ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄՈՏ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ:  «Ադրբեջանն այլ ելք չունի եւ զինված ուժերը հզորացնելու միջոցով պետք է ազատագրի գրավյալ տարածքները»,-«Ռեգնում»-ի փոխանցմամբ` հայտարարել է Աբիեւը Բաքվում Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «Ադրբեջանական հողերը, որոնք բռնազավթվել են Հայաստանի օկուպանտական քաղաքականության արդյունքում, չեն վերադարձվում արդեն 20 տարի: Չնայած հակամարտությունը խաղաղ ձեւով կարգավորելու ջանքերին` Հայաստանը շարունակում է իր օկուպանտական քաղաքականությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նույնպես առայժմ չի տվել որեւէ արդյունք»,-ասել է նա: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
-Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ՊՆ Սաֆար Աբիեւի վերջին հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ:
-Գիտեք ինչ, նման հայտարարություններ միշտ էլ անում են, ու նրանց հայտարարությունը չէ, որ պետք է մեզ համար հիմք հանդիսանա, որ մենք էլ մեր բանակը մարտունակ վիճակում պահենք: Դրա շնորհիվ չէ, որ մենք պետք է բանակաշինության գործընթացի վրա ուշադրություն դարձնենք: Եթե իրենք պատրաստվում են պատերազմի, ապա պետք է իմանան, որ մենք միշտ էլ պատրաստ ենք կասեցնել նրանց նախահարձակումը կամ հարձակումը: Եվ այս անգամ ուղղակի ստիպենք, որպեսզի այլեւս նման քայլի չդիմեն:  Նրանց մոտ կան հոգեբանական խանգարվածության վառ արտահայտված երեւույթներ: Եթե մի պետություն իր մատաղ սերունդը դաստիարակում է ֆաշիզմի եւ նացիզմի գաղափարով, ապա դա երբեք լավ բանի չի բերելու. առաջին հերթին Ադրբեջանի իշխանության ու ժողովրդի համար: Մի բան պետք է հասկանալ, որ մենք նման հայտարարություններից չենք վախենում, չենք սարսափում, դա հաշվի ենք առնում եւ ըստ այդմ էլ կառուցում մեր անվտանգության քաղաքականությունն ու բանակաշինության գործընթացը:
-Իհարկե, վախենալը լավ բան չէ, բայց իսկապե՞ս այսօր հայկական զինված ուժերը պատրաստ են պատերազմի…
-Գիտեք ոնց, եթե իրենք իրենց մեջ զգային բավական ուժ… Դուք ասում եք՝ մենք պատրաստ ենք արդյոք… իրենք, ի տարբերություն մեզ, կասկածի տակ չեն դնում: Եթե մի փոքր անգամ իմանային, որ կարող են հաղթել, վաղուց արդեն հարձակվել էին, այնպես, ինչպես արեցին 1988թ., 1991թ. եւ այլն: Հիմա՝ այս պահի դրությամբ, քանի որ պահպանվում է զինադադարի ռեժիմը, սա լավագույն ապացույցն է, որ ոչ միայն պատրաստ ենք, այլեւ հարկ եղած դեպքում իրենց կպարտադրենք խաղաղության: Դրա համար էլ պահպանվում են հրադադարն ու կայունությունը:
-Վերջերս Ադրբեջանը մեր ռազմավարական կոչված դաշնակցից գնեց հզորագույն «Սմերչ» զինատեսակը..
-Հիմա «Սմերչ»-ն այդ ի՞նչ զինատեսակ է, որ բոլորիդ վախեցրել է, մենք ունենք համարժեքը: Դա ատոմային ռումբ չէ, որ ասես, կամ թե` նետրոնային ռումբ են ստեղծել, լազերային ինչ-որ զենքեր ունեն… Չէ՛, ընդամենը զենք է, որի համարժեքն ունենք նաեւ մենք, ինչի՞ մասին է խոսքը:
-Այդուամենայնիվ, Ձեզ չի՞ մտահոգում ադրբեջանական զինուժի` մեկ միլիարդի ռուսական զինամթերքով համալրվելու փաստը: Ի վերջո, դրանով ադրբեջանական բանակը զգալիորեն հզորացավ:
-Այո՛, գնել են, բայց դա որեւէ բան չի նշանակում: Նախեւառաջ՝ Դուք գիտեք, որ դա շատ լավ դրամ շորթելու տեղ է, բացի այդ, դրանով ուղղակի ուզում են ահաբեկել: Մենք պետք է մի բան հասկանանք. քանի դեռ պատերազմական գործողություններ չեն գնում, պատերազմը գնում է տեղեկատվական դաշտում: Այն, որ իրենք նման բաներով ամեն անգամ ահաբեկում են, դրա վառ ապացույցն է: Մի ասացվածք կա. «Հաչող շունը չի կծում», դրա համար էլ պետք չէ նման բաներից ահաբեկվել:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
-Պարո՛ն Զաքարյան, Ադրբեջանի ՊՆ Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Ի՞նչ է նշանակում դա, եւ արդյոք Հայաստանը պատրաստ է պատերազմի:
-Ադրբեջանը, 1994թ. մայիսի 13-ից սկսած, իր բանակը պատրաստում է պատերազմի: Դա նորություն չէ, եւ, բնականաբար, նրանք, այսպես ասած, պատրաստվածության հարձակվողական տակտիկական ուղղությունն են ընտրել: Ուստի ամբողջ բանակի սպառազինությունն ու գործողությունների պլանավորումը հարձակվողական նշանակության  է: Մեր խնդիրը երկրի պաշտպանունակության ամրապնդումն է, մեր երկրի անվտանգության բարձրացումը: Եվ մենք բավական հավասարակշռված ձեւով տարիների ընթացքում զարգացրել ենք այդ ամենը: Այսօր որեւէ փորձագետ կամ մասնագետ ադրբեջանական բանակին երբեք չի ասել, որ ռազմական արկածախնդրություն սկսելու պարագայում կարող է հասնել հաջողության: Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը գաղտնիք չէ մեզ համար, եւ դա էլ նկատի ունենալով` մենք պարբերաբար ավելացնում, ուժեղացնում եւ ավելի բարձր հիմքերի վրա ենք դնում մեր պաշտպանունակության եւ անվտանգության համակարգերը: Ի դեպ, այդ քայլով տարածաշրջանի զարգացման բոլոր հեռանկարների կործանումն ընկնելու է Բաքվի արկածախնդիր եւ անհեռատես իշխանությունների պատասխանատվության տակ:
Հ.Գ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փխրուն հրադադարի ռեժիմը լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Այս մասին ադրբեջանական կայքերից մեկի հետ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս