ՎԱՐԴԱՆԻԿԸ ԾԵԾԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր գողական բարքերով հայտնի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ հենց դատարանում ծեծի է ենթարկել Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին:
Բանն այն է, որ Վ. Ղուկասյանը երեկ ներկայացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` գյումրեցի 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով ցուցմունք տալու համար: Ընդ որում, նա դատարան էր ներկայացել մեկ ժամ ուշացումով, մոտ 30-40-հոգանոց շքախմբով: Սկզբում Ղուկասյանը պահանջել է, որ լրագրողներին դատարանի դահլիճից դուրս հանեն. «Էս կամերա-բաները դո՛ւրս տարեք: Չնկարեք: Թող դուրս գան»: Սակայն պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի առարկություններից հետո նա տեղի է տվել, եւ լրագրողները կրկին վերադարձել են դահլիճ` հնարավորություն ստանալով լուսաբանել դատական նիստը: «Թող, թող գան գրեն, նկարեն էլ: Մեկ է, սրանք որ ուզեցին, գրելու են, պրծում չկա»,-ասել է Ղուկասյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հարազատները պատմեցին, որ Ղուկասյանը բավական անհարգալից է գտնվել` ցուցմունք տալիս իրենց հասցեին կոպիտ արտահայտվելով: Նա նաեւ ասել է, որ դատարանը կարող է հիմք ընդունել իր տված ցուցմունքները. «Կուզեք՝ դա՛ կարդացեք հիմա, մեկ է, ես ավելացնելու բան չունեմ, կամ եթե կուզեք, հարցե՛ր տվեք, պատասխանեմ»: Հետո հայտարարել է, որ ամբաստանյալի հայրը` Սամվել Սարգսյանը, ընդամենը մեկ անգամ է եղել իր աշխատասենյակում, եկել է խնամախոսության համար, բայց ինքը նրան «վռնդել է»: Երբ հերթը հասել է պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին պատասխանելուն, Ղուկասյանը, նրան «դեւ» հռչակելով, հայտարարել է. «Ես էս կնոջը չեմ պատասխանում: Եթե Քրեական օրենսգրքի մեջ ինչ-որ բան կա, պատրաստ եմ կրելու, բայց իրան չեմ պատասխանի»: Տեսնելով, որ փաստաբանը համառում է եւ շարունակում է հարց տալ, Ղուկասյանն ասել է, որ իր հարցաքննությունը կարող են ավարտված համարել եւ հիմք ընդունել նախաքննական մարմնին ասածները, սակայն վերջում փափկել է ու պատասխանել մի քանի հարցի:
Ինչպես պատմեցին Սարգսյանի հարազատները, ողջ դատական նիստն անցել է լարված պայմաններում. Ղուկասյանի հետ դատարան եկած շքախումբն էլ իր հերթին է դատական նիստի ողջ ընթացքում վիրավորական արտահայտություններ արել պաշտպանական կողմի հասցեին, պարբերաբար խանգարել նիստը, Ղուկասյանին ուղղված անցանկալի հարցերի դեպքում աղմուկ-աղաղակ բարձրացրել:
Սակայն շոուն այսքանով չի ավարտվել: Ամենայն հավանականությամբ, Ղուկասյանն իր շրջապատի հետ միասին ծանր է տարել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մոր` նախօրեին դատարանում արած հայտարարությունները, թե Վ. Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն է սպանել Կարեն Եսայանին: Եվ նա իրենց «հատուկ ոճով» երեկ որոշել էր «աննկատ չթողնել» կատարվածը: Ամբաստանյալի հարազատներից մեկը պատմեց, որ դուրս գալով նիստի դահլիճից՝ Ղուկասյանը եւ նրա շքախումբը հարձակվել են Սարգսյանի հոր՝ Սամվել Սարգսյանի վրա ու նրան ծեծի ենթարկել: «Մինչեւ մենք դուրս կգայինք դահլիճից, Վարդանիկի խումբը հարձակվել ու հարվածել է Սամվելին: Թե ով է եղել խփողը, չեմ տեսել: Բայց իրենք 30 հոգի էին: Սամվելի հագուստի վրա կոշիկի հետքեր կային, ճնշումը բարձրացել էր»,-ասաց մեր զրուցակիցը: Ուշագրավն այն է, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում Վ. Ղուկասյանը հայտարարել էր, թե ինքը ցանկանում է, որ պատժվեն իրական մեղավորները, եւ անմեղներն ազատության մեջ լինեն: Բայց, փաստորեն, Ղուկասյանը որոշել է անձամբ «արդարադատություն» իրականացնել:
Երեկ փաստաբան Լուսինե Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ արդեն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով փաստի առթիվ քրեական գործ հարուցել: «Տասն օրվա ընթացքում պետք է նյութեր նախապատրաստվեն` կա՛մ գործ հարուցեն, կա՛մ մերժեն հարուցումը»,-ասաց տիկին Սահակյանը: Նա նաեւ հայտնեց, որ Ղուկասյանն իր պաշտպանյալին ասել է. «Տե՛ս՝ զոներում ինչ կանեմ քեզ: Ծեծել կտամ»:
Հարությունի հորը՝ Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, երեկ՝ դեպքից հետո, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` սալջարդերով եւ սրտի հետ կապված խնդիրներով:
Վ. Ղուկասյանից թերեւս այլ բան դժվար էր ակնկալել, առավել եւս, երբ սա առաջին դեպքը չէ, որ Ղուկասյանը հայտնվում է նման սկանդալային պատմության կիզակետում: Գոնե նրան ծաղկավոր խալաթ հագցնեին:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս