Մարտի 17-ին ժամը 23:03-ին, Նորագավիթ-Մասիս հատվածի կարգավորվող գծանցում «ՎԱԶ-2106» ավտոմեքենան բախվել է 1621 բեռնատար գնացքի ВЛ10 №631 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով կանոնները, շրջանցեց արդեն փակված ուղեփակոցը և, անտեսելով հերթապահի կարգադրությունները, հայտնվեց երկաթուղային գծերում, բեռնատար գնացքի առաջ:
Չնայած արգելակմանը՝ բախումից հնարավոր չէր խուսափել: Մեքենայի վարորդը հոսպիտալացվեց:
Բախման արդյունքում և վերապրած սթրեսի հետևանքով՝ գնացքի մեքենավար Արսեն Տերտերյանը չկարողացավ շարունակել աշխատանքը, իսկ ոսկու հանքաքար տեղափոխող գնացքն ուշացվեց 1 ժ 15 ր, ինչը լրացուցիչ նյութական վնաս պատճառեց Ընկերությանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:
Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները, միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը…
Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին: