ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾԱԽՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում 2012թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները, որ տեղի ունեցան ԱԺ գարնանային նստաշրջանում, հիմնականում քաղաքական բնույթ էին կրում. ընդդիմությունը, օգտագործելով ԱԺ ամբիոնը, անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ եւ, ըստ էության, կանգ չառավ բովանդակային հարցերի վրա: Այնինչ, բյուջեի կատարողականի բուն բովանդակությունն ուսումնասիրելով՝ բավական ուշագրավ պատկեր է պարզվում:
Իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե իրենք մտածում են պետության եւ քաղաքացու մասին, որ ամեն ինչ անում են մարդկանց կյանքը բարելավելու համար: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կառավարության` մայիսի 8-ին կայացած անդրանիկ նիստում հայտարարել էր, թե ակնկալում է «որակական ցուցանիշներ, սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցանիշներ»՝ խոսելով անգամ կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու մասին: Բայց երբ նայում ես, թե ինչպես են ծախսել պետական միջոցները, բոլորովին այլ եզրակացության ես հանգում` նրանց խոսքը միշտ չէ, որ գործ է:
Բանն այն է, որ կառավարությունն ամեն անգամ կարեւորագույն ոլորտներում ավելի քիչ է գումար ծախսում, քան բյուջեն պլանավորելիս: Օրինակ` 2012թ. պետական բյուջեում «սոցիալական նպաստներ եւ կենսաթոշակներ» հոդվածով ծրագրվել է ծախսել մոտ 301 մլրդ դրամ, բայց փաստացի ծախսվել է 288.5 մլրդ: 2012թ. պետական բյուջեից պլանավորածից քիչ են ծախսվել նաեւ պաշտպանության համար նախատեսված գումարները. պլանավորվել է ծախսել 154.4մլրդ դրամ, բայց փաստացի ծախսվել է 152.7 մլրդ: Կրթության ոլորտում եւս թեեւ ծրագրավորվել էր ծախսել 105.5 մլրդ, բայց ծախսվել է 102.7 մլրդ:
Փոխարենը պլանավորվածից շատ է ծախսվել այնպիսի ոլորտներում, որոնք հազիվ թե կարելի է էական համարել: Օրինակ` հասարակական կազմակերպություններին նվիրատվության տեսքով կառավարությունը սկզբում նախատեսել է տալ 2.6 մլրդ, բայց հետո նվիրաբերվել է ավելի շատ գումար` 2.7 մլրդ: Կառավարությունը մասնավոր ու պետական հիմնարկներին, ՏԻՄ-երին դրամաշնորհի տեսքով նախատեսել է տալ 98.9 մլրդ, սակայն ծախսվել է 112.7 մլրդ: Միաժամանակ, կառավարությունը որոշել է 1.2 մլրդ դրամի սուբսիդիա տրամադրել ոչ պետական կազմակերպություններին, իսկ տարեվերջում պարզվել է, որ այդ նպատակով ծախսվել է 3.5 մլրդ:
Հարկ է նկատել, որ նույն պատկերն է եղել նաեւ նախորդ տարիներին. 2011թ. պետական բյուջեից էլ սոցիալական ոլորտի, մասնավորապես` նպաստների ու կենսաթոշակների համար պլանավորվել է ծախսել 268.1մլրդ դրամ, բայց ծախսվել է ավելի քիչ` 256.4 մլրդ: Սոցիալական պաշտպանության համար եւս սկզբում նախատեսված է եղել ծախսել 271.9 մլրդ դրամ, բայց ծախսվել է 256.1 մլրդ: Շրջակա միջավայրի պաշտպանության համար պետական բյուջեի գումարները եւս ծախսվել են նախատեսվածից ավելի քիչ. ծրագրել են այդ նպատակով ծախսել 8.8 մլրդ դրամ, բայց ծախսել են 6.3 մլրդ: Փոխարենը 2011թ. մեծ գումարներ են ծախսվել դրամաշնորհների համար. նախատեսված 89.5 մլրդ-ի փոխարեն` 99.3 մլրդ: Հասարակական կազմակերպություններին նվիրատվությունների անվան տակ գումարները նախատեսվածից ավելի են ծախսվել. ծրագրել են 1.9 մլրդ, բայց տվել են 2.2 մլրդ:
Հիմա փորձենք տեսնել, թե ՀՀ պետական բյուջեի միջոցներն իշխանություններն ինչպես են տնօրինել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին. նախատեսված ծախսերը որոշակիորեն կրճատվել են միայն 2009թ., երբ պարզվեց, որ հակառակ վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդումների՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, այնուամենայնիվ, որոշել է չշրջանցել Հայաստանը: 2009թ. թեեւ դրամաշնորհներն ու ոչ պետական կազմակերպություններին տրվող սուբսիդիաները ծախսվել են նախատեսվածից քիչ, բայց միաժամանակ քիչ է ծախսվել սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների համար:
Թեեւ ճգնաժամը 2010թ. չէր նահանջել, սակայն այդ տարվա պետական բյուջեից դրամաշնորհներն ու նվիրատվությունները կրկին նախատեսվածից ավելի են տրամադրվել. 2010թ. պլանավորվել է հ/կ-ներին տալ 1.9 մլրդ դրամ, տրվել է ավելի քան 2.1 մլրդ: Իսկ դրամաշնորհի համար 84.4 մլրդի փոխարեն տրվել է 93.4 մլրդ դրամ: Խոստովանենք` սիրուն չէ: Նաեւ` արդար չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս