Կառավարության վաղվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես, նախատեսվում է մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ նախագծով նախատեսվող կարգավորումները բովանդակային առումով չեն համապատասխանում օրենքի դրույթներին:
«Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման համաձայն «թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»: Այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին և արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել:
Նախագծում կիրառվում է նաև «պետական ահաբեկչություն» հասկացությունը, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման հիմքերը բացակայում են և դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը», – նշված է հիմնավորման մեջ: