Երևանի շատրվաններն ու ցայտաղբյուրները նախապատրաստվում են վերագործարկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների պետերի, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է վարչական շրջաններում և տեղում հետևել ու ծանոթացել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների գործարկման նախապատրաստական աշխատանքներին: Ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներին զուհագեռ իրականացվում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական այլ աշխատանքներ: Զուգահեռ ստուգվում է էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հուսալիությունը:

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ջրային կառույցների վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Թեև բավական ծավալուն են Հանրապետության  հրապարակի և Երևանի հիմնադրման 2750-ամյակի շատրվանների գործարկման աշխատանքները, այդուամենայնիվ շատրվանների մասով մեր աշխատանքները հիմնականում ավարտված են: Առավել ընդգրկուն է ցայտաղբյուրների գործարկումը, որոնց հարցում, ի դեպ, աջակցում է «Երևան ջուր» ընկերությունը: Բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և արդեն հաճելի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները միաժամանակ կվերագործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ի առավոտյան»,- ընդգծել է Կամո Արեյանը:




Լրահոս