ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս հանցավոր խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի ընտանիքը առաջիկայում մտադրություն ունի քրեական պատասխանատվության կանչել այն բժշկներին, որոնք վտանգի տակ են դրել կալանավորվածի կյանքը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին, նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր «հանցավոր խումբ», ինչի շրջանակներում կալանավորվել էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ:
Մարտի 21-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ. «Փետրվարի 15-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում իրականացվել է Վ. Շիրխանյանի ստորին վերջույթների վերոնշյալ հետազոտությունը: Հաջորդ օրը կալանավորը ենթարկվել է անոթային վիրաբույժի խորհդատվության, ով, հիմք ընդունելով դուպլեքս հետազոտության եւ հիվանդի զննության արդյունքները, նշանակել է համապատասխան բուժում, ինչից հետո Վահան Շիրխանյանը զննվել է իր կողմից հրավիրած անոթաբան Լեւոն Մանուկյանի կողմից, ինչից հետո նշանակվել է կրկնակի դուպլեքս հետազոտություն:
Փետրվարի 18-ին Վահան Շիրխանյանը տեղափոխվել է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություններից հետո ախտորոշվել է «Ձախ ստորին վերջույթի մակերեսային ազդրային» խորանիստ ազդրային, ընդհանուր ազդրային երակների սուր վերել ֆլեբոթրոմբոզ, աջ ստորին վերջույթի խորանիստ երակների հետթրոմբոտիկ փոփոխություններ: Կատարվել է վիրահատություն՝ նիտիլոնային կավա-ֆիլտրի տեղադրում աջ լծային երակից: Ներկայումս կալանավորված անձ Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո եւ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցման առկայությամբ պայմանավորված` բուժումը կշարունակի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում»:
Այս պաշտոնական հաղորդագրությունը ընթերցելով՝ տպավորություն է, որ Վահան Շիրխանյանի մասին ԱԱԾ-ում մեծապես հոգ են տանում, ու նրա վիճակը կլավանա:
Խոշտանգման են ենթարկում, իսկ նախարարը լռում է
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի կինը` Բուրաստան Շիրխանյանը, աղմկալի մանրամասներ պատմեց իր ամուսնու բուժման մասին: Պարզվում է՝ այն, ինչ գրված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ենթակայության տակ գտնվող ՔԿՎ վարչության հայտարարության մեջ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Վահան Շիրխանյանին ԱԱԾ մեկուսարանում պարզապես խոչտանգման են ենթարկում:
Ինչի մասին են խոսում փաստերը
Եվ այսպես՝ հունվարի տոներից հետո Վահան Շիրխանյանի ընտանիքը պարբերաբար ահազանգել է ԱԱԾ-ին եւ հայտնել, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է, եւ նրան անհրաժեշտ է բուժօգնություն: Սակայն հարազատների ահազանգերը անտեսվել են, եւ միայն փետրվարի 15-ին ԱԱԾ մեկուսարանից Վահան Շիրխանյանին տարել են «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ հետազոտության: Այստեղ բժիշկը տվել է եզրակացոււթյուն այն մասին, որ Վահան Շիրխանյանի ձախ ոտքն ամբողջությամբ մաքուր է, իսկ աջ ոտքում կա մեկ թրոմբ:
Երբ Վահան Շիրխանյանի ընտանիքի անդամները պահանջել են ռենտգեն հետազոտության արդյունքները, «մեզ պատասխանեցին, թե սարքը փչացել է, չենք կարող տալ: Այստեղ հարց է առաջանում՝ եթե սարքը չի աշխատում, ինչպես են ԲԲԸ-ի աշխատակիցները հետազոտություն իրականացրել»,- տարակուսեց Շիրխանյանի տիկինը:
Իսկ, ահա, մեկուսարանի բժիշկը խորհուրդ է տվել Վահան Շիրխանյանին շատ քայլել եւ ոտքը հաճախ մերսել, մինչդեռ այդ երկու գործողությունները տվյալ հիվանդության պարագայում ուղղակի հակացուցված են:
Սաքունցի միջնորդությամբ
Այնուհետեւ Վահան Շիրխանյանի ընտանիքը կրկնակի հետազոտություն անելու խնդրանքով դիմել է «Երեւան-Կենտրոն» ՔԿ ղեկավար Վահե Պապոյանին, սակայն մերժում է ստացել: Շիրխանյանների խնդրանքները տեղ են հասել միայն այն ժամանակ, երբ գործին խառնվել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա կողմից բարձրացված աղմուկից հետո է միայն հնարավորություն տրվել Վահան Շիրխանյանի նախընտրած բժշկին «Վլադիմիր Ավագյան» բժշկական կենտրոնից մտնել, այսպես ասած, ԱԱԾ մեկուսարան: Բայց մեկ օր ուշացումով, քանի որ առաջին օրը բժշկից պահանջել են համապատասխան տեղականք, մինչդեռ նա իր հետ ԱԱԾ է տարած եղել իր դիպլոմը:
Բժշկական հակասությունը
Ըստ տրամաբանության՝ վերոնշյալ ԲԿ-ի բժիշկը պետք է տար նույն գնահատականը, ինչը տրվել էր «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում, բայց ոչ: «Վլադիմիր Ավագյան» ԲԿ-ի բժիշկը հայտնել է, որ Շիրխանյանի «մաքուր հետազոտած» ձախ ոտքի մեջ բազմաթիվ թրոմբներ կան, որոնք ամեն քայլափոխի կարող են վտանգի տակ դնել Վահան Շիրխանյանի կյանքը: Բժշկի այս բացահայտումից հետո՝ մարտի 18-ին, այլ ոչ թե փետրվարի, ինչպես նշված է ՔԿՎ հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ, Վահան Շիրխանյանին գիշերով հրատապ տեղափոխել են հիվանդանոց: Նրա թրոմբները շարժվել են, ոտքից բարձրացել որովայն, եւ ինքնազգացողությունը վատացել է:
Հասցրին ինֆարկտի
Եվ, ահա, հիվանդանոցում գիշերը հայտնի է դառնում, որ Վահան Շիրխանյանի ոտքի թրոմբները շարժվել են մի քանի օր առաջ, ու քանի որ համապատասխան միջամտություն չի իրականացվել, ազատազրկվածը թոքի ինֆարկտ է ստացել: Սակայն, բարեբախտաբար, հաջողվել է փրկել Շիրխանյանի կյանքը, քանի որ թրոմբները փոքր են եղել:
Նշենք, որ այս օրերին Վահան Շիրխանյանի վզի երկու երակներից ծակել եւ ֆիլտրեր են դրել, որպեսզի եթե թրոմբները շարժվեն, գան կպնեն ֆիլտրերին եւ չկարողանան այլեւս առաջ գնալ: Բայց սա ոչ թե բուժում է, այլ վտանգի կասեցում:
ՔԿ պետի անպատասխանատվությունը
Նշենք, որ վիրահատությունից հետո ընդամենը 2 օր է Շիրխանյանը հիվանդանոցում մնացել: Նա ունեցել է բարձր ջերմություն, չի կարողացել քայլել, խոսել, հյուծված ու նիհարած է եղել, սակայն ՔԿ-ի տնօրեն Վահե Պապոյանը անձնական պատասխանատվություն է ստանձնել Շիրխանյանի առողջության համար՝ նրան տեղափոխելով ԱԱԾ մեկուսարան:
Բայց, ինչպես մեզ տեղեկացրեց Վահան Շիրխանյանի կինը, անձնական պատասխանատվություն ասվածը «Երեւան-Կենտրոն» ՔԿ պետի մոտ այնքան էլ լուրջ ընկալում չէ, որովհետեւ նա մեկուսարանից շարունակում է զանգել հարազատներին եւ դեղեր ուզել Շիրխանյանի համար: Ստացվում է, որ պետի անձնական պատասխանատվությունը ապահովում են Վահան Շիրխանյանի ընտանիքի անդամները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի կինը հայտնեց, որ իրենք առաջիկայում մտադրություն ունեն քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված քայլեր ձեռնարկել «Երեւան-Կենտրոն» ՔԿ պետ Վահե Պապոյանի նկատմամբ, որը, ըստ էության, «խոշտանգում է Վահան Շիրխանյանին եւ ակնհայտ առողջության հետ խնդիրներ ունեցող մարդուն պահում մեկուսարանում: Երկրորդ թիրախում քրեական պատասխանատվության առաջ կկանգնեն «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ի աշխատակիցները, որոնք սխալ եզրակացություն են տվել, եւ երրորդը՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿ-ի բժիշկը, որը սխալ ցուցումներ է տվել: Ըստ էության, վերոնշյալ անձինք ամեն ինչ անում են, որպեսզի Վահան Շիրխանյանի առողջականը հնարավորինս վատթարանա»:
Քնար Մանուկյան