«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԲԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն իր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էր «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիս քաղաքի մասնաճյուղում տիրող խայտառակ իրավիճակի մասին. մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել են, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ այն. բանկը պատճառաբանում է, թե կտրոնները կեղծ են: Մեր հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Վարդենիսի բաժնում սկսել են նյութեր նախապատրաստել:
Երեկ խաբված քաղաքացիները կրկին գնացել են բանկ, որպեսզի պահանջեն իրենց ոսկեղենը, բայց բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը չի ընդունել նրանց եւ անվտանգության աշխատակիցներին հրահանգել է, որպեսզի տուժած քաղաքացիներին բանկի շենքից դուրս հրավիրեն:
«Այսօր՝ (երեկ-խմբ.) առավոտյան, հավաքվեցինք բանկի մոտ: Մի ձայն, մի վայնասուն, տուժածների միջից մի տարեց կին վատացավ: Բանկի աշխատակից Տիգրանը մոտեցավ ու սկսեց կոպիտ տոնով բարձրաձայն խոսել մեզ հետ: Գոռաց, թե բանկի մուտքի մոտից հեռացե՛ք, գնացե՛ք ու Օլգայի՛ց պահանջեք ձեր գումարները: Նույնիսկ կառավարիչը չմոտեցավ, որ մեզ հետ խոսի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց տուժած քաղաքացիներից մեկը: Իսկ մեկ այլ քաղաքացի տեղեկացրեց, որ երբ տուժած քաղաքացի Անուշավան Բադալյանը, բանկի տված կեղծ կտրոնները ձեռքին, մոտեցել է բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանին, նա վերցրել է կեղծ կտրոնը եւ հետ չի վերադարձնում: Քաղաքացու խոսքով՝ բանկի կառավարիչը մեկ այլ տուժողից էլ վերցրել է կեղծ կտրոնն ու պատռել: Ըստ մեզ դիմած խաբված քաղաքացիների՝ «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղից տուժածների թիվը հասնում է մոտ 150-ի:
Բացի այդ, խաբված քաղաքացիները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ բանկի՝ կեղծ կտրոններ տված Օլգա անունով աշխատակիցը չի ընդունում իր մեղքը. «Օլգան էլ շատ խորամանկ կին է, ամեն մեկին մի բան է ասում: Զանգեցի, հետը խոսեցի, ինձ ասում է. «Այդ կտրոնները վաղուց է, որ բանկում պտտվում են. դա մեկ-երկու ամսվա պատմություն չէ, այլ երկար ժամանակից եկած: Մենք միշտ դրանցով աշխատել ենք»: Այսինքն՝ կեղծ կտրոնների շրջանառությունը բանկում վաղուցվա պատմություն ունի եւ հովանավորվում է վերեւից:
Մեր տեղեկություններով՝ սրանից մեկ ամիս առաջ բանկի կառավարիչն Օլգային կանչել է իր մոտ եւ պահանջել, որ բանկի կողմից անցկացվող ներքին անվտանգության քննության ժամանակ նա ցուցմունք գրի եւ նշի, որ այս պատմության հեղինակն ինքն է: Օլգան սկզբում ամեն ինչ իր վրա է վերցրել: Բանկի անվտանգության աշխատակիցներին պատմել է, թե իբր ինքն անձամբ է կեղծ կտրոններ տպել եւ տվել բնակիչներին: Իսկ երբ մոտ մեկ ամիս անց բանկի կառավարիչ Արտյոմը փորձել է «ձեռքերը լվանալ» այս պատմությունից՝ մեղքը Օլգայի վրա բարդելով եւ տուժածներին Օլգայի տուն ուղարկելով, վերջինս բանկի ներքին քննություն իրականացնողներին պատմել է, որ իր առաջին գրությունը սուտ է, եւ որ իրեն այդ քայլին դրդել է կառավարիչը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները տուժած քաղաքացիներին երեկ հրավիրել են բաժանմունք՝ իրենց ոսկեղենի գրավադրման պատմության հետ կապված հարցաքննության:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ «Ժողովուրդ»-ը գրավոր հարցեր է ուղարկել «Արդշինինվեստբանկ»-ին, եւ ներկայացրել էինք բանկի աշխատակիցների ոչ կոռեկտ ու խուսափողական պահվածքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը երեկ բանկի կողմից ստացավ բավական ուշագրավ մի պատասխան. «Ձեր հարցման հետ կապված` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ «Վարդենիս» մասնաճյուղի իր հաճախորդներից որեւէ գրավոր պահանջ կամ բողոք չի ստացել»: Մինչդեռ մեր տեղեկություններով՝ արդեն բազմաթիվ քաղաքացիներ դիմել են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին եւ խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանին, հետեւաբար բանկի այս հավաստիացումը, մեղմ ասած, անհիմն է:  
Շարունակենք ներկայացնել բանկի պատասխանը. «Այնուհանդերձ, հաշվի առնելով նաեւ Ձեր կողմից ներկայացված դիմումը եւ 12.07.2013թ. «Ժողովուրդ» թերթի հոդվածում շարադրված հանգամանքները, ս. թ. հուլիսի 13-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել իրավապահ մարմիններին»:
Ինչ խոսք, այս իրավիճակում թերեւս ճիշտ է վարվել բանկը, խնդիրն այն է, սակայն, թե  իրավապահ մարմիններին դիմելն ինչ կտա այն մարդկանց, որոնք, ըստ էության, տուժել են եւ չեն կարողանում հետ ստանալ իրենց ոսկեղենը, այն դեպքում, երբ բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները բանկի նկատմամբ: Ի վերջո, անհասկանալի է՝  բանկն իր աշխատակցի կողմից տրված կեղծ կտրոններն արդյոք համարելու է օրինական, թե ոչ, եւ, ամենակարեւորը,  ինչ սկզբունքով ու երբվանից է սկսվելու ոսկեղենի վերադարձման գործընթացը: Բացի այդ, մարդիկ կան, որոնց գրավադրած ոսկեղենի տոկոսի մարման ժամկետը եւս ավելացել է, եւ հիմա հարց է՝ բանկն այդ հավելյալ տոկոսը հաշվելո՞ւ է, բնակիչներից գանձելո՞ւ է, թե՞ ոչ:
Այս հարցերի պատասխանները, ըստ ամենայնի, դժվար է լինելու ստանալ բանկից, առավել եւս, որ անգամ առկա աղաղակող խաբեբայության դեպքում բանկը մեզ ուղղված պատասխանում վստահեցնում է. «Հավաստիացնում ենք, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում ցանկացած վարկատեսակով գրավի առարկան հաճախորդը ստանում է վարկն ամբողջությամբ մարելու պահին, եւ համապատասխանաբար անհնար է իրավիճակ, երբ վարկը պատշաճ կարգով մարվում է, սակայն գրավի առարկան հաճախորդին չի վերադարձվում: Վստահեցնում ենք, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ցանկացած հաճախորդ, ով ամբողջությամբ մարել է կամ կմարի իր վարկային պարտավորությունները բանկի նկատմամբ, առաջին իսկ պահանջով հետ կստանա իրեն պատկանող գրավի առարկան»: Նշենք, որ Վարդենիսում ճիշտ հակառակ ավանդույթն է ձեւավորվել, եւ բանկի նախկին կառավարիչ Արման Բաղդասարյանն այս պահին իր պատիժն է կրում կալանավայրում՝ դարձյալ բանկային մեքենայությունների համար:
Հ.Գ. Այս խայտառակ պատմության մեջ տարօրինակն այն է, որ Հայաստանի առեւտրային բանկերի գործունեությունը վերահսկող մարմինը՝ ՀՀ կենտրոնական բանկը, վարում է ջայլամի քաղաքականություն՝ փորձելով ցույց տալ, թե ինքը կապ չունի այս ամենի հետ:
Հ.Գ. 2. Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»-ն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ «Արդշինինվեստբանկ»-ը, այնուամենայնիվ, որոշել է սառեցնել տուժած վարդենիսցիների տոկոսները՝ մինչեւ պարզի, թե իրականում քանի հոգու են խաբել իր աշխատակիցները: Իսկ ոսկեղենի վերադարձման գործընթացը, ամենայն հավանականությամբ, կսկսվի մյուս շաբաթվանից, եթե, իհարկե, Մհեր Գրիգորյանը չորոշի արդարացնել իր ենթականերին ու վտանգել «Արդշինինվեստբանկ»-ի հեղինակությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս