ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները ԸՕ նախագծով նախատեսում են տեղամասերում սահմանափակել լրագրողների եւ դիտորդների թիվը` միաժամանակ թույլատրելով տեղամասում գտնվել մինչեւ 8 լրագրող եւ դիտորդ: Այս նորամուծությունը պատճառաբանվում է նրանով, որ թեկնածուները կարող են կայք բացել եւ վկայականներով մարդկանց ուղարկել տեղամասեր, եւ այդպիսով կուտակումներ կարող են առաջանալ ու խոչընդոտել ընտրությունների ընթացքը:
Բայց իրականում այս սահմանափակումով փորձ է արվում ընտրակեղծարարներին պաշտպանել: Ինչպե՞ս բացատրենք: Եթե տեղամասում անկախ լրագրողներ ու դիտորդներ չլինեն (իսկ սահմանափակումների դեպքում հաստատ միայն իշխանական լրագրողները կլցվեն), հանձնաժողովականները կանեն այն, ինչ ցանկանան: Զսպող ոչինչ չի լինի: ԸՕ հեղինակներին հիշեցնենք, որ 2007-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է 23 կուսակցություն, 41 ընտրատարածքում միջինը գրանցված է եղել երկու թեկնածու, ընտրություններին հետեւել են տեղական 53 դիտորդական կազմակերպության դիտորդներ: Եւ այսքան մարդաշատության դեպքում Հայաստանի որեւէ տեղամասում մեկ դեպք անգամ չի արձանագրվել, որ դիտորդների եւ լրագրողների ներկայության պատճառով որեւէ տեղամասում ընտրությունների ընթացքը խաթարվել է: Փորձը ցույց է տվել, որ լրագրողների եւ դիտորդների ներկայությունը նպաստում է ընտրությունների օրինական ընթացքին: Ուստի ԸՕ նախագծով առաջարկվող սահմանափակումը, որեւէ հիմք չունի, արհեստական հնարված է, ու այն պետք է վերացվի: Կամ էլ ԸՕ հեղինակներն առանց չքմեղանալու կարող են պաշտոնապես հայտարարել, որ իրենք այդպիսով ցանկանում են պաշտպանել իրենց ընտրակեղծարարներին:
Հ.Գ. ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին առաջարկել է առարկությունները ներկայացնել իրեն: Ուստի ցանկանում ենք նախարարին տեղեկացնել, որ «Ժողովուրդ»-ի պաշտոնական առաջարկն է 8 հոգու սահմանափակումը վերացնել, քանի որ այն անհիմն է: Պատրաստ ենք քննարկման ժամանակ ապացուցել մեր տեսակետի հիմնավորված լինելը, ինչպես նաեւ կառաջարկենք ոսկե միջին մի տարբերակ:

 

 
Երեւանի քաղաքապետարանն ընդհանուր ունի 62 ծառայողական ավտոմեքենա: Դրանցից 44-ը քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, այսինքն՝ համայնքի միջոցների հաշվին ձեռքբերված ավտոմեքենաներ են: Մնացած 18 ավտոմեքենաները Երեւանի քաղաքապետարանն օգտագործում է վարձակալական հիմունքներով: Այս տվյալները «ժողովուրդ»-ը ստացավ Երեւանի քաղաքապետարանից: Նկատենք, որ ծառայողական ավտոմեքենաների վրա ծախսվող մոտ 300 մլն դրամով Երեւանի քաղաքապետարանը կարող էր բազում խնդիրներ լուծել: Բայց այդպես չեն վարվում, որովհետեւ մարդիկ կարծում են, որ եթե իրենց երեւանցիները հանդուրժում են` որպես Երեւանի քաղաքապետի կամ փոխքաղաքապետի, ապա պարտավոր են ֆինանսավորել նաեւ իրենց ցոփ ու շվայտ կյանքը: Բայց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա ենթակաները, եթե չունեն իրենց անձնական ավտոմեքենան, ապա կարող են հասարակական տրանսպորտով երթեւեկել: Այդ դեպքում երեւանցիների հոգսերին անձամբ ծանոթ կլինեն:

 

 

 
Արդեն մի քանի օր է՝ դատական դեպարտամենտի պաշտոնական կայք էջը` datalex.am կայքը, սկսել է գործել նոր դիզայնով եւ նոր սկզբունքներով: Այս փոփոխության արդյունքում դատական գործերում ներկայացված կողմերի տվյալներն այլեւս հնարավոր չէ տեսնել: Նախկինում կայքի ցանկացած այցելու կարող էր հեշտությամբ պարզել, թե այս կամ այն գործով հայցվորը, պատասխանողը, մեղադրյալը կամ մեղադրողը, փաստաբանները ովքեր են: Սովորական այցելուների համար այդ տվյալները ոչ մի նշանակություն չունեին: Փոխարենը լրագրողների համար «դատալեքսը» հարուստ տվյալների շտեմարան էր: Դրա միջոցով տեղեկանում էինք պաշտոնյաների վերաբերյալ դատական գործերի մասին, թե օրինակ՝ որ պաշտոնյան կամ գործարարը որքան հարկ է թաքցրել ու «հայտնվել» դատարանում, ինչը նրանք, բնականաբար, թաքցնում էին ու նույնիսկ հերքում: Հիմա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ձեռամբ այդ համակարգն այլեւս թույլ չի տալիս դատական կողմին նույնականացնել: Ակնհայտ է, որ սա արվել է լրագրողներից տվյալները թաքցնելու համար:

 

 

 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այն պաշտոնյաներից է, որը չնայած ողջ կենսագրության ընթացքում պետական համակարգում է գործունեություն ծավալել, սակայն հաջողացրել է մեծ կարողություն կուտակել, ինչը արտացոլվում է նաեւ նրա պաշտոնական հայտարարագրում: Ըստ փաստաթղթի՝ Պողոսյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 22 մլն դրամ, 200 հազար դոլար եւ 12 հազար եվրո: Նրա եկամուտը անցած տարում գոյացել է աշխատավարձից եւ վարձակալության դիմաց ստացված վճարներից: Տեղեկացնենք, որ Պողոսյանի ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 30 հազար դրամ: Իսկ վարձակալության դիմաց նա ստացել է 10 մլն դրամի եկամուտ: Թե ինչն է վարձակալությամբ տվել եւ դրա դիմաց ինչքան հարկ է վճարել, պարզ չէ: Տեղեկացնենք, որ ԴԱՀԿ պետի կինը՝ Կարինե Մխիթարյանը անցած տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, բայց գնել է 70 հազար դոլար արժողությամբ «Range Rover Sport-HSE» մակնիշի ավտոմեքենա: Գլխավոր հարկադիր կատարողի կնոջ դրամական միջոցները կազմել են ընդամենը 2 մլն դրամ:

 

 

 
ԱՆՀԱՄԱԿԱՐԳ
Ներկայացնելով պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին` Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հարկային մարմինների արդյունավետ աշխատանքը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է: Եվ եթե ընդունենք Սերժ Սարգսյանի այս վիճահարույց գնահատականը, ապա կպարզվի, որ Հայաստանի ազգային անվտանգությունը վտանգված է:
Բանն այն է, որ Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո Պեկ համակարգում իսկական քաոս է ստեղծվել: Ինչպես արդեն մամուլը տեղեկացրել է` դադարեցվել է «կարգոների»` մեծաքանակ ապրանքներ ներմուծող եւ մաքսազերծող ընկերությունների աշխատանքը, ինչը նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է ներմուծվող որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ:
Նկատենք, որ առանց այդ էլ հազիվ ծայրը ծայրին հասցնող մանրածախ առեւտրով զբաղվող ձեռներեցների համար սա լուրջ հարված է, քանի որ նրանք «կարգոների» գործունեության դադարեցման արդյունքում ստիպված են լինելու իրենց ապրանքը մաքսազերծել ոչ թե քաշով, ինչպես նախկինում, այլ հատով` վճարելով չափազանց բարձր մաքսատուրքեր: Սա էլ իր հերթին հանգեցնելու է նաեւ այս ոլորտում մենաշնորհների հաստատմանը:
Սակայն այստեղ առավել կարեւոր է այն, որ անգամ ազգային անվտանգության աստիճան կարեւորվող կառույցներում չկա համակարգ, ամեն ինչ կախված է անձերից, եւ երբ այդ անձերը փոխվում են, համակարգերը բառացիորեն կաթվածահար են լինում:
Թեկուզ հենց վերը նշված դեպքում. անհասկանալի է, թե ինչու է նման որոշում կայացվել, եւ արդյոք այդ որոշման հեղինակը այն քննարկել եւ համաձայնեցրել է համակարգի կարեւոր օղակների հետ, արդյոք մինչ այս որոշումը հաշվարկվել են դրա բոլոր դրական եւ բացասական հետեւանքները: Կարելի է չկասկածել, որ նման բան չի եղել, պարզապես հերթական ղեկավարը փորձում է համակարգում ինքնահաստատվել` նման կտրուկ որոշումներ կայացնելով: Հակառակ դեպքում նորմալ երկրում պետք է որ այս որոշման կայացման անհրաժեշտությունը հիմնավորվեր:
Չի բացառվում, իհարկե, որ այդ հիմնավորումը ՊԵԿ նորանշանակ նախագահի կողմից ներկայացվել է, բայց կոնկրետ մեկ հոգու. նրա, ով հարկային մարմինների գործունեությունը համարում է ազգային անվտանգության խնդիր: Եվ ուրեմն, եթե անհրաժեշտ մարդուն անհրաժեշտ հիմնավորումները՝ կոնկրետ մարդկանց բիզնեսների վրա այս որոշման դրական ազդեցության մասին, ներկայացված են, ՊԵԿ ղեկավարի աշխատանքի հետ կապված որեւէ խնդիր չի լինի, «ազգային անվտանգությունն» էլ ապահովված կլինի: Ափսոս միայն, որ այս ամենի արդյունքում տուժում է մանր ու միջին բիզնեսի տնտեսական անվտանգությունը:




Լրահոս