ՀՀ փոքր հէկ-երի միության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ տարածված խոսակցությունները, թե Հայաստանի տարածքում գործող հէկ-երի մեծ մասի հիմնական սեփականատերը Սերժ Սարգսյանի եղբայրն է, չեն համապատասխանում իրականությանը: -Տիկի՛ն Նահապետյան, խնդրում եմ ասել, թե Ձեր ո՞ր արժանիքի համար է, որ արդեն որերորդ անգամ Դուք Երեւանի ավագանու անդամ եք ընտրվում, իսկ այժմ էլ հանձնաժողովի նախագահ եք: -Երեւանի ավագանի եմ ընտրվել երկրորդ անգամ, նույն հանձնաժողովի նախագահ եմ վերընտրվել, արժանիքը, կարծում եմ, նախորդ տարիներին կատարված աշխատանքի գնահատականն է երեւանցիների կողմից: -Դուք ՀՀԿ-ում համարվում եք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի «փոխարինողը», քանի որ երկուսդ էլ կուսակցական դիրքն օգտագործում եք Ձեր անձնական շահերի համար: Դուք դրա համար Ձեզ վատ չե՞ք զգում: -Երկու մոտեցումների հետ էլ համաձայն չեմ: Կուսակցական դիրքը երբեւէ չեմ օգտագործել անձնական շահերի համար: -Այսօր Հայաստանում 35 տոկոս աղքատություն է, Ձեզ ինչպե՞ս եք զգում այդ պայմաններում, երբ Դուք շատ լավ եք ապրում, իսկ Ձեր հայրենակիցները նման վատ վիճակում են: -Անցել եմ երկար տարիների աշխատանքային ուղի, ստեղծել եմ կայացած բիզնես, որը տվել է բազմաթիվ աշխատատեղեր նաեւ մարզերում: Իմ համեստ հնարավորություններով միշտ օգնել եւ օգնում եմ սոցիալապես անապահով խավին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ուսանողներին եւ ինձ օգնության հարցով դիմող ցանկացած մարդու՝ անկախ սեռից ու տարիքից: Կատարածս բարեգործությունների մասին երբեւիցե չեմ բարձրաձայնել, որովհետեւ կարծում եմ, որ դա յուրաքանչյուրիս պարտքն է, իսկ այդ մասին պետք չէ բարձրաձայնել: -Նեղացա՞ծ չեք Ձեր հարազատ կուսակցությունից, որ իր խոստումը չկատարեց եւ Ձեզ Երեւանի փոխքաղաքապետ չնշանակեց: Այն դեպքում, երբ անձամբ Դուք Երեւանի ավագանու ընտրություններին ակտիվ քարոզչություն իրականացրիք: -Ի՞նչ խոստման մասին է խոսքը կամ ի՞նչ է նշանակում նեղանալ կուսակցությունից: -Այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է քաղաքային տրանսպորտի թանկացման հարցը: Խնդրում եմ ասել` կոնկրետ որոշում կա՞, թե որքանով է թանկանալու տրանսպորտի ուղեվճարը: -Տնտեսվարող սուբյեկտներից ստացել ենք առաջարկներ, եւ հարցը դեռեւս քննարկման փուլում է: -Տեղեկություններ են շրջանառվում, որ ուղեվարձը մոտ 50 տոկոսով թանկանալու է… -Մոտավորապես հաշվարկն այդպիսին է, բայց դա դեռ վերջնական տարբերակը չէ: Քննարկումից հետո պարզ կլինի: -Այսօր Հայաստանը բավականին հէկ-եր ունի, մինչդեռ էլեկտրաէներգիան թանկանում է, մի՞թե հնարավոր չէ այդ հէկ-երի միջոցով թանկացման հարցը լուծել: -Այսօր հանրապետությունում կա 140 շահագործվող հիդրոկայան, ու եւս 70-ը կառուցման փուլում են: Գործող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիան կազմում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 10 տոկոսը: Այնպես որ, միայն հէկ-երի արտադրանքով հարցը հնարավոր չէ լուծել: -Իսկ ովքե՞ր են այսօրվա գործող հէկ-երի սեփականատերերը… -Նման տվյալներն այսօր շատ հեշտ է ստանալ, դիմում եք պետռեգիստր, կատարում համապատասխան վճարումը եւ ստանում Ձեզ հետաքրքրող հարցերի բոլոր պատասխանները: -Խոսակցություններ կան, որ Հայաստանի հէկ-երի հիմնական սեփականատերը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանն է: -Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ կարծում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: