“Հայազն” կուսակցությունը հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին հրավիրում է բողոքի ակցիայի՝ Երեւանի քաղաքապետարանի դիմաց,որի ընթացքում կտրվի նամակ՝ պահանջագիր,որից հետո երթով կշարժվեն դեպի տրանսպորտի նախարարություն:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. “Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղեւորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:
Վստահ ենք, որ Երեւանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: “Հայազն” կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:
Պահանջում ենք.
1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:
2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղեւորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:
3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ եւ պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղեւորների նստեցումը:
4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:
5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն եւ արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղեւորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղեւորների որսի, խախտումների եւ կոնֆլիկտների:
6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի եւ դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:
7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները եւ խստությամբ հետեւել դրանց կիրառմանը:
8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում”,- նշել են հայտարարության հեղինակները: