Դեմկուսը դատապարտում է ուղեվարձի թանկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խստորեն դատապարտում է Երեւանի քաղաքապետարանի` տրանսպորտի թանկացման որոշումը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհրդի հայտարարության մեջ ասվում է. “Այսօր, երբ թանկացավ էլեկտրաէներգիան, գազը, կենսապահովման առաջին անհրաժեշտության ապրանքները, սա լուրջ հարված է մեր առանց այն էլ սոցիալական ծանր բեռի տակ կքած ազգաբնակչության գրպանին:
Մենք համոզված ենք, որ նախքան նմանատիպ որոշում կայացնելը, պետությունը պարտավոր էր էապես եւ համարժեք բարձրացնել աշխատավարձերը եւ կենսաթոշակները, իսկ քաղաքապետարանը պարտավոր էր զուգահեռաբար ապահովել տրանսպորտային փոխադրումների բարձր որակ` սկսած փոխադրամիջոցների պարկի լայնամասշտաբ թարմացումից, փոխադրումների հաճախականությունից, վարորդների մարդկային աշխատանքային պայմաններից, ավարտված տրանսպորտային միջոցի մաքրությունից եւ տեխնիկական անվտանգության ապահովումից: Մինչդեռ մեր համաքաղաքացիները շարունակում են երթեւեկել անորակ տրանսպորտով եւ նվաստացուցիչ պայմաններում:
Փոխարենը տեսնում ենք իշխանության միտումնավոր հանցավոր անտարբերությունը եւ անփութությունը երկրի ներսում կատարվող պրոցեսների, սեփական ժողովրդի եւ երկրի ճակատագրի հանդեպ:
Մենք գտնում ենք, որ քաղաքապետարանի որոշումը անհիմն է, կամայական եւ ուռճացված եւ ապահովում է գերշահույթի հերթական բաժինը իշխանական հովանավորչությունից օգտվող գծատերերի համար, ովքեր հայտարարում են, թե բարեգործներ են եղել եւ հանուն ժողովրդի այսքան տարիներ աշխատել են վնասով:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ողջունում եւ իր աջակցությունն է հայտնում այն երիտասարդությանը, ովքեր ակտիվորեն պայքարում են իրենց իրավունքների համար եւ իրենց դրսեւորում որպես իսկական քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց երկրին:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում մեր համաքաղաքացիներին համախմբվել, չհնազանդվել ապօրինի, չհիմնավորված որոշմանը, սատարել երիտասարդ ակտիվիստներին, շարունակել վճարել 100 դրամ եւ այդպիսով ստիպել քաղաքապետարանին չեղյալ հայտարարելու կայացրած որոշումը”:




Լրահոս