ՄԻՊ-ի օգտակար խորհուրդները հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս անցած տարի բարձրացրել էր մեքենան սխալ վայրում կայանելու համար հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին տուգանելու հարցը: Պաշտպանի աշխատակազմի կողմից ներկայացվել էր համապատասխան օրենսդրական առաջարկ, որը եւ 2012 թվականի դեկտեմբերին ընդունվել էր Կառավարության կողմից:
Պաշտպանօ աշխատակազմից հայտնում են, թե օրենսդրական այս բարեփոխման շնորհիվ լուծվեց հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխաներ փոխադրողների (ծնող կամ խնամակալ) տրանսպորտային միջոցների տեղաշարժման եւ կայանման մատչելիության հարցը։
Պաշտպանի աշխատակազմը, սակայն, շարունակում է ստանալ ահազանգեր հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին տուգանելու կամ անհարկի կանգնեցնելու վերաբերյալ:
Արձագանքելով Պաշտպանի գրությանը՝ ՀՀ Ոստիկանությունում անցկացվել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության (ՃՊԾ) ստորաբաժանումների հետ խորհրդակցություն, որով ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգավորվել է հետեւողական լինել Կառավարության համապատասխան որոշման պահանջները կատարելու հարցում:
Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ հանրապետության տարբեր վայրերում տեղադրված տեխնիկական սարքերի (օրինակ` տեսախցիկներ) միջոցով հնարավոր չէ պարզել վարորդի կամ ուղեւորի հաշմանդամություն ունենալու փաստը, եւ, արդյունքում, տարբերակել հաշմանդամություն ունեցող անձանց պատկանող կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցները, ուստի սխալ վայրում կայանելու համար կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության՝ համապատասխան էլեկտրոնային արձանագրության հիման վրա: Նման դեպքերում անհրաժեշտ է, որ մեքենայի վարորդը Ճանապարհային ոստիկանություն ներկայացնի համապատասխան հիմնավորումներով դիմում՝ վարչական իրավախախտման որոշումը բեկանելու մասին:
Պաշտպանի աշխատակազմը պարզել է նաեւ, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը կամ խնամակալը կարող է պարզապես գրախանութից գնել հաշմանդամություն ունեցող անձի արտոնանշան եւ դա փակցնել մեքենայի ապակուն: Արդյունքում, Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները ի սկզբանե տեղեկացված կլինեն վարորդի կամ ուղեւորի կարգավիճակի մասին:




Լրահոս