ՎԱՐԴԵՆԻՍԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ ՊԱՏԻՎ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Երեւանի Հյուսիսային ավտոկայանում ազատամարտիկի որդուն դաժան ծեծի ենթարկելու գործով կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիս քաղաքի բնակիչները հանդիպել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի հետ եւ պատիվ պահանջել նրանից:

Ինչպես արդեն գրել էինք՝ մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին: Բանն այն է, որ Արման Խչեյանը Երեւան-Վարդենիս եւ հակառակ ուղղություններով տաքսի է վարում, ինչն էլ Ֆառի թիկնապահների զայրույթի պատճառն է դարձել: Ասել է, թե ազատամարտիկի որդին նրանցից ուղեւոր է խլում:
Ծեծկռտուքը տեղի էր ունեցել Երեւանի Հյուսիսային ավտոկայանում: Այնուհետեւ Ֆառի թիկնապահները տաքսու վարորդ Արման Խչեյանին ուժով եւ բռնությամբ նստեցրել են իրենց ավտոմեքենան, տարել քաղաքի ավտոկայանատեղիներից մեկը, որտեղ էլ ազատամարտիկի որդուն դաժան ծեծի են ենթարկել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, տեղյակ չլինելով կատարվածից, ավելին՝ դեպքի օրը անգամ Վարդենիսում չի եղել, զեկուցել է իր վերադասին, թե լուրջ բան չկա, «հարբեցողի տղու են ծեծել», «շոֆերի կռիվ է», «ինչ ազատամարտիկ»:
Երբ սա հրապարակվեց, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վաղամեռիկ Գառնիկ Խչեյանի հարազատները գնացել են ոստիկանության Վարդենիսի բաժին եւ պատիվ պահանջել ոստիկանապետ Ղամբարյանից: Բնականաբար, ոստիկանապետը համարձակություն չի ունեցել խոստովանելու իր արածը եւ պատասխանել է, թե ինքը նման բան չի ասել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ:
-Պարո՛ն Ղամբարյան, տեղյակ չլինելով, թե ինչ միջադեպ է եղել Երեւանի Հյուսիսային ավտոկայանում, Ձեր վերադասներին սուտ տեղեկություններ եք զեկուցել, ինչո՞ւ:
-Դուք սխալ եք այդ տեղեկությունը հրապարակել, իսկ ինչ հարց ունեք, դիմեք մեր լրատվական վարչություն:
-Ինչպե՞ս թե սխալ: Այդ դեպքում կբացատրե՞ք, ոստիկանության առավել բարձր ատյաններում ինչպե՞ս է տեղեկություն հասել, թե լուրջ բան չկա, «հարբեցողի» թեմա է:
-Դուք սխալ տեղեկություն եք հրապարակել, մթամ ես ասել եմ՝ հարբեցող է: Չկա տենց բան:
-Դուք դեպքի օրը Վարդենիս քաղաքում չեք եղել:
-Դա ինչ կապ ունի:
-Չլինելով դեպքի վայրում՝ ումի՞ց եք տվյալներ ստացել կատարվածի մասին: Դուք իրավիճակին կարծես թե ճիշտ գնահատական չեք տվել:
-Ես այդպիսի գնահատական չեմ տվել, Ձեր տեղեկությունները ամբողջովին սուտ են: Դիմեք մեր լրատվական:
-Եթե անվերջ պնդում եք, որ մենք սխալ ենք հրապարակել, այդ դեպքում բարի եղեք ասել, թե Դուք ի՞նչ եք զեկուցել Ձեր վերադասներին տեղի ունեցած միջադեպի մասով:
-Ես իմ վերադասին զեկուցել եմ, էդ զեկույցը ես գիտեմ, իմ վերադասը գիտի: Ես իմ ղեկավարությանը զեկուցել եմ ճիշտ հանգամանքները:
-Հիմա Դուք չեք պատրաստվո՞ւմ հրապարակավ ներողություն խնդրել ծեծի ենթարկված ազատամարտիկի ընտանիքից՝ նրա մասին սուտ տվյալներ զեկուցելու համար:
-Ո՞վ, ե՞ս:
-Այո՛, Դուք:
-Մի րոպե, մի րոպե, ես ներողությո՞ւն պետք է խնդրեմ: Դո՛ւք պետք է խնդրեք:
-Մեր տեղեկությունները ճիշտ են, մենք հստակ գիտենք, որ ճիշտ ենք գրել:
-Դուք ոնց կարող եք իմանալ՝ ես ինչ եմ զեկուցել, որ տենց տեղեկություններ եք հրապարակել: Սուտ է:
-Լավ, արդեն անցել է 4 օր, ի՞նչ եք արել այս գործով, եթե այդքան ազնիվ եք զեկուցել ամեն ինչ:
-Մենք գործով համապատասխան նյութեր ենք նախապատրաստում, մեր անելիքը մենք գիտենք:
Հուսանք, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, ի վերջո, համարձակություն կունենա եւ իր հայտարարության համար ներողություն կխնդրի ազատամարտիկի ընտանիքից: Այլապես տղամարդուն վայել չէ ասել մի բան, հետո հրաժարվել իր խոսքերից: Ի դեպ, երեկ ոստիկանապետը նաեւ մեր թերթի մասին է պաշտոնյային ոչ հարիր ձեւով արտահայտվել, բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց նաեւ իր այդ խոսքերից: Ինչ արած, նրա համար խոսքն օդում թողած պղպջակի նման է: Իսկ մենք տեր ենք կանգնում օրաթերթում հրապարակված յուրաքանչյուր բառին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԽՈՍՔԸ
Երեկ Տավուշի մարզում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանին գտել են մահացած: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը բանակ էր զորակոչվել 2014 թվականի աշնանը եւ նրա ծառայությանը մնացել էր ընդամենը 8 ամիս, սակայն անհասկանալի պատճառներով տղային գտել են ինքնասպան եղած: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին հեռարձակված «Զինուժ» հաղորդումը ներկայացրել է Տավուշի մարզում N զորամասի դիրքերում ծառայությունը իրականացնող զինվորների քաջությունը, եւ հաղորդման հերոսն էլ եղել էր հենց մարտի 14-ին ինքնասպան եղած Կամո Մարտիրոսյանը:
Պարզվում է, որ Կամո Մարտիրոսյանը նռնականետորդ է եղել եւ որպես օրինակելի զինվոր հաղորդման ընթացքում պատմել է իր ծառայության մասին. «Արդեն 5-րդ մարտական հերթափոխին եմ մասնակցում եւ ամեն անգամ մարտական հերթափոխի ժամանակ մեջիցս անհետացել է վախի զգացողությունը, բանակային ընկերներիս հետ կարծես ախպերներ եք, ու այդ ընկերությունը լինելու է ընդմիշտ: Իսկ թշնամին թող իմանա, որ մենք ամուր կանգնած ենք եւ հարկ եղած դեպքում այնպիսի հարված կարող ենք տալ նրանց, որ դարերով չի մոռանա հայ զինվորի ուժը»:
Ցավոք, օրինակելի զինվոր Կամո Մարտիրոսյանը մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվում է մարտական դիրքում կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Սողոմոն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, արդյո՞ք օրինակելի զինվորը, որի մասին անգամ հաղորդում է նկարահանվել, կարող էր գնալ ինքնասպանության:
-Իմ զորամասի զինվորն է, բայց այս պահին ոչ ոք չի կարող ասել, որ նա ինքնասպանություն է գործել:
-Այսինքն՝ պատահակա՞ն է եղել դեպքը, թե կրակել են նրա վրա:
-Չեմ կարող ասել, դա քննիչների աշխատանքն է:
-Զինվորն ի՞նչ խնդիրներ է ունեցել ծառայության ընթացքում, որի մասին Ձեզ զեկուցել են:
-Լավ զինվոր էր, 1 տարի 2 ամիս ծառայել է: Ես դեպքի ժամանակ եղել եմ իմ աշխատասենյակում, երբ լսել եմ այդ մասին: Բացարձակապես իր համածառայակիցների հետ խնդիր չի ունեցել, նորմալ շփվել է, կոնֆլիկտային տղա չէր, նա նորմալ զինծառայող էր: Բոլորի կողմից սիրված էր եւ նեղվելու կարիք չի ունեցել: Ափսոս, ցավալի է:
Նշենք, որ Կամո Մարտիրոսյանի ընտանիքը ապրում է Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ
Մարտի 14-ին եւ լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

 

ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՎԱՐՈՒՅԹ
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը երեկ կայացած նիստում վարույթ է ընդունել լրագրողների հայցն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնել է, որ լրագրողների դիմումը մերժելու կամ վարույթ չընդունելու հիմքեր չեն եղել: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իրենք դատարան չեն եւ պատժամիջոցներ չեն սահմանում:

 

ՀԱՇՏՎԵՑԻ՞Ն
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ հրապարակել է դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ կնքված հաշտության համաձայնության մասին որոշումը: Ըստ համաձայնագրի՝ դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին կփոխհատուցի 2 մլն դրամ, ինչից հետո Հակոբյանները որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել իր պաշտպանյալին:

 

ԱՎԵԼԻ ԵՆ ՍԵՐՏԱՆՈՒՄ
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Կողմերի միջեւ ստորագրվել է 6 փաստաթուղթ, որոնք առնչվում են վարորդական վկայականների ճանաչմանը երկու երկրների կողմից, ինչպես նաեւ արդարադատության ոլորտին: Կողմերը քննարկել են նաեւ մի շարք հարցեր, որոնք առնչվում են տնտեսական, էներգետիկ ոլորտներին, պաշտպանական արդյունաբերությանը:

 

ԷԺԱՆ ԲԵՆԶԻՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Վրաստանում բենզինի ավելի ցածր գնի պատճառներից մեկը Թուրքմենստանից եւ Ադրբեջանից ներկրումն է: Այս մասին երեկ Աժ-ում հայտարարել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ինչ վերաբերում է հարկային բեռին, ապա Վրաստանում, ինչպես եւ Հայաստանում, բենզինի ներկրումը ե՛ւ ԱԱՀ-ով, ե՛ւ ակցիզով հարկման է ենթարկվում: Սակայն, ըստ Շաբոյանի, Վրաստանում 1 տոննա ներկրվող բենզինի արժեքում հարկային բեռն ավելի փոքր է:

 

ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
Մարինե Կարապետյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի քարտուղար: Նա 1996 թվականից աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում, ապա 2004-ից` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան:




Լրահոս