Կառավարության վաղվա նիստում կներկայացվի կառավարության եզրակացությունը` Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Համաձայն նախագծին կից ներկայացված օրենքի նախագծի ընդունման հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում գործող պատգամավորական խմբակցություններին կատարել անվան փոփոխություն:
Կառավարության եզրակացությունից տեղեկանում ենք, որ առաջարկությունը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խմբակցությունների ստեղծման սկզբունքին համաձայն որի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
«Բացի դրանից, օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում գործող պատգամավորական խմբակցությունը, առանց հաշվի առնելու իրենց առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կարծիքը, իր նախաձեռնությամբ փոխի խմբակցության անունը, ինչը չի նպաստի պետության քաղաքական համակարգի կայունությանը: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը», – ասված է որոշման մեջ: