
Հ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Միթ Իմփորթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:
Նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն օգտահանել, ոչնչացնել կամ վերաարտահանել: