ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նոր ղեկավար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման գործում եւ նշեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու եւ բարձրացնելու, ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում: Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը` նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է:

Էդվարդ Նալբանդյանը եւ Արգո Ավակովը քննարկեցին Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:




Լրահոս