ՀՈՆՈՐԱՐԻ ՉԱՓԸ ՓՈԽՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարի հուլիսի 24-29-ը Յուրմալայում կայանալիք “Նոր ալիք” երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանի հետ կմեկնի նաեւ երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Պարզվում է` այս տարի մրցույթի կանոնները փոխվել են, ու բոլոր մասնակիցները “Երկրի հիթ” անվանակարգում պետք է ելույթ ունենան նախկինում իրենց երկիրը ներկայացրած մասնակիցներից որեւէ մեկի հետ: Այս տարի “Նոր ալիք”-ի ռեժիսորի առաջարկով Էրիկը Մաշայի հետ կերգի Առնո Բաբաջանյանի “Твои следы” երգը: Այս կատարումը նույնպես մրցութային ծրագրի մեջ է մտնում, ժյուրին էլ գնահատելու է: 
-Բոլորս հիշում ենք Ձեր գերազանց մասնակցությունը ,Նոր ալիքե-ում, մրցույթից հետո ինչ-որ փոփոխություններ եղա՞ն Ձեր կյանքում: 
-Միանշանակ, իմ կյանքում շատ բան է փոխվել: Հայաստանում ստացած մրցանակների մասին չեմ խոսում, դրանք վաղ թե ուշ լինելու էին: Չնայած ես կարծում եմ, որ իմ մասնակցությունը “Նոր ալիք”-ին նպաստեց, որ ես միայն անցած տարվա ընթացքում ստանայի երկու մրցանակ` Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը “Լավագույն երգիչ” կոչմանն արժանացա, նաեւ ստացա “Դար 21”-ի մրցանակը կրկին “Լավագույն երգիչ” անվանակարգում: Բայց ինձ համար ամենակարեւորը ժողովրդի վերաբերմունքն է, ինչն ամենից բարձր եմ գնահատում:
-Իսկ ֆինանսական առումով որեւէ բան փոխվե՞ց, օրինակ` Ձեր հոնորարի չափը:
-Այո՛, բայց վաստակածիս չափը կապված է նաեւ այն փաստի հետ, թե ես ինչքան կաշխատեմ: Ես միշտ էլ ունեցել եմ հոնորարի իմ չափը: Այն մարդիկ, որոնք ինձ միշտ լավ են վերաբերվել, նրանց համար ես ոչ մի գին չեմ փոխել: Եթե խոսքը դրսի մասին է, փոքր փոփոխություններ կան, բայց Հայաստանի կարգավիճակից ելնելով՝ ես չեմ կարող այնպիսի հոնորար պահանջել, որ չկարողանան հրավիրել: Ու քանի որ ես մարդկանց համար եմ ելույթ ունենում, պետք է, որ իրենց համար մատչելի լինի:
-Ստացվում է, որ դրսի հանդիսատեսն ավելի վճարունակ է:
-Նայած որ երկրում, բայց ես փորձում եմ շատ չշեղվել իմ հիմնական սահմանված գնից: Չնայած եթե մարդկանց ցանկությանը թողնենք, նրանք շատ են իջեցնում հոնորարի չափը: Բայց մեզ էլ հասկանալ է պետք, այնքան, ինչքան երգիչն է ծախսում իր տեսահոլովակների ու մնացած աշխատանքների վրա, նույնիսկ վաստակածը չի բավարարում:
-Հիմա որեւէ տեղ աշխատո՞ւմ եք:
-Ակումբում եմ աշխատում: Իմ հիմնական աշխատանքը համերգներն են, վերջերս մեկնել էինք Ռուսաստանի 13 քաղաքներ՝ համերգների: Համերգներ ունեմ նաեւ Միացյալ Նահանգներում, Արաբական երկրներում: Իսկ ակումբում աշխատում եմ ոչ թե ֆինանսականի համար, այլ ինձ ֆորմայի մեջ պահելու, որովհետեւ ամեն օր ստաբիլ կենդանի կատարում եմ: 
-Այսքան տարի է՝ ապրում, աշխատում եք Հայաստանում, կարողացա՞ք բնակարան գնել: 
-Բնակարան չեմ հասցրել գնել, որովհետեւ ինչքան գումար աշխատել եմ, միշտ գործիս մեջ եմ ներդրել: Այս տարի որոշել եմ գնել, որովհետեւ ժամանակն է ունենալ սեփական բնակարան, հասցրել եմ ինչ-որ գումար հետ գցել: 
-Քանի՞ տարի է, որ Թիֆլիսից տեղափոխվել եք Հայաստան:
-7 տարի է, ինչ ընդունվեցի Կոնսերվատորիա: Բայց ամսվա մեջ լիքը գնում եմ Թիֆլիս, որովհետեւ ծնողներս այնտեղ են ապրում, իմ տունն այնտեղ է: Բացի այդ, որ շրջագայություններս էլ շատ են լինում, համարյա թե չեմ ապրում Հայաստանում: Սակայն այս տարի ես արդեն բուռն աշխատանքներ եմ պլանավորել Հայաստանում: Ինչպես տեսաք, այս տարի արդեն երկու տեսահոլովակ եմ ներկայացրել, աշնան սկզբին էլ կլինի երրորդը, մեկն էլ ուզում եմ Նոր տարուց առաջ թողարկել:
-Շատ կատարողներ ասում են՝ տեսահոլովակ չեմ նկարելու, ձայնասկավառակ չեմ ձայնագրելու, միեւնույն է, կրկնօրինակելու են, ինտերնետում տարածեն:
-Կա նման բան, ինտերնետային կայքերը վերցնում տեղադրում են, որտեղից կարելի է անվճար ներբեռնել: Բայց նաեւ պետք է հասկանալ, որ մեզ մոտ չկա այդ ինստիտուտը, որ կանխարգելի ապօրինի տարածումը, այն էլ համացանցում: Ինձ համար միեւնույն է, ձայնասկավառակը յուրաքանչյուր երգչի համար իր աշխատանքի ամփոփումն է: Ես ունեմ մի ձայնասկավառակ, 2009-ին եմ թողարկել, իսկ երկրորդը նախատեսում եմ մոտ ապագայում:
-Ձայնասկավառակի վրա ծախսած գումարն անիմաստ վատնում չե՞ք համարում:
-Ո՛չ, դա երգչի այցեքարտն է: Ցանկացած իրեն հարգող երգիչ պետք է իր գործն ամփոփի սկավառակի տեսքով: Այսօր աշխարհում եւ ոչ մի երգչի ձայնասկավառակ այդքան չի վաճառվում, բայց միեւնույն է, նույնիսկ համաշխարհային համար մեկ աստղերը թողարկում են: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 580 համար




Լրահոս