Հայաստանի քրեական աշխարհում արշալույսները կրկին խաղաղ չեն: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում բնակվող քրեական հեղինակություններ համարվող անձինք սկսել են տանը չլուսացնել, քանի որ իրավապահները մասշտաբային գործողություններ են սկսել քրեական տարրերի նկատմամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը հատուկ օպերացիա է սկսել քրեական տարրերի նկատմամբ: Այս օրերին քրեական հեղինակություն համարվող տարբեր կալիբրի մարդիկ տարբեր պատճառաբանություններով բերման են ենթարկվում ՀՀ ոստիկանություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները լսում են քրեական հեղինակությունների բացատրությունները, ապա խուզակություններ են կատարում նաեւ նրանց ավտոմեքենաներում, բնակարաններում, ինչպես նաեւ վերջիններիս պատկանող օբյեկտներում: Եւ այդ գործողություններն անարդյունք չեն անցել: Բանն այն է, որ այս օրերին իրավապահների կողմից քրեական տարրերին պատկանող սեփականություններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Ի՞նչի է պատրաստվում ոստիկանությունը
Արդյո՞ք ՀՀ իրավապահների այս գործողությունները կապված են առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների հետ եւ արդյո՞ք այս քայլով նրանք «գույքագրում» են իրականացնում քրեական աշխարհում` հասկանալու համար, թե ով եւ ինչպես կարող է իրենց պիտանի լինել: Ու այս իրավիճակը մի շարք հարցականներ է առաջացրել քրեական հեղինակությունների շրջանում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են բերվել Յուրա Ուտոեւը, որն առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը: Նշենք, որ վերջիններս ազգությամբ եզդի են: Ի դեպ, նրանց մոտ կատարված խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել:
Աննախադեպ հանդիպում
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպելու է ՀՀ ոստիկանության օպերատիվ ողջ անձնակազմին: Այս հանդիպումն աննխադեպ է այն առումով, որ ՀՀ ոստիկանապետը հանդիպման է կանչել միայն օպերներին, իսկ նրանց ղեկավարներին հրահանգվել է չներկայանալ ու չխանգարել:
Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության օպերատիվ անձնակազմը բնակավայրերում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ է հավաքում եւ, առհասարակ, համակարգի ամենատեղեկացված հատվածն է: Նրանք գիտեն, թե այս կամ այն քրեական հեղինակությունը որտեղ է ելումուտ անում: Վլադիմիր Գասպարյանն այս անգամ շարքային ոստիկանների հետ է գործողությունների պլան մշակելու եւ հրահանգներ տալու:
Չի բացառվում, որ այս քայլով ՀՀ ոստիկանապետը հերթական անգամ իր անվստահությունն է հայտնել ՀՀ ոստիկանության ղեկավար մարմինների նկատմամբ:
Մարտի 2-ին «ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետեր՝Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Ըստ տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որին ներկա էր եղել նաեւ հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը` Թեւոս Սաֆարյանը: Քրեական հեղինակության հետ «հաց կիսելը» չներվեց:
Եւ հիմա ոստիկանապետը շարքային օպերներին բացատրում է, որ չկաշկանդվեն քրեական հեղինակությունների հետ հարաբերվելիս եւ, ամենակարեւորը, չգայթակղվեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐԸ` ԻՐ ՄՏԱՎԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինչպես արդեն հայտնել ենք` 2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանության գործը քննվելու է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործով դատավոր է նշանակվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավել անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը տեղում, իսկ Լ. Ղազարյանն ու Դ. Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել են: Վ. Հակոբյանի, Ս. Հախանումյանի եւ Ս. Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
«Ժողովուրդ»-ը քրեական հեղինակությունների սպանության գործով դատաքննության ընթացքի մասին զրուցեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:
-Պարո՛ն Գաբրիելյան, քրեական հեղինակությունների սպանության աղմկահարույց գործն եք քննելու, չեք վախենո՞ւմ:
-Ես՞:
-Այո՛, Դուք:
-Իմ ամբողջ կյանքում, ինչքան դատավոր եմ աշխատում, սպասարկում եմ մեր էրեբունի մեկուսարանը, ամբողջ օրը ես այդ հանցագործների, ցմահ դատապարտյալների հետ եմ, ի՞նչի պետք է մտավախություն ունենամ: Դա աշխատանք է` կլինի քրեական հեղինակություն, կլինի ցմահ դատապարտյալ թե այլ մեկը: Դատավորը պարտավոր է իր աշխատանքը կատարել, եթե ոչ, ինչի համար է դատավոր աշխատում: Չէ՛, չէ՛, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, դա ինձ համար շարքային քրեական գործ է:
-Իսկ Ձեզ մոտ այս օրերին մարդիկ չեն եկե՞լ այդ «շարքային» գործի քննության հետագա ընթացքի հետ կապված խոսելու կամ այլ նպատակով:
-Ուրեմն ինձ մոտ որեւէ մեկը որեւէ գործով ընդհանրապես չի գա, այսքան ժամանակ չի փորձել, չի էլ կարող փորձել, եթե անգամ փորձեն, ես նրանց չեմ պատասխանում:
-Համակարգի՞չը ընտրեց Ձեզ, թե՞ «վերեւներից» համապատասխան հրահանգ կար, որ հենց Դուք պետք է քննեք գործը:
-Դուք գիտեք, որ ամեն ինչ համակարգչով է լինում, շնորհակալություն:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի 10-ին այցելել են Ղարաբաղում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին: «Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում: Հիշեցնենք, որ Ասկերովն ու Գուլիեւը դատապարտվել են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու համար: ԼՂՀ դատարանը 2014 թվականին Ասկերովին դատապարտել էր ցմահ, իսկ Գուլիեւին՝ 22 տարվա ազատազրկման:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ոստիկանապետը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները եւ այդ շրջանակում կարեւորել է երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը: Դեսպան Նովակովսկին էլ, բարձր գնահատելով գործընկերության մակարդակը, համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կշարունակվի ու կխորանա նաեւ երկու երկրների ավանդական գործակցության ընդլայնման շնորհիվ:
ՀԵՏԸՆԹԱՑ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Անդրադառնալով ԵՏՄ տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների համար ԱԱՀ-ի վերացմանը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, որ այն քաղաքացիները, ովքեր իրենց մեքենաները մաքսազերծել են մինչ օրենքի ուժի մեջ մտնելը, չեն կարող իրենց գումարների վերադարձման ակնկալիքներ ունենալ, քանի որ օրենքը նման հետընթաց գործընթաց չի նախատեսում:
ԱՊՕՐԻՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքաշինության եւ հողօգտագործման ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է ապօրինաշինության եւ հողազավթման 26 դեպք,14 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ»,-այս մասին երեկվա խորհրդակցության ժամանակ զեկուցվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
ԿՑՐՏԻ
Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 18-ի եւ 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2, -3, հողի մակերեւույթին` -4, -5 աստիճան ցուրտ: Նշված ջերմաստիճանային ռեժիմի գրանցման դեպքում կարող են վնասվել ծաղկած այգիները, մասամբ` նաեւ ծառերի ուռած բողբոջները:
ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻՑ ԶՐԿՎԵՑԻՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության շրջաբերականի համաձայն` 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով գարնանային արձակուրդ չեն ունենա:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի մեղադրանքը գործը հսկող դատախազը չի հաստատել, ինչի արդյունքում Գեւորգ Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է լրացուցիչ քննության: Ի դեպ, դատախազությունը վերացրել է Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության որոշումը գործը կարճելու մասին: