«ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ՄԻԱՑՐԵՑ ՀՆԱՐՔԸ ԵՎ ԴԵՐԱՍԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ենգիբարյանի դիմախաղային գողտրիկ տեսարաններն առանց բառերի զարմանալի պատմվածքներ են մարդու ուրախության ու տխրության մասին: Ենգիբարյանը շարժման մեծ բանաստեղծ է: Նա հանճար է: Նրա անունը կմնա որպես լեգենդ»,- կրկեսի հայ մեծ դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի մասին նման կարծիք է հայտնել ֆրանսիացի հռչակավոր դերասան, ծաղրածու Մարսել Մարսոն:

Վերջինս միակը չէր, որ մարգարեացավ Ենգիբարյանի ապագայի մասին կանխատեսումներ անելիս: Այսօր` անվանի արտիստի ծննդյան 81-ամյակին, «Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ, ով եղել է Ենգիբարյանի աշակերտը: Իսկ քանի որ վերջինս, առհասարակ, որեւէ ուսումնական հաստատությունում չի դասավանդել, մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ Սոս Պետրոսյանն աշակերտել է նրան. «Ենգիբարյանին տարբեր տեղերից կանչում էին իրենց մոտ դասավանդելու, չէր գնում, չէր սիրում: Իսկ մեր շփումը սկսվել է 1966-ին, երբ կրկեսի հայկական կոլեկտիվը գտնվում էր Թբիլիսիում: Ես մոտեցա իրեն, ցույց տվեցի իմ հնարքները, նա ասաց` դու կլինես երկրորդ հայը, որ կընդունվի Մոսկվայի կրկեսային ուսումնարան: Արդեն 1970-ին՝ ավարտական քննությունների ժամանակ, նա եւս ներկա էր, եւ երբ տեսավ իմ համարը, հիշեց, եկավ կուլիսներ, ասաց, որ ինձ վերցնում է հայկական կրկեսի կոլեկտիվ (այն ժամանակ ինքն էր կոլեկտիվի ղեկավարը), դրանից հետո ինքն անընդմեջ ուղղորդել է ինձ իմ մասնագիտության մեջ»,-պատմեց պարոն Պետրոսյանը:
Նրա խոսքով` հենց Ենգիբարյանն էր, որ իրեն խորհուրդ տվեց կրկեսային համարներում մտցնել ազգայինի տարրը. «Եթե մյուս ձեռնածուները գնդակով կամ օղակով հնարքներ էին անում, նա խորհուրդ տվեց ինձ հանդիսատեսին ներկայանալ հայկական դհոլներով եւ փափախներով: Ես ընդունեցի այն եւ Ենգիբարյանի բեմադրած համարով հյուրախաղերով ելույթներ ունեցա աշխարհի 120 երկրներում»:
Ս. Պետրոսյանը պատմեց, որ արդեն 1970-ի դեկտեմբերին իրենք Երեւանում աշխատում էին անշլագներով. «Նրա կողքին ամեն օր կրթվում էի: Ենգիբարյանն ինձ ասում էր՝ միայն հնարքը քիչ է, դերասանություն է պետք, դերասանություն: Նա չէր կարող հենց այնպես ելույթ ունենալ` հանդիսատեսին զուտ ծիծաղեցնելու համար, նրա համար կարեւորը դրամատուրգիան էր»,-շեշտեց կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Նա հիշեց, թե ինչպես է իրեն մի անգամ հաջողվել լինել ոչ միայն Ենգիբարյանի աշակերտը, այլեւ խաղընկերը. «Բռնցքամարտի հայտնի համարը նա խաղում էր հաղթանդամ Ալբերտ Մինասյանի հետ: 1971-ին Բաքվի կրկեսում ելույթ պետք է ունենային, բայց Ալբերտը հանկարծակի հիվանդացավ: Ենգիբարյանը պետք է այդ համարով ներկայանար, բայց ու՞մ հետ, ոչ ոք չկար: Նա գիտեր, որ ես այդ համարը ծայրից ծայր հիշում եմ, ասաց. «Հենց դու էլ կխաղաս»: Այդպիսով Բաքվում մեկ շաբաթով ես դարձա նրա խաղընկերը, ինչը, իհարկե, մեծ պատիվ էր ինձ համար»:
Պարոն Պետրոսյանի խոսքով՝ կրկեսի հայկական կոլեկտիվի բոլոր անդամները միշտ դիտում էին Ենգիբարյանի խաղը, քանի որ վերջինս ամեն անգամ տարբեր կերպ էր ներկայացնում թեկուզ նույն, ամենքին հայտնի համարները. «Մենք մնում էինք, որ տեսնենք, թե այդ օրը ի՞նչ պետք է անի…»:
Խոսելով Ենգիբարյանի հանճարի մասին` Ս. Պետրոսյանը նկատեց. «Հայտնի է, որ կրկեսային ծաղրածուն հիմնականում «լցնում է» դերասանների դադարները: Օրինակ` երբ կրկեսի արտիստը ելույթ է ունենում գիշատիչների հետ, դրանից հետո ծաղրածուն պետք է զբաղեցնի հանդիսատեսին, մինչեւ որ բեմից վանդակները տանեն: Իսկ Ենգիբարյանի դեպքում ոչ թե ինքն էր լրացնում այդ դադարները, այլ մենք` դերասաններս էինք «լցնում» իր պաուզաները: Եվ հետո` նա ասում էր՝ իմ ելույթից առաջ մանեժում (կրկեսային բեմ) ոչինչ չպետք է լինի: Օրինակ` դհոլներով համարիցս հետո երկու դհոլ մնում էր բեմում, բանվորները պետք է գային դրանք տանեին, որ Ենգիբարյանը մտներ: Նրա ամեն համարը մինիատյուրա էր, արվեստի գործ, ուստի իր ելույթից առաջ բեմը պետք է, այսպես ասած, մաքուր լիներ»:
Ս. Պետրոսյանի խոսքով` Ենգիբարյանի հանճարը դեռեւս ուսումնասիրության կարիք ունի, բայց կա մի բան, որ անհերքելի է. «Նա կրկեսային ծաղրածուների մեջ առաջինն էր, որ միացրեց կրկեսային հնարքը դերասանի վարպետության հետ»:
Հ.Գ. 2015-ին լրացավ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը, որը, ցավոք, պետականորեն չնշվեց: Փոխարենը Երեւանի կրկեսը Մնջախաղի թատրոնի հետ նշեց այդ հոբելյանը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգից Հայաստան հրավիրվեց «Իմպերիալ» շապիտո-կրկեսը: Այսօր` մարտի 15-ին, լրանում է Ենգիբարյանի 81-ամյակը, սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Սոս Պետրոսյանը, պետությունը կրկին ոչինչ չի անում այս օրը նշանավորելու համար: «Վերջին անգամ մշակույթի նախարարության ջանքերով նշվել է Ենգիբարյանի 75-ամյակը, դրանից հետո նախարարությունում այդ հարցով չեն զբաղվել: Ի դեպ, Ենգիբարյանի 80-ամյակի շեմին ես գրություն էի ուղարկել մշակույթի նախարարություն, որպեսզի համատեղ նշենք այդ հոբելյանը, սակայն իմ առաջարկը, ցավոք, մնաց անարձագանք»,-ափսոսանքով նշեց Ս. Պետրոսյանը:
Գոնե այս տարի նախարարությունը կարող էր պետպատվերի շրջանակներում գումար հատկացնել, օրինակ, Ենգիբարյանին նվիրված հատուկ բեմադրության համար, բայց չարվեց: Իսկ, ահա, կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի շրջանավարտների ուժերով երկու խմբեր դերասանի 81-ամյակի առթիվ կմեկնեն մարզեր, այդ թվում` Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք, ելույթներ կունենան գյուղերի ժողովրդի, զորամասերի համար:
Ի դեպ, արտիստի անվան ստուդիա-դպրոցում այժմ լայնամասշտաբ ընդունելություն է ընթանում, ուսումն էլ այստեղ անվճար է:

 

 

 
«ԿՈՒԶԵՆԱՅԻ` ԴՈՒՍՏՐՍ ԻՆՁ ՆՄԱՆ ՓԱԿ ՉԼԻՆԵՐ»

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով ամիսներ առաջ մայրիկ է դարձել, ստեղծագործական դադար, որպես այդպիսին, չի ունեցել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ծննդաբերությունից մեկ ամիս անց արդեն հայտնվել է բեմում` ներկայանալով «Դոն Ժուան Ավիա» ներկայացման մեջ: Մեր այն հարցին, թե արդյոք դերասանուհին ավելորդ քաշի խնդիր չունի, վերջինս կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Իհարկե, ունեմ, ես տառապում եմ (ծիծաղում է): Բացի այն, որ ավելորդ քաշը գեղեցիկ չի նայվում, այն նաեւ վնասում է առողջությանը: Ամեն դեպքում, իմ ավելորդ կիլոգրամները շատ չեն»:

Ավելի վաղ դերասանուհին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, թե ինքը սառը մայր է, ինչից հետո նրա հասցեին հնչեցին մի շարք մեղադրանքներ. «Հիմա փակագծերը բացեմ: Ես ոչ թե սառը մայր եմ, այլ ամեն ինչի հետեւից չեմ վազվզում: Ես հասկանում եմ, որ երեխան պետք է լաց լինի. դա նորմալ է: Եվ որքան էլ ուշադիր ու հետեւողական լինեմ, ամեն նազուտուզի հետեւից չէ, որ ընկնում եմ: Ես գրկում ու սիրում եմ երեխայիս, բայց չեմ օրորում նրան: Երեխաս կարծես ծնված լինի դաստիարակություն ստացած` ճիշտ ժամին քնում է, ճիշտ ժամին արթնանում եւ ուտում»,-մեկնաբանեց Նաիրան:
Նա հավաստիացրեց, որ դուստրը` Մարիան, իր մասնագիտական գործունեությանը որեւէ կերպ չի խանգարում, ընդհակառակը, օգնում է. «Նրա խնամքի հարցում ինձ շատ են օգնում նրա հայրը եւ իմ մայրը»,-հավելեց դերասանուհին:
Մենք նաեւ հարցրինք` ունի արդյոք մեր զրուցակիցը բնավորության այնպիսի գծեր, որոնք չէր ուզենա, որ դուստրը ժառանգեր. «Կուզենայի` դուստրս ինձ նման չլռեր եւ փակ չլիներ. կարողանար իրեն առաջ տանել եւ համարձակ լինել: Իսկ, առհասարակ, կցանկանայի՝ նա անկեղծ մարդ լիներ, եթե դա չի ընդունվում, ուրեմն ճիշտ մարդկանցով չես շրջապատված»,-ասաց նա:
Անդրադառնալով դերասանական կարիերային` Նաիրան տեղեկացրեց, որ արդեն ունի գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, որոնց շուրջ մտածում է. «Այնպես է ստացվել, որ նկարահանվել եմ կատակերգություններում, բայց ինձ պատկերացնում եմ դրամատիկ, խորը իմաստ ու ասելիք ունեցող կերպարում: Կցանկանայի որպես դերասանուհի բացահայտվել նաեւ այդ տեսանկյունից»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՄԻԱՑԵԼ Է ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ
Հայկական Rozen Tal երաժշտական խումբը միացել է Գյումրու 13 ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նախաձեռնությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ մարտի 13¬ին տեղի ունեցած համերգի ողջ հասույթը խումբը նվիրաբերել է նախագծի իրականացմանը: «Երբ առաջին քայլերն էին ձեռնարկվում՝ իրականացնելու բարեգործական ակցիան, ես արդեն ունեի ցանկություն մասնակցելու այդ ծրագրին»,¬ ասել է խմբի կիթառահար եւ մեներգիչ Արմեն Եդիգարյանը: Տիգրան Համասյանի` Գյումրիում կայացած համերգի ընթացքում նրանց առաջարկել են միանալ դրամահավաքին` կազմակերպելով համերգ, եւ խումբը համաձայնել է:
Նշենք, որ Rozen Tal¬ը ձեւավորվել է 2015-ին: Խմբի առաջին ելույթը կայացել է օգոստոսի 15¬ին` հայկական River Fest բացօթյա փառատոնի ընթացքում, իսկ սեպտեմբերին տեղի է ունեցել նրանց առաջին մենահամերգը:

 

ԿՏԱՎՆԵՐԸ  ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Իսպանիայում գողացել են բրիտանացի հայտնի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի 5 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 30 մլն եվրո: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ` կողոպուտը կատարվել է նկարչի` ազգությամբ իսպանացի ընկերոջ եւ ժառանգի տանից. վերջինիս անունը, սակայն, պահվում է գաղտնի: Գողությունը կատարվել է հունիսին, սակայն այդ մասին հաղորդվում է այժմ: Գողերին հաջողվել է արգելափակել ազդանշանային համակարգը եւ իրենցից հետո հետքեր չթողնել: Բացի կտավներից` նրանք տարել են այլ թանկարժեք իրեր եւս: Կտավների սեփականատերը գողությունից անմիջապես հետո դիմել է ոստիկանություն, որոնք ավարը փնտրում են Իսպանիայում եւ դրանից դուրս, սակայն շոշափելի արդյունք դեռեւս չկա:
 

ԹՐԱՄՓԻՆ «ՎԻԺՎԱԾՔ» Է ԱՆՎԱՆԵԼ
Բոլորովին վերջերս հայտնի դերասան Ջոնի Դեփը որոշել էր ներկայանալ ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի կերպարով՝ նմանակելով այն դերասանին, որը թեկնածուի դերն է կատարում Funny or Die Presents Donald Trump՚s The Art of the Deal: The Movie կենսագրական ֆիլմում: Ինչպես փոխանցում է News.am style-ը` հղում անելով TMZ-ին, այս անգամ 51-ամյա դերասանը ելույթ է ունեցել Արիզոնա նահանգի համալսարանի ուսանողների առաջ: Երիտասարդների հետ զրույցի ընթացքում Դեփն իր տեսակետն է հայտնել Դոնալդ Թրամփի մասին:
«Ես տեսել եմ իսկական Թրամփին: Նրա մեջ չափից շատ խաբեություն ու ձեւականություն կա: Նրա համար ստեղծել են ինչ-որ արհեստական կերպար: Իսկ եթե խոսենք նրա իրական էության մասին, ապա ես նրան իսկական… վիժվածք եմ համարում»,- հայտարարել է Ջոնի Դեփը:




Լրահոս