Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը, ինչից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: Նա անխռով հայացքով հիանում էր հայրենի հարկահավաքներով:
Սակայն ուշագրավ զուգադիպությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարություն տարածեց՝ հաստատելով, որ ՊԵԿ աշխատակցի կողմից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ է տեղափոխվել Հայաստան: Վերահսկիչ պալատի հաշվետվության, «ատկատների», մարտի 1-ի հետ կապված շոու խորհրդակցություններ կազմակերպած Ս. Սարգսյանը երեկ հարկ էլ չհամարեց ՊԵԿ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ գոնե բացասական գնահատական տալ մաքսանենգության այդ խայտառակ երեւույթին:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք բերված խոշոր չափերի ադամանդները մարտի 1-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եւ չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու հրահանգն իր աշխատակցին տվել է անձամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ու երբ «բռնվել են», Խաչատրյանն անմիջապես «մեսիջ» է ուղարկել աշխատակցին, որ լռի, ամեն ինչ իր վրա վերցնի, մինչեւ ինքը կկարգավորի առաջացած խնդիրները, որպեսզի չբացահայտվի, որ ՊԵԿ նախագահն ադամանդի «գործ է անում»:
Իսկ երեկ էլ արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ «Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն»:
Այսպես` ըստ քրեական գործի նյութերի՝ Ա. Փափազյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` Աշոտ Գասպարյանն ԱՄԷ Դուբայ քաղաքում գործող «AL Nobala Diamond» ընկերությունից ձեռք բերված, անհատ ձեռնարկատեր Ռ. Ռուբենյանին պատկանող 2702,742 կարատ խոշոր չափերի` 438 մլն 335.061 ՀՀ դրամ արժեքով ադամանդները պոլիէթիլենային տոպրակում փաթեթավորած վիճակում 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռով տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան: Եվ առանց մաքսային ձեւակերպման ու հայտարարագրելու Ա. Գասպարյանը դրանք հանձնել է ուղեւորների սպասարկման սրահում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կ. Գալստյանին:
Նկատենք, որ մինչ օրս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը չի հերքել իր առնչությունն ադամանդների մաքսանենգության դեպքին:
ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՅԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԳՈՐԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ