ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՂ ԿՏԱՆ
Շվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին 2013-2016թթ. Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության իր ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ-ն, այս մասին տեղեկացրել է Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ռուդոլֆ Շոխը:

ՑԻՆԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Հուլիսի 14-ին Պռոշյանի համայնքապետի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ցավոք, կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք եւ այլն: Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին: Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսեւորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը: Հակառակ այս իրողությանը` մենք հորդորում ենք Պռոշյանի բոլոր բնակիչներին տուրք չտալ նոր լարվածություն ստեղծելու հնարավոր փորձերին, միաժամանակ վստահեցնում ենք, որ հասարակության համախմբմամբ հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը եւ մեղավորներին պատժելուն»:

ՀԱՍԿԱՑԱՆ,
ՈՐ ԼԻԴԵՐ ՉԷ
Նախախորհրդարանի հավաքին Ազատության հրապարակի նստարաններին նստած ազատամարտիկներից, որոնք ակտիվորեն մասնակցում էին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, «Առավոտ»-ը փորձել է ճշտել, թե ինչ է փոխվել այն ժամանակից ի վեր: «Շատ բան է փոխվել: Մենք եւս մեկ անգամ զգացինք, որ դասական իմաստով լիդեր առայժմ մենք չունենք: Եթե լիդերն իրեն չի կարող մի անձրեւանոց ապահովել, որպեսզի գիշերը չթրջվի, նա, իմ կարծիքով, անկարող է 500 հազար, 1 մլն մարդու առաջնորդել»,-պատասխանել է հավաքի մասնակից, ազատամարտիկ Մերուժան Հանեցյանը:

ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ ԵՆՔ
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Անցումային շրջանի երկրներ» զեկույցում Հայաստանը դասված է կիսակոնսոլիդացված ավտորիտար կառավարում ունեցող երկրների շարքում: Այդուամենայնիվ, փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանն իր դիրքը բարելավել է լրատվամիջոցների անկախության առումով, ինչպես նաեւ դեպի առաջ 6 քայլ է գրանցել ժողովրդավարության վարկանիշում: Մասնագետները Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գնահատել են 5.36, ինչը մի փոքր ավելի լավ է նախորդ տարվա ցուցանիշից:

ԱՐԴՅՈ՞Ք ՓԱՍՏ Է
«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլեւս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման եւ, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է:  Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում»,-երեկ՝ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այս շաբաթ կարգադրություն է ստորագրելու մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու մասին. «Ես կարծում եմ, որ նոր հսկիչ-անցագրային կետերի կառուցման հետ միասին մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլեւս որեւէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ-անցագրային կետերը ե՛ւ իրենց տեսքով, ե՛ւ բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին»:




Լրահոս