Ռուզաննա Խաչատրյանը փորձում է այրել այն գիրքը, որի ստեղծագործությունը չկարողացավ հանդուրժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում մեկնարկեց «Հրապարակ» թերթի վերաքննիչ բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանի որոշման, որով օրաթերթին պարտադրվում է «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը հանել կայքից և հերքում տեղադրել։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 29-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 21-ին «Հրապարակ»-ը տպագրել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որում անդրադարձ կա hzham.am կայքում տեղադրված Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի ծանոթության պատմությունը, նաև 2002 թվականին տեղի ունեցած մի վթարի, որի արդյունքում, ըստ նույն կայքի, մահացել է Ռուզաննա Խաչատրյանի մտերիմ ընկերը, իսկ ղեկին հարբած Ռուզաննա Խաչատրյանն է եղել: Նախարարի կինը հերքել է այս տեղեկությունը, ինչը ևս տեղ է գտել հոդվածում: Սակայն Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը համարել է, թե լրատվամիջոցը զրպարտել է իր վստահորդին և չի ճշտել նրանից այս տեղեկությունը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նույն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, որոշեց օրաթերթից պարտավորեցնել հերքում տպագրել:

ArmLur.am-ի հետ զրույցում նախարարի կնոջ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը կարծիք հայտնեց, թե վերաքննիչի բողոքը անհիմն էր, և որ դատարանը ճիշտ վճիռ էր կայացրել, ըստ որի այդ զրպարտությունը պետք է հերքվեր, իսկ զրպարտողը հոդվածը հեռացվեր. «Գտնում ենք, որ վերաքննիչը կմերժի հայցը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Բողոքաբեր կողմը ներկա չէր նիստին, ուստի` դատարանի կողմից որևէ հարց չի հնչեցվել:

Դատարանի վճիռն, իհարկե, սպասելի էր, քանի որ ի սկզբանե լուրեր էին պտտվում, թե քաղաքական պատվերն արդեն իսկ եղել է: Եվ կայքից հոդված հեռացնելու որոշումը գիրք այրելուն հավասարազոր է: Դա, փաստացի, նշանակում է ոչնչացնել ստեղծագործությունը, որովհետև չես հանդուրժում այն, ինչ այնտեղ գրված է:

Որևէ օրենսգրքով նման կարգավորում չկա: Եվ տեղին էր առաջին ատյանի դատարանում պատասխանողի այն դիտարկումը, որ հանրային անձը պետք է կարողանա ընդունել, որ նրա մասին գրում են, և հանրությունն ուզում է իմանալ` ով է նա, ինչ են նրա մասին խոսում:

Տաթև Հարությունյան




Լրահոս