Տուրիստը պոզով-պոչով չի լինում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Երեւանը ողողված է Իրանից ժամանած զբոսաշրջիկներով, որոնք Հայաստան են եկել իրենց ամենակարեւոր տոնը` Նովրուզը, նշելու (պարսիկների համար այս տոնը նույնն է, ինչ մեզ համար՝ Ամանորը): Թվում է` բանական մարդուն կարիք չկա բացատրելու, թե զբոսաշրջիկը պետության համար որքան կարեւոր գործոն է: Բայց բավական է դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ, որպեսզի համոզվենք, որ աշխարհի ամենահյուրասեր ժողովրդի տիտղոսին հավակնող մեր բնակչության մի զգալի մասը անհանդուրժող է օտարազգիների նկատմամբ:

Հատուկ փնթփնթան քաղաքացիների համար «Ժողովուրդ» օրաթերթը թվային տվյալներ կներկայացնի, որպեսզի հասկանալի լինի, որ ինչքան շատ մարդ գա Հայաստան, ինչքան զբոսաշրջիկների թիվը մեծանա, այնքան կօգտվի ՀՀ քաղաքացին:

Եւ այսպես՝ ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարի Հայաստան է եկել ավելի քան 144 հազար իրանցի զբոսաշրջիկ: Նրանցից 10-ից 15 հազարը հենց մարտի երրորդ տասնօրյակում է նախընտրում Հայաստան գալ: Տեղեկացնենք, որ միջին հաշվով իրանցի մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 800 դոլար, բայց Նովրուզը նշելու համար եկած զբոսաշրջիկների դեպքում այդ թիվը 1000-ից 1500 դոլար է կազմում:

Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով՝ մարտի վերջին տասնօրյակում իրանցի զբոսաշրջիկների այցելության հաշվին Հայաստանի տնտեսությունը ստանում մետ 20 մլն դոլարի «ներարկում»: Ուստի Հայաստանի ցանկացած բնակչի շահերից է բխում, որ հնարավորինս շատ զբոսաշրջիկ գա: Պետք չէ տուրիստներին վերաբերվել ինչպես պահի տակ շատ փող աշխատելու աղբյուրի: Նրանք պետք է գոհ լինեն յուրաքանչյուրիցս եւ կրկին ցանկանան վերադառնալ Հայաստան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս