ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՂԵԿԻ ՍՏԱՆՁՆՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում այս տարվա փետրվարից սկսված խժդժությունները շարունակվում են: Ու դեռ ավարտը չի երեւում, քանի որ ինչպես կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, ինքնամաքրման գործընթացը դեռ երկար կտեւի:

Ինչպես հայտնի է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ամեն ինչ իրար խառնեց կուսակցության փոխնախագահ Աբրահամ Մանուկյանը, որը զբաղվում էր կուսակցության ֆինանսական բաշխումներով: Իհարկե, որպես վերջնանպատակ, Մանուկյանը ցանկանում է դառնալ ԲՀԿ նախագահ, որպեսզի քաղաքական առեւտրով զբաղվի եւ անձամբ կուսակիցներին պաշտոններ բաշխի համապատասխան վերաբերմունքի դիմաց: Եւ որպեսզի հասնի իր նպատակին, բնական է, պետք է դավեր նյութի կուսակցության գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:
Նա պարբերաբար կուսակցականների հավաք էր կազմակերպում, փորձում ամենատարբեր մեթոդներով շահագրգռել կուսակցականներին, որպեսզի դուրս գան Նաիրա Զոհրաբյանի դեմ: Եւ արդեն գտել էր մեկ-երկու անհատների, որոնք պատրաստ էին դա անել նաեւ հրապարակավ: Բայց երկուսն էլ, ըստ էության, հեռացվեցին կուսակցությունից. մեկը՝ ինքնակամ, իր դիմումի համաձայն՝ Վահան Բաբայանը, երկրորդը՝ Գեւորգ Պետրոսյանը, Ավանի տարածքային կառույցի որոշմամբ:
Ու եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ըստ ամենայնի, էլի հեռացումներ կլինեն:
Իսկ որտե՞ղ է Աբրահամ Մանուկյանը: Նա, ինչպես միշտ, ամենակարեւոր պահերին իր բիզնես գործերով երկրից դուրս է գալիս. «իջնում է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանն այս օրերին դարձյալ Մոսկվայում է: Բայց այնտեղից շարունակում է կուսակցության պառակտման գործընթացը:
Կապի մեջ է իր հավատարիմների հետ, հրահանգներ է տալիս, որպեսզի կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի անկարողության մասին հնարավորինս շատ խոսեն, բարձրաձայնեն, որ նա ազնիվ խաղացող չէ եւ միայն իր շահն ունի, որ կոնֆլիկտային է, նրան իշխանության բարձր ատյաններում չեն ընդունում եւ այլն:
Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյան-Նաիրա Զոհրաբյան հակասությունը կար նաեւ այն օրերից, երբ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից: Դեռ այդ ժամանակ Մանուկյանն ուզում էր դառնալ ԲՀԿ նախագահ, սակայն բանակցությունների արդյունքում, ի վերջո, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փաստացի որոշմամբ, Նաիրա Զոհրաբյանին վստահվեց կուսակցության նախագահի պաշտոնը, պայմանով, որ Մանուկյանն էլ կզբաղվի կուսակցության ֆինանսական ու տարածքային խնդիրներով: Սակայն Մանուկյանը, կարծես թե, չի հարմարվում այդ մտքին եւ ցանկանում է իր ծրագիրը մինչեւ վերջ կյանքի կոչել: Եւ ՀՀ վարչապետն արդեն «ձեռքերը լվացել է» կուսակցության ներքին խնդիրներից՝ հորդորելով «լեզու գտնել» միմյանց հետ:
Նկատենք, որ ԲՀԿ ներքին խմորումների մասին սկսեցին բարձրաձայնումներն այն ժամանակ, երբ Մանուկյանը սկսեց ֆինանսական դժվարություններ առաջացնել կուսակցության ներսում, որպեսզի դժգոհությունը կուտակվի եւ ուղղվի Զոհրաբյանի դեմ: Որպես արդյունք ստացավ այն, որ կուսակցության ֆինանսական «ղեկը» եւս իր ձեռքը վերցրեց Նաիրա Զոհրաբյանը: Ու հիմա կարելի է ասել, որ չի բացառվում՝ իրադարձությունների զարգացումը այնքան արագ տեղի ունենա, որ Աբրահամ Մանուկյանը որոշի առավել երկար մնալ Մոսկվայում, քան Հայաստանում:
Ամեն դեպքում, երկրի՝ թվով երկրորդ կուսակցության քաղաքական դիրքերի թուլացման քաղաքականությունը շարունակվում է: Տեսնենք՝ ինչով կավարտվի գործընթացը:
Համենայնդեպս, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք 2017 թվականի ընտրություններին մասնակցելու են՝ ընդդիմադիր դաշտում մնալով եւ հավակնելով ոչ թե 5, այլ առավել բարձր տոկոսներով մտնելու խորհրդարան: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՎԱՂԱՐՇԸ ՓԱԿԵԼ Է ԴՌՆԵՐԸ

Երեւանի Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է իր քմահաճույքները բանեցնել. նա այս անգամ էլ որոշել է շուկայի 14 մուտքերը փակել՝ թողնելով միայն 2 գլխավոր մուտքը:

Մինչ այս մոտ 10 հազար աշխատող ունեցող ոսկու շուկա կարելի էր մուտք ու ելք անել 14 մուտքերից, հիմա բոլորը փակ են: Ու եթե հրդեհ լինի կամ այլ աղետ, ոսկու շուկայի աշխատակիցներն ու այնտեղ գտնվող գնորդ-քաղաքացիները չեն կարողանալու պարզապես դուրս գալ այդ երկու մուտքերից: Ինչո՞ւ է սեփականատերը այդպիսի որոշում կայացրել: ArmLur.am-ը փորձեց ճշտել Վաղարշ Աբրահամյանից:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ եք 14 մուտքերը փակել՝ թողնելով 2 մուտք միայն:
-Բայց ո՞վ ասեց` մի հատ ա մնում, չորսը մուտք մնացել ա:
-Բա մյուսներն ինչո՞ւ եք փակել:
-Լավ ենք արել: Մարդիկ դժգոհում են, թող դատարան տան: Գրեք, թերթով խայտառակ արեք:
-Եթե վթար լինի, մարդիկ ո՞նց են դուրս գալու շենքից: Ի վերջո, խոսքը մի քանի հազար մարդու մասին է:
-Քո ի՞նչ գործն ա: Քաղաքացի ես` չորս հատ դուռ կա, դուրս արի, մնացած դռների մոտ էլ ախրանիկները կանգնած են, կասեն: Ապակուց դռներ են, ջարդի, դուրս արի:
Այս տարօրինակ ու ագրեսիվ բացատրությունից հետո նա անջատեց հեռախոսը:
ArmLur.am-ը փորձեց աշխատակիցներից պարզել՝ ինչպե՞ս է հնարավոր 4 մուտքերից դուրս գալ, եւ արդյո՞ք իրականում ոչ թե 2, այլ 4 մուտք է մնացել: Պարզվեց, որ Վաղարշ Աբրահամյանի ասած 4 բաց եւ թույլատրելի մուտքերից մեկը ճաշարանի մուտքն է, որտեղից սննդամթերք է մատակարարվում ճաշարանին, մյուս մուտքը «Արարատ» բանկինն է, այսինքն՝ մարդիկ պետք է մտնեն, բանկի ներսով դուրս գան: Իսկ իրականում ընդամենը 2 գլխավոր մուտքերն են մնացել:
Այսպիսով, Վաղարշ Աբրահամյանն իրեն ստրկատեր է պատկերացնում: Նա 21-րդ դարում մոտ 10 հազար ստրուկ ունի եւ նրանց հետ վարվում է՝ ինչպես խելքը փչի: Ու Հայաստանում կարծես թե չկա մեկը, որ նրա ձեռք բռնի:
Հիշեցնենք, որ նա 2014-ի սեպտեմբերի 25-ին ջարդուփշուր արեց ոսկու շուկայի աշխատակիցների սեղանիկները այն բանի համար, որ համարձակվել էին կառավարության շենքի առջեւ բողոքի ձայն բարձրացնել:
Ի դեպ, շուկայում խոսվում է այն մասին, որ Վաղարշ Աբրահամյանի՝ այս չլսված-չտեսնված որոշումը կապված է նրա բիզնես-գործունեության ծաղկման հետ: Այսպես, հնարավոր եւ միակ վարկածն այն է, որ Վ. Աբրահամյանն այսկերպ փորձում է շուկայի ճաշարանի մթերքներն ավելի արդյունավետ իրացնել: Բանն այն է, որ աշխատակիցների մեծ մասը դրսից է պատվիրում ընդմիջումների համար նախատեսված ուտելիքը, եւ որպեսզի վերջիններս օգտվեն միայն ներսից, Աբրահամյանը նման «փայլուն» գաղափար է մտածել: Այսկերպ առաքիչները հնարավորություն չեն ունենա ներս մտնել շուկա, քանի որ դուռը, որով նրանք կարող էին մտնել, հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԵՂԵ՞Լ ԷՐ, ԹԵ՞ ՈՉ
Իջեւանի բնակչուհի, 1975թ. ծնված Մարինե Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թ. սեպտեմբերի 13-ին՝ Իջեւանի քաղաքապետի ընտրությունների օրը, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դիտավորությամբ համաձայնություն է եկել իր ընկերուհի՝ Իջեւանի բնակչուհի Արմենուհի Աղասարյանի հետ, որպեսզի վերջինս, նրա մայրը եւ քույրը, յուրաքանչյուրը 7 հազար դրամ կաշառք ստանալու պայմանով, կողմ քվեարկեն Վ. Ներսիսյանի օգտին: Համաձայնության գալուց հետո պայմանավորվել են նաեւ, որ Մ. Ավանեսյանն Ա. Աղասարյանին կաշառքի գումարը փոխանցի Սոնա Բեջանյանի միջոցով: Այնուհետեւ նույն օրը ցերեկով, պայմանավորվածության համաձայն, Մ. Ավանեսյանը Իջեւանում հանդիպել է Ս. Բեջանյանին եւ նրան տվել 21 հազար դրամը՝ Ա. Աղասարյանին փոխանցելու համար, սակայն գումարը վերցնելուց անմիջապես հետո Ս. Բեջանյանն ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել, որտեղ նրա անձնական խուզարկությամբ այդ գումարը հայտնաբերվել է:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Մ. Ավանեսյանը իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել եւ որպես հավատացյալ, չէր կարող կաշառք տալ: Նա հայտնել է, որ բնակվում է իր հաշմանդամ քրոջ եւ նրա աղջկա հետ, նաեւ նշել, որ աղջկա համակարգչի մարտկոցը եւ լարը փչացել են, օգոստոսի վերջին ինքն իր ընկերուհի Արմենուհուց պարտքով 21 հազար դրամ է վերցրել, որպեսզի դրանք նորոգի: Սեպտեմբերի 10-ին Երեւանից վերադառնալուց հետո ցանկացել է գումարը վերադարձնել, Արմենուհուն զանգել է, սակայն վերջինս չի եկել գումարը տանելու: Գործով վկա Արմենուհի Աղասարյանը հայտնել է, որ առաջին անգամ լինելով ոստիկանությունում՝ ինքը շփոթված է եղել, կեղծ ցուցմունք է տվել գումարը պարտքով վերցնելու մասին, սակայն 2 օր անց հասկանալով, որ սխալվել է, գնացել է ոստիկանություն, ճիշտ ցուցմունք տվել, համաձայն որի` իրեն պետք է վճարեին 21 հազար դրամ իր, իր քրոջ եւ մոր կողմից Վ. Ներսիսյանի օգտին քվեարկելու համար: Դատավոր Զոյա Զաքինյանը համարել է, որ բացի Արմենուհի Աղասարյանի հակասական ցուցմունքներից՝ մեղադրանքը հիմնավորող այլ ապացույցներ չկան, իսկ չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի են: Դատարանը հատկանշական է համարել այն, որ համաձայն Ա. Աղասարյանի ցուցմունքի՝ ընտրատարածքից դուրս գալուց հետո վերջինս Մ. Ավանեսյանին հայտնել է, որ իր մայրն ընտրության չի գնալու, սակայն դրանից հետո Ավանեսյանը Ս. Բեջանյանին փոխանցել է 21 հազար դրամ, այսինքն` Ավանեսյանի մոր ընտրության չգնալու պատճառով գումարը չի պակասեցրել: Դատավորը վճռել է առաջադրված մեղադրանքում Մ. Ավանեսյանին արդարացնել նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, ինչպես նաեւ` նրա տնօրինմանը հանձնել գործով իրեղեն ապացույց ճանաչված 2 հատ տասը հազարանոց եւ մեկ հատ հազար դրամանոց թղթադրամները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս