Ապրիլի 6-ից մեծ էկրան կբարձրանա «Մենք ֆիլմ» ընկերության, Համազգային թատրոնի եւ «ԷՍԷՅՋ» պրոդաքշնի ներկայացրած «Վա՜յ, մամա՛ ջան…» կինոկատակերգությունը, որի ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Սերգեյ Հայրապետյանն է: Ֆիլմում նկարահանվել են Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Գագիկ Մադոյանը, Տաթեւ Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Արմինե Պողոսյանը եւ այլք: Կատակերգությունը մի բժշկի մասին է, որը պատրաստվում է զբաղեցնել գլխավոր բժշկի պաշտոնը, եւ իր կարիերայի համար կարեւոր նշանակություն ունեցող օրը, երբ պետք է միջազգային գիտաժողովի բացումն անի, ընկնում է խառնաշփոթ իրավիճակի մեջ:
Ս. Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հանդիսատեսին կներկայացնեն Լեոնիդ Գայդայի ֆիլմերի ոճի իրավիճակային կոմեդիա` գրոտեսկային կերպարներով: Սա Հայաստանում այն եզակի դեպքերից է, երբ ֆիլմ արտադրող ընկերությունը համագործակցում է թատրոնի հետ. «Նման նախադեպ արտերկրում, իհարկե, կա, բայց այդ փորձը Հայաստանում տարածում չունի: Մենք դեռ մեկ տարի առաջ զրուցեցինք Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ, որոշեցինք նման նախագիծ իրականացնել: Ուսումնասիրելով թատրոնի դերասաններին` հասկացա, որ կարող ենք միասին ստանալ այն, ինչ ուզում ենք: Ֆիլմի շուրջ հավաքվել է պրոֆեսիոնալ դերասանական կազմ, ուստի համագործակցությունը շատ հեշտ ստացվեց»,-ասաց ռեժիսորը:
Ֆիլմը նկարահանվել է 2015-ի ամռանը, մեծ մասամբ Գյումրիում: Անձնակազմի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը եղել է ուժեղ շոգը: Մեկ այլ խոչընդոտ էլ ծագել է դերասանուհի Արմինե Պողոսյանի` պատշգամբից ընկնելու տեսարանը նկարահանելիս. «Իհարկե, մենք այդ հատվածները նկարահանել ենք կասկադյորների օգնությամբ, սակայն այդ գործընթացը երկար տեւեց, քանի որ դերասանուհին շատ էր վախենում բարձրությունից»,-պատմեց նա:
Ա. Պողոսյանն իր հերթին մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ թեեւ ինքը ամենաշատը վախենում է հենց բարձրությունից եւ ջրից, չգիտես ինչու, իրեն միշտ այնպիսի տեսարաններ են բաժին ընկնում, որ դրանցից խուսափել չի ստացվում. «Նկարահանումների ընթացքում ներսումս տագնապ կար այդ տեսարանի հետ կապված: Մինչեւ դա հաջողվեց նկարահանել, ես ապրեցի իմ կյանքի ամենասարսափելի պահերը: Շնորհակալ եմ նրանց, ովքեր օգնեցին ինձ այդ գործընթացում»:
Մեկ այլ դերասանուհի` Տաթեւ Ղազարյանը, ով մարմնավորում է գլխավոր հերոսի կնոջը, որն ամեն կերպ փորձում է փրկել ամուսնուն ձախողումից, եւս հայտնվել է սարսափելի իրավիճակում: «Մենք նկարահանվել ենք մորգի տեսարանում, որը պետք է շատ զավեշտալի լիներ, բայց բոլորս, գտնվելով իրական մորգում, այնքան վախեցած էինք, կոնկրետ ես` շատ սարսափած, որ երկար ժամանակ չէինք կարողանում մեզ «հավաքել»»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Տաթեւը:
Նա շեշտեց, որ ինքը՝ իմանալով, որ աշխատելու է իր ընկերների հետ, ֆիլմի 50 տոկոս հաջողությունը համարել է ապահոված:
Դերասաններից Գագիկ Մադոյանն էլ, ով մարմնավորել է ոստիկանի, նշեց, որ իր կերպարը եւս ֆիլմում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում ունի իր դերը: «Ինձ հրապուրեց ստեղծագործական կազմի մտածողությունը, եւ ես համաձայնեցի նկարահանվել: Ֆիլմը իր սյուժեով տարբերվում է շուկայի մյուս կատակերգություններից, բացի այդ` այստեղ չեք տեսնի բոլորին հայտնի դեմքերի»:
Դերասանը կարեւորեց թատրոնի եւ ֆիլմ արտադրող ընկերության համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ:
Աննա Բաբաջանյան