ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈԶԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Լոռու մարզում գրանցվել է խոզերի անկման հերթական դեպքը: Հագվի եւ Շամլուխ համայնքներում սատկել է մի քանի տասնյակ խոզ: Գյուղապետարանի ահազանգով Հագվիում եղել են անասնաբուժական կայանի մասնագետները, վերցրել փորձանմուշներ եւ տարել հետազոտության: Պարզվել է, որ խոզերը վարակված են պաստերելյոզ հիվանդությամբ: Դա վայրի եւ ընտանի կենդանիների վարակիչ հիվանդություն է, որը մարդու եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների շարքին չի դասվում: Այն հնարավոր է կանխարգելել եւ բուժել: Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով համայնքում իրականացվել են անհրաժեշտ անասնահամաճարակային միջոցառումներ: Գյուղացիների խոսքով՝ Հագվիում հիվանդությունից սատկել է 84 խոզ, մինչդեռ  գյուղապետ Հայկասար Մայիլյանը  հավաստիացնում է, որ սատկել է ընդամենը 21 խոզ, որոնք հորվել են, իսկ տարածքն ախտահանվել է անասնաբույժների կողմից: Բնակիչները պատմում են, որ խոզերը սատկել են սարում, իրենք էլ, չիմանալով վտանգավոր հիվանդության մասին, միսը տվել են շներին: Բացի այդ, դեռ չսատկած խոզերին էլ բերել են գյուղ, հարկադրաբար մորթի ենթարկել՝ մտածելով, որ միսը կիրացնեն, սակայն չեն կարողացել: Մի մասը հորել են, մյուս մասն էլի շների բաժին է դարձել:
Նշենք, որ Շամլուխում խոզերի անկման դեմ պայքարում ներգրավված են նաեւ ՀՀ ոստիկանության անասնաբուժական ոստիկանական դասակի աշխատակիցները: Համայնքում հսկողություն է իրականացվում կենդանիների կերի, մսի որակի նկատմամբ: Այստեղ առողջ խոզերից պարբերաբար վերցվում են արյան անալիզներ:

ՎԹԱՐ
«Հարավկովկասյան երկաթուղու»՝ այս անգամ Արջուտի գծամասում անասունները կրկին բախվել են մարդատար գնացքին: Նախորդ դեպքը գրանցվել էր օրերս, երբ Բաթում-Երեւան եւ Երեւան-Բաթում գնացքները բախվել էին գծերին հայտնված խոշոր եղջերավորներին: Արդեն կրկնվող դեպքերն անհանգստացնում են «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինությանը: Նրանց խոսքով՝ միայն երջանիկ պատահականությամբ է, որ դեպքերը լուրջ հետեւանքների չեն հանգեցրել: Մինչդեռ հնարավոր է, որ նման բախման արդյունքում գնացքները դուրս գան գծերից: Վերանորոգումից հետո գնացքների արագությունը կրկնակի ավելացել է՝ 80 կմ/ժ, եւ նույնիսկ հարկադրված արգելակումը չի փրկի: Հնարավոր է նաեւ, որ կտրուկ արգելակումից վնասվածքներ ստանան մարդատար գնացքում գտնվողները: Չափազանց մեծ վտանգ կարող է առաջանալ նաեւ բեռնատար գնացքի բախման դեպքում: Օրինակ՝ ի՞նչ կկատարվի 100-ավոր լիտրերով վառելիք տեղափոխող բեռնատար գնացքի` անասուններին բախվելու կամ կտրուկ արգելակելու դեպքում: Ուստի «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինության պահանջն է հատկապես երկաթգծերին մոտ գյուղական համայնքի բնակիչներին՝ լինել չափազանց զգոն խոշոր եղջերավորներին պահելու ու արածեցնելու հարցում: Խնդրի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղու» Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենի տեղակալ Սերյոժա Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց. «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ բոլորին զգուշացնում ենք, որ նման դեպքերը կանխարգելելու համար կտրուկ քայլերի կգնանք, այսինքն՝ բոլոր անասնատերերը, որոնք թույլ կտան նման դեպքեր, կենթարկվեն պատասխանատվության՝ թե՛ ֆինանսական, թե՛ քրեական»:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս