալարով կապված չէ իշխանությանը, փորձելու ենք համագործակցել: Բայց թե ինչ կստացվի, բարդ է ասել:
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, Աժ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ընդդիմության ներկայացուցիչներին միավորվելու եւ համագործակցելու առաջարկ է արել: Դուք, որպես «Ժառանգություն» խմբակցության անդամ, ի՞նչ մոտեցում ունեք այդ հարցում:
-Ինչքան համագործակցության դաշտեր ձեւավորվեն, այնքան օգուտ: Մենք ընդհանրապես միշտ այդ պառակտումներից ենք տուժել, եւ պետք է գիտակցենք, որ իսկապես անհրաժեշտ է, որպեսզի սովորենք համագործակցության մշակույթ ձեւավորել: Բայց կա խնդիր, որ համագործակցելիս մարդիկ պետք է պայմանավորվածություններ ունենան, թե ինչի հիման վրա են համագործակցում, որն է ընդհանուր ուղղությունը: Ցավոք սրտի, այն, ինչ որ ես եմ հիմա տեսնում, ոնց որ մրցակցություն լինի, թե ով առաջինը ասեց՝ եկեք, համագործակցենք: Կարծես թե միայն կոչերի պայքար է. մենք կոչ ենք անում ձեզ այս կամ այն ֆորմատով համագործակցել… Այդ ամենն այնքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ դու կարողանաս աշխատել նվիրված եւ միասնական ձեւով հասնես ցանկացած հարցի լուծման:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր մի շարք կուսակցությունների համագործակցության առաջարկ է արել: ՔՊ-ում պատրաստ են ընդունել այն:
-Մենք հունվարին եւ փետրվարին քաղխորհրդի նիստերի ժամանակ երկու որոշում ենք ընդունել. նախ, որ մենք ընտրություններին գնալու ենք բացառապես կուսակցականների ցուցակով, այսինքն՝ մեր կուսակցության ցուցակի մեջ պետք է ընդգրկվեն այն մարդիկ, ովքեր մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը անդամագրվել են կուսակցությանը: Երկրորդ որոշումն այն է, որ ընտրություններին գնալու ենք միայնակ` առանց որեւէ դաշինքների: Բագրատյանի առաջարկը վերաբերում է դաշինք կազմելուն, եւ սրա հետ կապված մենք ասելիք չունենք, որովհետեւ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել: Այլ հարցերի շուրջ` ոչ դաշինքի, եթե կլինեն առաջարկներ, կքննարկենք, դրա հետ կապված օրակարգը կհստակեցնենք եւ կգործենք ըստ այդ օրակարգի: Մենք նախկինում էլ ենք տարբեր ուժերի հետ քննարկումներ արել, համագործակցել, գործողությունների գնացել, հիմա էլ պատրաստ ենք, եթե այլ հարցեր կլինեն:
ԲԻԲԻՆ ՋԱՆ, ԿԼԻՆԻ՞ ԱՅՍՔԱՆ ՉԹԱՆԿԱՑՆԵՔ
Երեկ Ազգային ժողովում շարունակվեց «ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագրի» քննարկումը: Սակայն եթե նախորդ նիստում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հաջողվեց խուսափել պատգամավորների հարցերից, ապա երեկ պատգամավորները նրան «հարցախեղդ» արեցին:
ՀԾԿՀ գործունեության վերաբերյալ իրենց հարցադրումներում հատկապես ակտիվ էին Աժ ՀԱԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Հեղինե Բիշարյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր 70 տոկոսով ավելի թանկ ենք վճարում էլեկտրաէներգիայի համար` ընդգծելով, որ դա տարածաշրջանում ամենաթանկ գինն է: «Բիբինը մեր փողերը հավաքել է ու մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին վճարելու փոխարեն, եկել, մեր դուռը կտրել ու, ըստ էության, շանտաժ է անում, թե ձեր էներգետիկ համակարգը կրախի կենթարկվի, քանի որ ամբողջ գումարը տալիս եմ ռուսական ու ամերիկյան կապիտալով ընկերություններին: ՀԾԿՀ-ն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞, այսքան չթանկացնեք, այնքան թանկացնե՞ք, մի հատ էլ վիզ է ծռում: Ռուս-ամերիկյան դավադրություն է՝ էներգետիկ համակարգը սնանկացնելու համար, հետո էլ ասում եք՝ չքաղաքականացնել»,-վրդովվեց պատգամավորը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հույս հայտնեց, որ հաղթելով առաջիկա ընտրություններում՝ իրենք կկարողանան գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել 25 տոկոսով:
Զուրաբյանի այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` ասելով. «Լավ երազ է, որ կատարվի»:
Նշենք, որ ծրագիրն Ազգային ժողովի կողմից ընդունվում է ի գիտություն:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՍՏՈՒՄ Է
Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, սեփական անկարողությունը պարտակելու համար, սուտ տեղեկություններ է զեկուցում իր վերադասին: Խոսքը կիրակի օրը Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասին է: Բանն այն է, որ Վարդենիս-Երեւան երթուղային գծի սեփականատեր, Ֆառ անունով հայտնի Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել տաքսու վարորդ Արման Խչեյանին: Պատճառն այն էր, որ Արմանն իբրեւ թե ուղեւոր էր գողացել երթուղայինից: Այս ծեծի հետեւանքով Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը փակվել էր, երթուղու աշխատանքը դադարեցվել, քանի որ Արմանի ազգականներն ու հոր ազատամարտիկ ընկերները պահանջում էին ներողություն խնդրել Արմանից: Վարորդի հայրը Վարդենիսում հայտնի ազատամարտիկ, վաղամեռիկ Գառնիկ Խչեյանն է` Հեբո անունով: Ու քանի որ բախումը եղել էր Ֆառի հետ, որը հեղինակություն է, Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը քաջ գիտակցում է, որ համարձակությունը չի ների նրա դեմ դուրս գալ եւ ծեծին իրավական ընթացք տալ, ուստի որոշել է ստել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանապետ Ղամբարյանը, որը դեպքի օրը անգամ Վարդենիսում չի եղել, զեկուցել է, թե լուրջ բան չկա, «հարբեցողի տղու են ծեծել», «շոֆերի կռիվ է», «ինչ ազատամարտիկ»: Բայց հատուկ Ղամբարյանի եւ նրա վերադաս Գեղարքունիքի ոստիկանապետ Արսեն Ադամյանի, ինչպես նաեւ դատախազ Արսեն Արսենյանի համար նշենք, որ Հեբոն իր առողջությունը թողեց մարտի դաշտում, խաղաղ Հայաստանում մահացավ, որպեսզի մերօրյա իրավապահ կոչվածները վայելեն Սոթքի ոսկու հանքի բարիքները` անգամ կոտրած ոտքով: «Ժողովուրդ»-ը դեռ կհետեւի այս գործի ընթացքին:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՋԿԱ ՀԱՄԱՐ
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասում: Սարի թաղում թիվ 47 դպրոցի մոտ 17-ամյա տղան դանակի հարվածից մահացել է, իսկ 6 երիտասարդներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկվա դրությամբ Սարի թաղի բնակիչ մի խումբ երիտասարդներ փախուստի մեջ էին: Սարի թաղում տարածված լուրերի համաձայն՝ կռվի մասնակիցները եղել են մոտ 50 հոգի: Իսկ վիճաբանության պատճառը եղել է ինչ-որ աղջկա շուրջ ծագած անհամաձայնությունը: Սպանված 17-ամյա Արմեն Բաղդասարյանը դեպքի օրը եղել է եղբոր հետ, որը եւս վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով՝ իրավապահներն արդեն նրան հարցաքննել են:
ԴԱՀԿ-Ի ՆՎԵՐԸ ԿԱՆԱՆՑ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված աճուրդներում շարունակում են հայտնվել այնպիսի իրեր, որոնք կարելի է գնահատել որպես կանանց միամսյակի շրջանակներում կազմակերպված զվարճանք: Մասնավորապես, ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել 2 հատ օգտագործված օծանելիք, որոնք գտնվում են «Մետէքսիմ» մաքսային պահեստում եւ արժեն 2400 դրամ: