Շաբաթ օրը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մթնոլորտը շատ «թեժ» էր: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «թեթեւ» ձեռքով որոշում է կայացվել խոշորացնել արխիվային ծառայությունները, եւ այդ նպատակով Վարդենիսի տարածքային արխիվային փաստաթղթերն այսուհետ պետք է տեղափոխվեն Մարտունի քաղաք: Վարդենիսի բնակիչները վրդովված հավաքվել էին ոստիկանության հարեւանությամբ գտնվող շենքի այն հատվածում, որտեղ այժմ գտնվում է արխիվը, եւ արգելում էին, որպեսզի այն տեղափոխեն: Այն պահին, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը տեղում էր, Մարտունու արխիվի աշխատակիցները սկսել էին «կապկպել» փաստաթղթերը, որպեսզի տեղափոխեն: Բնակիչները դժգոհում էին, որ Վարդենիսի 36 գյուղերի բնակիչները 70-80 կմ պետք է «կտրեն» անցնեն, որպեսզի Մարտունու արխիվից մի փաստաթուղթ վերցնեն:
«Ժողովուրդ»-ը նախ զրուցեց արխիվի շենքի մոտ հավաքված բնակիչների հետ, որոնք ներկայացրին իրենց մտահոգությունները. «Սա մի անհեթեթ որոշում է, որ չգիտեմ, թե ով է կայացրել: Ուղղակի որոշում կայացնողին հարց եմ ուզում ուղղել. Ծափաթաղում բնակվող 65-70 տարեկան քաղաքացին, որ 80 կմ կտրի հասնի Մարտունի, ու, ասենք, արխիվի աշխատակիցը տեղում չլինի, որտեղի՞ց էդ քաղաքացին փաստաթուղթը ստանա, եթե հրատապ մի տեղեկանք է պետք, որտեղի՞ց վերցնի: Մարդիկ թոշակի են անցնում, հիվանդության կարգերի համար եւս արխիվից են օգտվում, ցանկացած մարդու համար տհաճ երեւույթ է մի թղթի համար այստեղից Մարտունի հասնելը»:
«Այն օրը, երբ կորոշվի արխիվը տեղափոխել, այդ օրը մենք ճանապարհները կփակենք: 36 գյուղ այդ արխիվից է օգտվում, եթե տեղափոխելու հարց կա, թող տեղափոխեն, բերեն Վարդենիս, թող ստեղ աշխատատեղ ավելանա, մերը սահմանամերձ է, ինչո՞ւ պետք է մենք այդքան ճանապարհ կտրենք անցնենք, թող մի բանն էլ բերեն, Վարդենիսում տեղակայեն: Կամ կառավարության որոշում կա՝ սահմանամերձ շրջանների ուժեղացում, սրանք լրիվ հակառակ քայլեր են անում: Ուրեմն կառավարությունն ուզում է, որ մեր գյուղերը լրիվ դատարկվեն: Եթե հարկային տեսչությունը Մարտունիում է, կադաստրը Գավառում է, գոնե թող արխիվն էլ Վարդենիսում լինի: Ի՞նչ է սա նշանակում, ուզում են, որ Վարդենիսը ոչ մի բան չունենա՞, թող հիմա էլ մարտունեցին գա, ինչ-որ փաստաթղթի համար ժամերով սպասի»,-մեզ հետ զրույցում բորբոքված նշեցին վարդենիսցիները:
Նրանք շատ բարկացած էին, միմյանց հերթ չտալով՝ պատմում էին իրենց «գլխին» եկածն ու վստահեցնում, որ եթե հանկարծ համարձակվեն գալ ու արխիվը տեղափոխել, իրենք անգամ պատրաստ են վառել փաստաթղթերը, միայն թե այս քայլով եւս մեկ անգամ չոտնահարեն իրենց իրավունքները. «Էս կառավարությունը մի աշխատող չի կարող պահել, եթե անգամ մարդ է գտնվել, էդ զիբիլի ու կեղտի մեջ աշխատում է, ուրեմն պիտի շնորհակալ լինեն: Հարցն այստեղ անձի խնդիրը չէ, եթե էդ մարդը (արխիվի պետը-Ս.Գ.) իրենց պահանջներին չի բավարարում, կարող են մեկ ուրիշին նշանակել, բայց նման քայլ անելը մեր հանդեպ ստորություն է: Սա իսկապես մեծ խնդիր է, մարդիկ, իրենց կաբինետներում նստած, որոշում են կայացրել՝ չմտածելով գյուղացու մասին: Մենք էլ կվառենք, կիմանանք՝ չկա, քան թե նման վիճակում կհայտնվենք: Հիմա են մարդիկ դիմում, շաբաթներով սպասեցնելուց հետո են պատասխանում, բա որ տարան Մարտունի, էս ժողովրդի վիճակը ո՞նց ա լինելու, էդքան գումար մեզ որտեղի՞ց, որ ծախսենք, հասնենք Մարտունի՝ էդ մի կտոր թղթի համար»:
Վարդենիսի բնակիչները հավելեցին նաեւ, որ իրենք ժամանակին օգտվել են Մարտունու նոտարական գրասենյակից ու շատ դժգոհ են սպասարկումից, քանի որ բոլոր գործերի ավարտից հետո նոր վարդենիսցիներին են սպասարկել: Երկու քաղաքի բնակիչներին «զոռով» թշնմացնում են:
Զրուցեցինք նաեւ այն մարդկանց հետ, որոնք կապում էին արխիվի թղթերը: Վերջիններս նշեցին, թե իրենք կարգադրություն են կատարում եւ այլ բան չեն կարող ասել: Բայց թե ով էր կարգադրել, նրանց համար եւս անհասկանալի էր:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներ նամակով դիմել են Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով դադարեցնել արխիվի տեղափոխման աշխատանքները: Բնակիչները նույն հարցով դիմել են նաեւ այդ մարզից ԱԺ պատգամավորներ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին եւ ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին: Սակայն ապարդյուն:
Իսկ ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու են որոշել Վարդենիսի արխիվը տեղափոխել Մարտունի, պատասխանեց, թե դրանում որեւէ արտառոց բան չկա: «Այն քաղաքացիները, որոնք դիմում են արխիվ, շատ քիչ են, կիսամյակում դիմել է ընդամենը 70 քաղաքացի, այսինքն՝ օրական մի մարդ էլ չի դիմել, բացի այդ, արխիվի շենքը վարձով էր տրված: Պատճառը միայն այն է, որ այնտեղ շահառուները շատ քիչ են: Ու նոր օրենսդրություն է մշակվել, որ քաղաքացին ինքն արխիվ չի դիմում, ինքը դիմում է սոցապ ծառայություն, իսկ ծառայությունն ինքը կդիմի արխիվ ու պատասխան կստանա էլեկտրոնային ձեւով: Գյուղացիները միայն գնում են Վարդենիսի սոցապ ծառայություն ու դիմում իրենց հարցերով: Այս որոշումը կայացվել է 2013թ. մարտին, ու դա միայն Վարդենիսին չի վերաբերում. մենք Կալինինոյի արխիվը տեղափոխել ենք Ստեփանավան, Ամասիայինը՝ Գյումրի: Ես կգնամ Վարդենիս ու քաղաքացիներին ամեն ինչ կբացատրեմ»,-նշեց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ այսօր ինքը լինելու է Վարդենիսում:
ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչ են պատասխանել Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների դիմումին: «Նամակին ընթացք է տրվել»,-հայտնեց խոսնակը: Սպասենք ընթացքին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ