ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան կատարած այցի ժամանակ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների հետ հանդիպման ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե Վիլնյուսում նոյեմբերին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո ողջ գործընթացը տեղափոխվելու է խորհրդարան. «Մենք կարծում ենք, որ այդ աշխատանքների կոորդինացիան կարող է անել ԱԺ-ի եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը»: Ֆյուլեի այդ խոսքին հավանություն է տվել նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պրայան Հրիսթեան: Սակայն, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ֆյուլեի այս հայտարարությունն ամենեւին էլ դուր չի եկել ՀՀ իշխանություններին, եւ հիմա նրանք սկսել են տարբեր փորձեր անել` այդ ձեռնարկը խափանելու համար: Բանն այն է, որ ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ից է` Նաիրա Զոհրաբյանը, այնինչ ՀՀԿ-ում ուզում են, որ կոորդինացնողի դերը ստանձնի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի ղեկավարը ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն է: «Ժողովուրդ»-ը փորձեց այդ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Նաիրա Զոհրաբյանից: Վերջինս, թեեւ չհերքեց այս լուրերը, սակայն ասաց, որ իրենք պայմանավորվածություն ունեն չբացահայտել հանդիպման մանրամասները, ուստի ինքը ոչինչ չի կարող ասել:




Լրահոս