ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում

Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է հերթական օրինազանցությունը: Լուսանկարում պատկերված ազգային անվտանգության ծառայությանը պատկանող 120ՏՏ02 համարանիշներով «NISSAN» մակնիշի ավտոմեքենան ճանապարհային երթեւեկության կանոնների ակնհայտ խախտում է կատարում: Լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ նշված ավտոմեքենան ուղիղ երթեւեկում է խաչմերուկի այն հատվածով, որտեղից թույլատրվում է երթեւեկել միայն աջ: Մնում է հուսալ, որ տեսախցիկները «կույր» չեն ձեւանա, եւ օրինախախտ իրավապահները կստանան իրենց արժանի պատիժը:

 

 
ՀԱՐՑ. Նկատել եմ, որ ներկրված յոգուրտները մի քանի ամսվա ժամկետ ունեն: Խնդրում եմ ասեք՝ որքանո՞վ է դա ճիշտ այն դեպքում, երբ հայաստանյան արտադրության յոգուրտների ժամկետը 10 օր է: Արդյո՞ք ներկրված յոգուրտները վտանգավոր չեն:

Անուշիկ Խաչատրյան (27 տարեկան, էջադրող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» TPTC 021/2011 տեխնիկական կանոնակարգի 2-րդ գլխի 7-րդ հոդվածի 6-րդ կետի՝ սննդամթերքի պիտանիության ժամկետները եւ պահպանման պայմանները սահմանում է արտադրողը:
Միաժամանակ հայտնում ենք, որ թույլատրելի սննդային հավելումների (կոնսերվանտների) օգտագործումը, տեխնոլոգիական գործընթացի ժամանակ կրկնակի ջերմային մշակումը, ինչպես նաեւ փաթեթավորման եղանակները հնարավորություն են տալիս արտադրանքի պիտանիության ժամկետը սահմանել մի քանի ամիս: (Սննդամթերքի պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ընթացքում սննդամթերքը պետք է ամբողջությամբ համապատասխանի դրան ներկայացվող՝ սննդամթերքի առանձին տեսակների համար սույն տեխնիկական կանոնակարգով եւ ՀՀ տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ անվտանգության վերաբերյալ պահանջներին, ինչպես նաեւ պետք է պահպանի մակնշվածքում ներկայացված իր սպառողական հատկությունները, որի լրանալուն պես սննդամթերքը պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման):

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանյան շուկան լի է ջերմամշակման ենթարկված յոգուրտներով, որոնք ներկրվում են արտերկրից: Վերջիններիս պահպանման ժամկետը մեկ ամսից ավելի է, եւ դրանք չեն կարող պարունակել օրգանիզմին անհրաժեշտ կենդանի բակտերիաներ, քանի որ վերջիններիս կյանքի առավելագույն տեւողությունը 30 օր է: Ի տարբերություն ջերմամշակված յոգուրտների՝ կենդանի յոգուրտների պահպանման ժամկետը 10-30 օր է, դրանք զերծ են կոնսերվանտներից, պարունակում են վիտամինների մի ողջ կազմ՝ C, A, B1, B6, B12, E, D, Ca, Na, K եւ մի շարք այլ միկրոէլեմենտներ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Օրեր առաջ այցելեցի Երեւանի քաղաքապետարան, որպեսզի դիմում հանձնեմ: Ինձ պատասխանեցին, որ առանց իմ ID քարտի կամ անձնագրի կրկնօրինակի չեն կարող ընդունել իմ դիմումը: Փոքր-ինչ վիճաբանեցի, բայց ոչ մի արդյունքի չկարողացա հասնել: Չնայած ես քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրեցի իմ հեռախոսահամարը, բնակության հասցեն, բայց նրանք այդպես էլ չվերցրին իմ դիմումը: Մի՞թե սա նոր կարգ է `առանց անձնագրի կրկնօրինակի չվերցնել քաղաքացու նամակ-դիմումները:

Սերգեյ Հայրապետյան (57 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է, որ եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր: Քաղաքացու դիմումի պատասխանը, որը հանդիսանում է գրավոր վարչական ակտ, քանի որ դրանում արտացոլված են վարչական ակտին բնորոշ բոլոր տարրերը, եւ այն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման համար, համաձայն նույն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի, որպես կանոն, պետք է հանձնվի վարչական վարույթի մասնակիցներին ստորագրությամբ, առձեռն հանձնելու միջոցով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիմումատուից ընդամենը պահանջվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:




Լրահոս