Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Էլիտ-սպորտ» ընկերությունը, որը հանդիսանում է «Kelme» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, միանալով «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությանը՝ անցկացրեցին «Դու միայնակ չես» բարեգործական ծրագիրը:
«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հետ համատեղ մարտի 23-ին անցկացրեց սիրիահայերին օժանդակելու բարեգործական ակցիան, որին որպես գլխավոր հովանավոր միացավ նաև ՀԱՕԿ-ը: Վերջին 3 ամիսների ընթացքում հայրենադարձների ամենակարիքավոր 44 ընտանիքներին տրվեցին պարենային և ֆինանսական օգնություն: Հուլիս ամսից 7 սիրիահայ-մասնագետներ աշխատանքի կանցնեն ՀԱՕԿ-ում:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հանդիսանում է խոշորագույն երտասարդական կառույցներից մեկը մեր երկրում, ի դեմս ՀԱՕԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի, կարևորում է Հայաստանի և սփյուռքի մարզիկների հիմնախնդիրները և որդեգրել է դրանց լուծմանն ուղղված քաղաքականություն: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ուշադրության կենտրոնից չեն վրիպել նաև Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցները»,-ծրագրի շրջանակներում ասաց ՀԱՕԿ կոմերցիոն վարչության ղեկավար Մանե Մուրադյանը:
Ծրագիրը շարունակական բնույթ կկրի: