Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ նախաստորագրվելու է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որից հետո այդ փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ ԱԺ հաստատմանը: Ի՞նչ է ենթադրում այդ փաստաթուղթը:
Մինչ այդ արդեն բավական ակտիվ քննարկումներ են սկսվել Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) Ասոցացման համաձայնագրի, եւ ընդհանրապես` ԵՄ, թե ՌԴ հեղինակած Մաքսային միասնական միություն հարցի շուրջ: Նույնիսկ այս օրերին պարբերաբար Հայաստան են ժամանում ամենատարբեր տրամաչափի եվրոպացի պաշտոնյաներ` հայ հասարակությանը եվրաինտեգրմանը նախապատրաստելու եւ այդ թեմայով «լիկբեզ» անելու համար: Բայց ուշագրավն այն է, որ այսօր շատ ակտիվ կերպով քննարկվում է մի բան, որի մասին գաղափար չունեն ոչ միայն հասարակությունը, այլեւ իշխանության վերին օղակներում շատ պաշտոնյաներ: Ներքաղաքական ամառային հանգիստը «խաթարած» ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստին մարդիկ պարզապես ծանոթ չեն` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Օրինակ՝ անհայտ է՝ ԵՄ-ն ՀՀ-ին անվտանգության որեւէ երաշխիք տալիս է, թե ոչ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս թեման բարձրացվել է անգամ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` Երեւան այցի ժամանակ: ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ ասել են, որ համաձայնագրի տեքստը գործադիր իշխանությունը գաղտնի է պահում, ինչին ի պատասխան՝ հանձնակատարն իր զարմանքն է արտահայտել, այնուհետեւ ասել, որ ինքը միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդ փաստաթուղթը մինչեւ նախաստորագրումը հասանելի լինի հայ պատգամավորների համար: Համաձայնագրի տեքստի գաղտնիության հարցը բարձրացվել է նաեւ երեկ` ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի նախաձեռնած քննարկման ժամանակ: ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ թեեւ իրենք պաշտպանում են եվրոպական ինտեգրման քաղաքականությունը, բայց ունեն նաեւ վերապահումներ ու մտահոգություններ: Դրանցից մեկը վերաբերում է հենց Ասոցացման համաձայնագրի տեքստը գաղտնի պահելուն: «Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ողջ գործընթացը փակ է, չկան քննարկումներ, հասարակությունը տեղեկացված չէ ընթացող գործընթացների մասին: Սա նույնպես մտահոգիչ է: Կա անհրաժեշտությունը նախաձեռնել հանրային լսումներ փաստաթղթի վերաբերյալ` ներգրավելով հասարակության տարբեր շերտերին: ՀԱԿ-ը կլինի այդ քննարկումների ակտիվ մասնակիցը, իսկ փաստաթղթի` հրապարակային դառնալուց հետո կքննարկվի այն վարչության նիստում»,-ասել է նա:
Նշենք, որ Հայաստանի անունից այս փաստաթղթի շուրջ բանակցությունները վարում է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը նախկինում եղել է ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաձայնագիրը բավական ծավալուն է` մոտ 1500 էջի չափով, որի կարեւորագույն հատվածները առաջին 75 էջերում են: Այնպես որ, այդ փաստաթուղթը կարդալու եւ «մարսելու» համար բավական երկար ժամանակ կպահանջվի: Փաստաթղթի բովանդակության վերաբերյալ երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Մնացականյանից, սակայն չհաջողվեց. փոխնախարարը զբաղված էր եւ հարկ չհամարեց պատասխանել մեր հեռախոսազանգերին, իսկ ԱԳՆ մեր ուղարկած գրավոր հարցումը մնաց անպատասխան: Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ գոնե առաջին 75 էջերը կհրապարակվե՞ն երբեւէ:
Մինչ այդ, սակայն, նկատենք, որ քանի դեռ հրապարակված չէ համաձայնագրի տեքստը, եւ հասարակությունը ծանոթ չէ դրան, շատ հարցեր ու մտահոգություններ են առաջանում: Այն, որ համաձայնագիրը եւ եվրաինտեգրումն ունեն շատ դրական կողմեր եւ կնպաստեն երկրի զարգացմանը, ակնհայտ է: Այս փաստաթղթով ԵՄ-ն ՀՀ իշխանություններից պահանջելու է բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, կատարելագործել օրենսդրությունն ու համապատասխանեցնել այն եվրոպական չափանիշներին: Բայց մյուս կողմից լուրջ մտավախություններ կան, որ իր դրական կողմերով հանդերձ՝ այս փաստաթուղթը կունենա նաեւ իր բացասական կողմերը: Մանավանդ որ, բանակցությունների մի կողմում ՀՀ իշխանություններն են Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. իշխանություն, որը չունի լեգիտիմություն, իշխանություն, որին այս տարիներին կատարված բոլոր բացասական երեւույթները` 2008թ. մարտի 1-ի սպանդից ու քաղբանտարկյալների առկայությունից սկսած, ներվել են, որպեսզի գերտերությունները ստանան իրենց անհրաժեշտ զիջումները: Ի վերջո, հայ-թուրքական արձանագրությունների օրինակը շատերն են հիշում, երբ դրանց հրապարակումից հետո միայն պարզվեց, որ Հայաստանը համաձայնել է Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը:
Ինչ վերաբերում է ժողովրդավարություն քարոզող եվրոպացիներին, ապա նրանք տարիներ շարունակ աչք են փակել ՀՀ-ում իշխանությունների կողմից ժողովրդավարության դեմ ոտնձգությունների վրա: Այնպես որ, որեւէ երաշխիք չկա, որ ԵՄ-ն, ՀՀ-ի հետ ստորագրելով այդ համաձայնագիրը, պարզապես չի փորձի չտեսնելու տալ ՀՀ-ում կատարվողը: Թեեւ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Շտեֆան Ֆյուլեն ոչ կոալիցիոն պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք շատ խիստ են լինելու համաձայնագրի դրույթների պահպանման հարցում, ՀՀ իշխանություններն իրենք էլ չեն պատկերացնում, թե այդ դրույթները խախտելու դեպքում ԵՄ-ն ինչ խնդիրներ կարող է նրանց դեմ հարուցել:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ՝ ԱՌԱՆՑ ՏԵՔՍՏԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ