ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
Հուլիսի 16-ից գործարկվելու են նոր արագաչափեր հետեւյալ վայրերում. 1. «Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով, 2. «Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ (Սարդարապատ գյուղի վարչական տարածք), 3. «Հ-15 Արմավիր-Արգավանդ-Մարգարա» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով:

«ՕՍԿԱՐ»-Ն ԱՅՆ ՉԷ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի  հրամանի հիման վրա «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակից, «Էկլեր» եւ «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենից 2013թ. հուլիսի 2-ին կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել է, որ «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին:

ՍԴ-Ն ԿԱՐՃԵՑ ՎԱՐՈՒՅԹԸ
Սահմանադրական դատարանը, ելնելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշել է կարճել գործի վարույթը:  Ր. Հովհաննիսյանը վիճարկում էր ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Դիմումատուն խնդրել էր ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 6-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով հնարավորություն է տալիս որպես ընտրական շտաբի ցուցանակ օգտագործել քարոզչական բնույթի պաստառները, այդ թվում՝ թեկնածուի անուն-ազգանունով եւ կարգախոսով:

ՋՐԻ ՎԻՇԱՊՆԵՐԸ
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կարծում է, որ ջրի շուկայում առկա խնդիրների պատճառը մրցակցության պակասն է. «Արթիկի տարածաշրջանում ոռոգման ջրի համար պայքար եւ անգամ ծեծկռտուքներ են լինում: Կան դեպքեր, երբ գյուղացու հողը պարզապես ճաքճքած է: Մի գյուղացու կամ ֆերմերի հողը լավ է ոռոգվում, մյուսինը՝ ոչ»: Բերբերյանի գնահատմամբ` իրավիճակը հնարավոր է բարելավել նաեւ կադրային փոփոխությունների միջոցով. «Մինչդեռ այժմ յուրաքանչյուր մարդ, կուսակցական քարտը գրպանը դրած, սողոսկում է այս համակարգ»:




Լրահոս