Ինչ է կատարվում ԲՀԿ տարածքային կառույցներում և Աբրահամ Մանուկյանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` ինչ տեղեկություններ են տարածվում, որ ԲՀԿ-ի տարածքային կառույցները լուծարվում են: Խոսքը մասնավորապես, Նոյեմբերյանի և Բաղրամյանի ԲՀԿ տարածքային կառույցների մասին է, որոնք ըստ լուրերի` լուծարվում են, իսկ ղեկավարներն էլ` կուսակցությունից հեռանալու որոշում են կայացրել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց  ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վահան Կարապետյանի հետ, ով ըստ տեղեկությունների, անձամբ է եղել Բաղրամյանում և փորձել շտկել իրավիճակը: Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ մամուլում դրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և տարածքային կառույցներն աշխատում են բնականոն ռեժիմով: «ԲՀԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծված է աշխատանքային խումբ, այդ աշխատամքային խմբի մեջ նաև ես եմ ընդգրկված: Օրեր առաջ մենք Արմավիրում էինք, եղանք նաև Բաղրամյանի տարածքային կառույցում, խնդիրը միայն տեխնիկական է: Մենք Բաղրամյանում ընտրել ենք նոր և ավելի հարմարավետ գրասենյակ: Որևէ գրասենյակ չի փակվել, ինչպես գործել, այնպես էլ գործելու», – հավելեց նա:

Կարապետյանը ընդգծեց, որ նման խնդիր է առաջացել, քանի որ տարածքի սեփականատերը խնդրել է ազատել տարածքը` այլ նպատակով օգտագործելու համար:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց նաև ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ էլիզբարյանի  հետ, ով նույնպես նշեց, որ տարածքային կառույցներն աշխատում են բնականոն ռեժիմով:

– Իսկ Նոյեմբերյանի և Բաղրամյանի կառույցներում ինչպիսի իրավիճակ է տիրում:

– Բաղրամյանի հետ կապված որևէ խնդիր չկա, ընդամենը տարածքային կառույցի տարածքի սեփականատերը խնդրել է ազատել այն, որովհետև ինքն այդ տարածքն այլ նպատակներով է օգտագործում: Բաղրամյանում մենք արդեն վարձակալել ենք այլ գրասենյակ և մեր տարածքային կառույցը կգործի նույն նախագահով և ավելի հարմարավետ գրասենյակում: Ինչ վերաբերում է Նոյեմբերյանին, ապա այդ մասին նույնպես նշվել է, որ տարածքային կառույցը չի կարող լուծարվել, ընդամենը տարածքային խորհուրդն է կուսակցությունից դուրս եկել` խորհրդի նախագահի գլխավորությամբ: Արդեն իսկ ձևավորվել է Նոյեմբերյանի տարածքային նոր խորհուրդ, որն առաջիկայում կունենա նոր նախագահ, շուտով կգումարի իր նիստը և ներկա կլինի նաև ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

– Այդ դեպքում ի վերջո ո՞րն է նման տեղեկությունների տարածման պատճառը: 

– Մեզ համար պարզ է և տեսանելի է, թե ով է փորձում մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնել: Նշյալ անձնավորության բոլոր քայլերը դատապարտված են: Մենք կրկին անգամ նշյալ անձնավորությանը հորդորում ենք խաղավել և հանդարտվել: Իրեն չի հաջողվելու «Բարգավաճ Հայաստան»-ում որևէ ինտրիգ հրահրել, նրա խաղերն այլևս ավարտված են: Որքան այդ անձնավորությանը դա շուտ հասկանա, այնքան առաջին հերթին դա բխում է հենց իր շահերից:

– Ում նկատի ունե՞ք , Աբրահամ Մանուկյանի՞ն:

– Անուններ չեմ ցանկանում հնչեցնել:

Հավելենք, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հանձնարարությամբ ստեղծված է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություններ է կատարում ԲՀԿ գրասենյակների առնչությամբ և աշխատանքների ավարտից հետո միգուցե օպտիմալացում կատարվի և 1-2 գրասենյակներ փակեն, որոնք կրկնում են մեկ այլ գրասենյակի աշխատանաքները:

Հ. Գ. Չնայած ԲՀԿ մամուլի խոսնակը չցանկացավ անուններ հրապարակել, սակայն ակնհայտ է, որ վերևում խոսքը Աբրահամ Մանուկյանի մասին է, ով մինչև մարտի 1-ը զբաղվում էր կուսակցության ֆինանսական հարցերով, իսկ մարտի 1-ից այդ հարցերով Նաիրա Զոհրաբյանն է զբաղվում: Աբրահամ Մանուկյանի և ԲՀԿ նախագահի լարված հարաբերություններին բազմիցս էինք անդրադարձել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս