ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: Այս իրադարձությանը նախագահականի պաշտոնական կայքն անդրադառնում է ամեն տարի՝ պարտաճանաչ կերպով տեղեկացնելով նաեւ Սերժ Սարգսյանի ստացած շնորհավորանքների մասին: Սակայն այդ հաղորդագրություններն ամեն տարի ունենում են մեկ ուշագրավ առանձնահատկություն: 
Նախագահականը մի կողմից շեշտում է, որ Սերժ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից, սակայն ամեն անգամ ներկայացնում է միայն ՌԴ նախագահի ուղարկած շնորհավորական ուղերձի տեքստը: Այդպես արվել է նաեւ այս տարի՝ ընդ որում, մինչեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը մեջբերելը, կրկին կայքում շեշտվել է, որ նա Ս.Սարգսյանին շնորհավորել է “ի թիվս այլ երկրների ղեկավարների”: Իսկ Պուտինը իր շնորհավորանքի մեջ հարկ էր համարել նաեւ որոշ քաղաքական շեշտադրումներ անել. “Մեր վերջին հանդիպումները նպաստեցին երկկողմ քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում կառուցողական համագործակցության, միջազգային ասպարեզում, հատկապես՝ ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Այդ ամենը բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի արմատական շահերից, ընթանում է Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման հունով”:
2012թ. հունիսի 30-ի հաղորդագրության մեջ եւս, չնայած ասված է, որ այլ երկրների ղեկավարներ էլ են շնորհավորել Ս.Սարգսյանի ծննդյան օրը, սակայն կրկին միայն Պուտինի շնորհավորական ուղերձն է ներկայացված:
Իսկ 2011թ. Ս.Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ երկու հաղորդագրություն է տարածվել. մեկում նշված է, որ Սարգսյանն իր ծննդյան օրվա առիթվ շնորհավորանքներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, կազմակերպություններից, անհատներից: Իսկ մյուս հաղորդագրության մեջ նախագահականը կրկին առանձնահատուկ տեղեկացնում է, որ ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սարգսյանի հետ ծննդյան օրվա առթիվ հեռախոսազրույց է ունեցել, բացի այդ, նաեւ շնորհավորական ուղերձ հղել: Ու կրկին՝ մեջբերված է միայն Մեդվեդեւի ուղերձը: Եւ այսպես շարունակ:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, ի տարբերություն Մեդվեդեւի, որը ե՛ւ զանգահարում էր Ս.Սարգսյանին, ե՛ւ ուղերձ հղում, Պուտինը հիմա բավարարվում է մի գործողությամբ՝ շնորհավորական մի քանի նախադասություն ուղարկելով:
Բայց այստեղ երեւույթն է կարեւոր: ՀՀ նախագահի պաշտոնական էջում ամեն տարի ներկայացվում է միայն ՌԴ նախագահի՝ Ս.Սարգսյանին ուղղված շնորհավորանքը, իսկ մյուս պետությունների ներկայացուցիչների ուղերձներից մեկ նախադասություն անգամ չկա մեջբերված: Խոստովանենք, սա ե՛ւ մարդկային, ե՛ւ առավել եւս դիվանագիտական էթիկայի տեսանկյունից պարզապես ,սիրուն չէե: Համենայնդեպս, Հայաստանը, գոնե ՀՀ Սահմանադրության համաձայն, ՌԴ ֆորպոստը կամ գուբերնիան չէ, ոչ էլ հավատարմության անխախտ երդում է տվել ՌԴ-ին՝ աշխարհի մյուս պետություններին հռչակելով իրեն թշնամի:
Այնպես որ, տրամաբանությունն ու էթիկայի տարրական նորմերը հուշում են, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում պետք է պահպանել հավասարակշռություն: Ըստ այդմ, նախագահականը պետք է ներկայացնի կա՛մ բոլոր օտարերկրյա պետությունների ղեկավարների հղած ուղերձները, կա՛մ էլ ծայրահեղ դեպքում կարող է առանձնացնել այն երկրների ղեկավարների ուղերձները, որոնց հետ Հայաստանն ունի ամենամտերիմ հարաբերություն, այլ ոչ թե մեջբերեն միայն ու միայն ՌԴ ղեկավարի շնորհավորանքը:
Ավելին, նախագահականը նույնիսկ հարկ չի համարել այս տարիների ընթացքում անվանապես թվարկել, թե, բացի ՌԴ-ից, ուրիշ որ երկրների ղեկավարներն են շնորհավորել Ս.Սարգսյանին: Սա եւս հազիվ թե տեղավորվի էթիկետի շրջանակներում: Նման գործելաոճը նաեւ կասկածներ է ծնում. իսկ միգուցե իրականում ոչ մի ուղերձ էլ չկա՞ այլ երկրներից, կամ էլ այնքան քիչ են եղել շնորհավորանքները, որ նախագահականն ամաչո՞ւմ է հրապարակել: Չի բացառվում:
Իսկ մինչ այդ մի պահ պատկերացրե՛ք մյուս օտարերկրյա ղեկավարների վիճակը, որոնք Ս.Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելուց հետո պարզում են, որ իրենց քայլը որեւէ ուշադրության չի արժանացել ու նախագահականի պաշտոնական կայքում տող անգամ չկա այդ մասին: Իրոք որ, սիրուն չէ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 579 համար




Լրահոս