ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՓԱՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս զեկուցագիրը, որ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին, վերաբերում է 2007թ. խորհրդարանական ընտրությունների շրջափուլին: Հեղինակը անդրադարձ է կատարում Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի միջեւ կայացած սկանդալային զրույցի գաղտնալսման թեմային:

Ամերիկյան դիվանագիտական շրջանակներն ակնհայտորեն խիստ զայրացած են եղել գաղտնալսման փաստից: Այդ պատճառով էլ շարունակաբար փորձում էին Սերժ Սարգսյանի կողմից դատապարտող հայտարարություն կորզել գաղտնալսման կապակցությամբ, ինչից Սարգսյանը հաջողությամբ խուսանավել է:
Զեկուցագրի հեղինակը տեղեկացնում է, որ իշխանամետ հակում ունեցող ռուսալեզու «Գոլոս Արմենի» թերթի հրապարակած գաղտնի ձայնագրության սղագրությունն իրական է: Գոդֆրին զրուցել է նաեւ Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի հանդիպմանը մասնակցած Տիգրան Մկրտչյանի հետ` պարզելու համար դեպքի մանրամասները: Ամերիկյան կողմի համար պարզ է դարձել, որ այդպիսի զրույց իրականում տեղի է ունեցել, իսկ գաղտնալսումն էլ իրականացվել է ՀՀ հատուկ ծառայությունների կողմից:
Ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ իրենք դիմել են Սերժ Սարգսյանին` նրան տեղեկացնելով իրենց լուրջ դժգոհության մասին: Արտահերթ հանդիպում խնդրելով` ամերիկացիները ցանկացել են Սարգսյանին համոզել, որ որպես ՀՀԿ նախագահ եւ ՀՀ վարչապետ հանդես գա համապատասխան հայտարարությամբ` դատապարտելով գաղտնի ձայնագրությունը կամ ցանկացած այլ արարք, որ հատուկ ծառայությունները թույլ կտան այդ տրամաբանության մեջ, ինչն անհարիր է նորմալ ընտրական գործընթացին: Սակայն դիվանագետը հարկ է համարում շեշտելու, որ Սերժ Սարգսյանը խուսափել է նման հայտարարություն տարածելուց` նախընտրելով անորոշ արդարացումներն ու պնդումները:
Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքը չգիտի, թե ինչքանով են հիմնավոր հնչած մեղադրանքները, եւ հատկապես իր համար անհասկանալի է, թե ինչից ելնելով են արվում այն պնդումները, թե այդ ամենը կազմակերպված է եղել հատուկ ծառայությունների կողմից: Եվ ապա Սարգսյանը հավելել է, որ ինքը կամենում է ԱՄՆ դիվանագետի հետ զրուցել` որոշ ժամանակ առաջ ծրագրված ժամանակացույցին համապատասխան` հրաժարվելով շտապ հանդիպումից: Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, որ Արթուր Բաղդասարյանն իրեն ավելի մեծ սխալ է թույլ տվել, քան ամերիկացիները կարող են անգամ պատկերացնել: Ամերիկացի դիվանագետը վերահաստատել է իր բացասական վերաբերմունքը խնդրի առարկա գաղտնալսման հանդեպ` հետագա քննարկումներին դեմ չլինելով հանդերձ:
Գոդֆրին ծանուցում է, որ ավելի վաղ իրենք հանդիպել էին այնժամ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ` արտահայտելու իրենց մտահոգությունները միջադեպի կապակցությամբ: Գոդֆրին շեշտել է, որ դիվանագիտական զրույցներին հետեւելն անընդունելի է, իսկ հատկապես հատուկ ծառայությունների օգտագործումը նախընտրական պայքարում` խստագույնս անթույլատրելի: Նա հատկանշել է, որ միջադեպը հաստատապես բացասաբար է անդրադառնալու ընտրություններին հետեւող միջազգային դիտորդների կարծիքի վրա: Համոզված ենք, որ ամերիկացիների հետ ունեցած հանդիպմանը Վարդան Օսկանյանը պաշտպանել է իշխանությունների գործողությունները այնպես, ինչպես մարտի 1-ին էր վարվում: Կհիշեն շատերը, որ Օսկանյանը 2012թ. ինքը դարձավ նույն մեթոդների զոհը, երբ հրապարակվեց նրա ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի զրույցի գաղտնի ձայնագրությունը: Այնպես որ, Օսկանյանը բողոքելու տեղ չունի, քանզի երբ ինքն էր իշխանության մեջ, այլոց գաղտնալսում էին, նա ծպտուն իսկ չէր հանում:
Զեկուցագրի ավարտին դատապարտելով գաղտնի ձայնագրությունն ու դրա հրապարակումը` Գոդֆրին եւս մեկ անգամ շեշտում է, որ դրա հեղինակները հատուկ ծառայություններն են եղել: Նրա պնդմամբ` փաստը, որ փետրվարին կատարված գաղտնի ձայնագրությունը ամիսներով պահվել է եւ հրապարակվել է միայն նախընտրական շրջանում, ցույց է տալիս դրա մաքուր քաղաքական նպատակները: Հարկ է հավելել, որ իր դեմ նման մեթոդներով պայքարող իշխանությունից Արթուր Բաղդասարյանը բնավ չվիրավորվեց: Ավելին` իշխանություններին մեղադրելով իրեն սպանելու ցանկության մեջ` Բաղդասարյանը օրերի ընթացքում աջակցեց իրեն սպանել ցանկացող իշխանությանը` 2008-ին իշխանական կոալիցիա կազմելով: Իսկ այսօր նույն Բաղդասարյանը նույն թիմով փոխում է ՕԵԿ անունը եւ խոստանում պայքարել իշխանությունների դեմ: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ Բաղդասարյանը ճիշտ կվարվի, եթե այլեւս չհանդիպի բրիտանացի դիվանագետների հետ. ինչ իմանաս, ինչեր կարող են պատահել Քոչարյանի կողմից «դավաճան» պիտակը ստացած Արթուր Բաղդասարյանի հետ:
Վերջում հարկ ենք համարում վերահաստատել, որ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա իշխանություններին մազաչափ իսկ չի հետաքրքրել, թե ինչ կարծիք են ունեցել միջազգային դիտորդները: Դրա լավագույն ապացույցը սահմանադրական վերջին փոփոխությունների առթիվ տեղի ունեցած հանրաքվեն էր, որը միջազգային դիտորդների կողմից դրական գնահատականի չարժանացավ: Դրանով հանդերձ` ՀՀԿ-ն մատ թափ տվեց դիտորդների վրա, իրական կեղծարարները չպատժվեցին, իսկ արտաքին ուժային կենտրոններն էլ պատրաստակամություն հայտնեցին աշխատել Սերժ Սարգսյանի իշխանության հետ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Երեկ, մինչ ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հանդիպում էր Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի հետ, մարզի Նարեկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Նորաշեն, Այգեպատ, գյուղերի բնակիչները փակել էին Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածը: Նրանք պահանջում են վճարել իրենց մթերած խաղողի գումարները:

Նշենք, որ վերոնշյալ գյուղերի բնակիչներին պարտք է «Վինար» ընկերությունը, որը զբաղվում է խմիչքի արտադրությամբ: Այս ընկերության հիմնադիրն է Տիգրան Գալստյանը: Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ընկերությունը այժմ ֆինանսական որոշ խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանում կուտակած պարտքերը մարել: «Բանկերի հետ կապված խնդիրներ կան, ինչ-որ վարկ պետք է վերցնեն: Խոստացել են, որ կլուծեն եւ մարտի 25-ից կսկսեն վճարումները»,- նշեց գյուղապետը:
Ի դեպ, երեկ բողոքող գյուղացիների հետ հանդիպման էին գնացել ՀՀ փոխմարզպետները եւ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Ժողովուրդ»-ը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչ պայմանավորվածություն ձեռք բերվեց գյուղացիների եւ ընկերության ներկայացուցիչների միջեւ: Հարցին ի պատասխան՝ փոխնախարար Մակարյանը հայտարարեց, որ վերամշակող «Վինար» ընկերությունը մարտի 25-ից մինչեւ ապրիլի 15-ը խոստացել է գյուղացիներին վճարել գումարները: «Վերամշակողները հասկանում են, որ իրենց ֆինանսական բոլոր միջոցները պետք է ուղղեն գյուղացիների պարտքերի մարմանը, քանի որ գյուղացին, նախքան գյուղատնտեսական աշխատանքները սկսելը, պետք է գումար ունենա»,- նշեց փոխնախարարը: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ 30-40 ՏՈԿՈՍԸ
Ներկայումս գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան եւ Պտղավան գյուղերում: Նախկինում՝ խորհրդային տարիներին, Վրաստանին սահմանակից այդ գյուղերը գազաֆիկացված չեն եղել: Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են մոտ մեկուկես տարի առաջ եւ կավարտվեն այս տարվա ապրիլի վերջին: Գյուղապետի վկայությամբ՝ ծրագիրն իրականացվում է ԻՖԱԴ-ի ֆինանսավորմամբ, իսկ համայնքները ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով ներդրում են ապահովում: Նշենք, որ նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերը շուրջ 2 տարի առաջ ԻՖԱԴ-ի վարկային ծրագրով գազաֆիկացվել են, սակայն այդ գյուղերի բնակիչները գազ չեն ստանում, քանի որ նրանք հնարավորություն չունեն իրենց միջոցներով միանալ գյուղի փողոցներով ձգվող գազի խողովակաշարին: Բանն այն է, որ սեփական առանձնատներից գազի խողովակաշարին միանալու համար խողովակ պետք է անցկացնել՝ յուրաքանչյուր գծամետրի համար վճարելով շուրջ 3700 դրամ: Ամեն ընտանիքի հաշվով դա կազմում է շուրջ 70 հազար դրամ եւ ավել, իսկ նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները այդ գումարը չունեն: Բագրատաշենի գյուղապետից հետաքրքրվեցինք` արդյոք գազատարը գործարկելուց հետո իր համագյուղացիները կկարողանան հոգալ այն իրենց բնակարաններին միացնելու ծախսերը: Մակյանն ասաց, որ իրենց համայնքի բնակիչների մեկ երրորդը վճարունակ է: Բացի այդ՝ Վրաստանին սահմանակից գյուղերի փողոցները կառուցված են ճարտարապետական նախագծով, ուղիղ են, այդ պատճառով գազատարի հետ միացման ծախսերը մեծ չեն լինի: Ա. Մակյանի խոսքերով՝ սկզբնական փուլում գազատարին կմիանան գյուղի բնակարանների 30-40 տոկոսը:

 

 

«ՍՊԱՅԿԱՆ» ԱՇԽԱՏՈՒՄ Է ԳԻՇԵՐՈՎ
Մոտ երկու շաբաթ է, ինչ «Սպայկա» ընկերությունը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքում, մաքսատան շենքից վերեւ շինարարական աշխատանքներ է կատարում: Հայաստանից Ռուսաստան ապրանքափոխադրումներ իրականացնող ընկերությունը մաքսատան մոտակայքում սառնարանային տնտեսություն է հիմնում, ընդ որում, այնքան է շտապում, որ շինարարական աշխատանքները նույնիսկ գիշերն են ընթանում: Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ հիշյալ նպատակով «Սպայկան» բագրատաշենցի մասնավոր սեփականատիրոջից շուկայական գներով ձեռք է բերել 1, 2 հեկտար տարածք, հսկա սառնարանի շինարարությունը կավարտվի մեկ ամսից: Բագրատաշենի տարածաշրջանի բնակիչները հույս ունեն, որ այդ սառնարանային տնտեսությունը կնպաստի Դեբեդի հովտի դեղձի եւ այլ մրգերի արտահանմանը դեպի Ռուսաստան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս